Ծնվել է 1917 թ. սեպտեմբերի 20-ին Այգեձոր գյուղում (Ղուլալի): 1921թ. զրկվել է հորից: 1927թ. ընդունվել է նույն գյուղի տարրական դպրոցը, որն էլ աստիճանաբար դարձավ միջնակարգ: Յոթերորդ դասարանը ավարտելուց հետո թողել է ուսումը տան տնտեսական գործերի պատճառով:
1937թ. նորից սկսել է հաճախել դպրոց յոթերորդ դասարանից, իսկ 1938 թվին ընդունվում է Կիրովաբադ քաղաքի Կլարա ցետկինի անվան ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկումը և այն փայլուն գնահատականներով, գերազանց դիպլոմով 1940թ. ավարտել և նույն թվին էլ նշանակվել է Չինարիի դպրոցի թվաբանության և հայոց լեզվի ուսուցիչ:
1941-1943թթ. ուս. տարում աշխատել է Այգեձորի և Արծվաբերդի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի, բնագիտության և ֆիզիկայի ուսուցիչ: 1943թ. մոբիլիզացիոն կարգով գործի է նշանակվել Շամշադինի շրջոկոմում որպես ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ մինչև 1946թ.:
Այդ նույն թվին ուղարկել են սովորելու կենտկոմին կից Կուսակցական դպրոցում, որն էլ ավարտել է նույնպես գերազանց դիպլոմով:
1947թ/ Կենտրոնական Կոմիտեն գործուղել է Ազիզբեկովի շրջան որպես շրջկոմի երրորդ քարտուղար, բայց նա դրանից հրաժարվում է՝ մորը մենակ չթողնելու պատճառով:
Դրա պատճառով նշանակվում է Չինարի գյուղի դպրոցի տնօրեն 1948-1954թթ.: Չինարիում տնօրենի պաշտոնի հետ համատեղել է նաև Կոլտնտեսության կուսակցության կազմակերպության քարտուղարի աշխատանքը:
1952թ. էքստեռնի կարգով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
Բնակարան կառուցելու նպատակով դիմում է գրում և աշխատանքից հեռանում (Չինարիից) և տեղափոխվում է Այգեձոր: Անցնում է աշխատանքի որպես պատմության ուսուցիչ և գիշերային դպրոցի տնօրեն: Քսան տարուց ի վեր տարբեր տեղերում եղել է Կուսակցական կազմակերպության քարտուղար:
«Գիտելիք» ընկերության հիմնադիր- կազմակերպության անդամ, նաև դասախոս-պրոպագանդիստ էր:
Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով, «Գիտելիք» հանրապետական ընկերության պատվոգրով ու ժամացույցով, «Կովկասի պաշտպանության», «Հայրենական պատերազմի հաղթանակի» և «Աշխատանքի վետերանի» մեդալներով:
Գրել է Շամշադինի պատմությունը «Տավուշ» վերնագրով, ափսոս ինքը չտեսավ, որ ամբողջ մարզը վերանվանվեց Տավուշի մարզի:
Գրել է Տավուշի պատմական հուշարձանների մասին և մի շարք բարձրարժեք հոդվածներ, որոնցից նշենք մի քանիսը՝ «Խորանաշատ վանքի ու նրա գործիչների մասին», «Հնությունների պաշտպանության և հնապաշտպանության տախտակների տեղադրումը», «Շամշադինի պարտիզանները 41-45թթ.», «Ստեփան Շահումյան», «Պատմական ակնարկ Շուլավերի և Շամշադինի տոհմակցական կապերի մասին:
Ինքը շատ էր պարծենում իր ձեռով կառուցած գեղեցիկ քարեպատ տնով ։
1971թ. հրատարակվեց «Գրիգոր Մանուչարյանի պարտիզանական ջոկատը» վերնագրով աշխատությունը:
Գրել է նաև «Այգեձորի պատմությունը», որը շատ կարևոր և նշանակալից է Այգեձորցիների համար, իսկ որ շատ կարևոր է մեզ համար՝ Սավրեցիններիս համար գրել է «Սավրունց տոհմի պատմության» առաջին գիրքը:
1978թ. անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է աշխատել դպրոցում:
Ամուսնացել է 1943թ. Քարտաշյան Արաքսիայի հետ: Արաքսիան ուներ մանկավարժական կրթություն, աշխատել է որպես ուսուցչուհի:
Ունեն չորս տղա՝ Մարսելը, Կարապետը, Ռուբենը և Արծրունը, և մեկ աղջիկ՝ Աստղիկը(Ասյան):Աստղիկը ամուսնացած էր Կիզողյան Էդիկի հետ, ունեն երեխաններ։ Ասյան մահացավ քաղծկեղից 200?թ։
Արտակ Տ.Գ. ապրեց 75 տարի: Հասուն տարիքից ապրել է հարուստ իրադարձություններով երկար և երջանիկ կյանք:
Արտակ ամին մահացել է 1992թ. հոկտեմբերի 11-ին: Տիկին Արաքսիան մահացել է 1999թ. փետրվարի 11-ին:Արտակ Տ. Գրիգորյանի, Տիկին Արաքսյաի և իրենց թոռան Վիգենի դիերը հանգչում են գյուղի չորրորդ գերեզմանատանը՝ Ախնջի գետի ձախակողմյան այգիների վերին մասում:
Ողորմի ասենք բոլորին և միշտ հիշենք և վառ պահենք նրանց պայծառ հիշատակը: