Ծնվել է 1892թ. Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղում աշխատավոր միջակ գյուղացու ընտանիքում, մեռել է 1974թ. մարտի 22-ին՝ քաղցկեղ հիվանդությունից։
Ամուսնացած էր Բիլունց Հանեսի աղջիկ Վարսենիկի հետ, ուներ երեք տղա և մեկ աղջիկ։
Տղաներից Հովհաննեսը, որին միաժամանակ «Համփա» էին կոչում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և զոհվել ռամաճակատում։
Նորիկը ունի բարձրագույն կրթություն և աշխատում է գյուղում որպես զոտեխնիկ, ամուսնացած է Սուլունց Համբարձումի աղջիկ Զարիկի հետ, ունի երկու տղա մեկ աղջիկ։
Ալբերտը ամուսնացած էր Չորաթանցի Նազան Ուդումյանի աղջիկ Ոսկու հետ, ուներ երեք տղա և մեկ աղջիկ։ Աղջիկ Սեդան՝ ամուսնացած է Ղարսայան Գրիգորի տղա Իվանի հետ, ունեն երեխաներ։
Համփան մասնակցել է շատ ճակատամարտերի և 1943թ. զոհվել է։
Նա երիտասարդ է հեռացել այս լուսավոր աշխարհից, այն էլ ամուրի։
Հիշենք նրան բոլորիս սրտում ու բոլորիս տանը։ Ալբերտը ևս երիտասարդ հասակում մահացավ, այն հիվանդությունից, որից վախճանվեց իր հայրը։
Նա ի ծնե համր էր, բայց նրա ծնողները նրան փոքր հասակից սովորելու էին ուղարկել Երևան համապատասխան դպրոց, որտեղ նա սովորել էր և՛ գրաճանաչություն, և՛ կոշկակարի արհեստ ու աշխատանքի անցել գյուղում։
Նա բարի և խելացի անձ էր։
Կինը հավատարիմ և աշխատասեր անձ է, ամուսնու մահից հետո նամուսով պահեց երեխաներին և դպրոց ուղարկեց միջնակարգն ավարտելու նպատակով։
Սմբաթը ապրում էր նրա հետ միասին՝ իր հայրական տանը։ Տղայի մահը՝ 1976թ. շատ ազդեց նաև Վարսենիկի վրա և նա էլ հիվանդացավ ու 1979 թվ. մարտին մահացավ։
Սումբաթը և Վարսենիկը իրար նկատմամբ շատ հավատարիմ ամուսիններ էին։
Սումբաթը երիտասարդ հասակում անասնապահություն է արել՝ սարերում ու բինաներում, սիրել է այդ, ապա հողագործական աշխատանքը և մինչև կյանքի վերջն էլ չի կտրվել բինաներից ու անասնապահությունից։
Նա ծառայել է ցարական բանակում և մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, կռվել է Հարավ արևմտյան ռազմաճակատում՝ ավստրո-գերմանական զորքերի դեմ, սակայն ընկնելով իր զորամասի հետ շրջապատման մեջ՝ գերի է տարվել ավստրիացիների կողմից, որն Ավստրիայում իր համագյուղացի զինվոր ընկերների հետ միասին մնացել է մոտ երեք տարի ու 1917թ. Փետրվարյան Բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո ազատվել ու վերադարձել հայրենի գյուղ, ամուսնացել Բիլյան Վարսենիկի հետ։
Նա Ավստրիայում գերության մեջ եղած ժամանակ ամուսնացել է մի կնոջ հետ այն կնոջ, որին որպես գերվածներ բատրակ են տվել իշխանությունները։
Այդ կնոջ ամուսինը ռազմաճակատում զոհվել էր, առիթը օգտագործելով երիտասարդ Սմբատին գրավել և հետը ամուսնացել է, Սմբաթն էլ գլուխը պահելու համար ստիպված չի առարկել։
Ապրելով երեք տարի նրա տանը ունեցել են երկու տղա զավակներ։
Նա մեծ սիրով է բաժանվել նրանից ու ներման դեկրետով տեղափոխվել իր ծննդավայր Ղալալու գյուղ։
Այդ բարի կինը շատ է աշխատել համոզել, որ նա մնա իր մոտ, սակայն չի հաջողվել հայրենիքի սերը, ծնողների ու հարազատների կարոտը ուժեղ ձգել են նրան։
Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ կինը շատ մեծ հարգանքով ու սիրով է ճանապարհել Սմբաթին, Գյուղից քսան կիլոմետր ֆուրգոնով կողք-կողքի նստած իրար փաթաթվելով (ինչպես պատմում էր Սումբաթ ամին) հասել են երկաթուղու կայարան և երեխաներին կարոտ ու կնոջից բաժանվել է շռայլ համբույրներով։
Անցել էին շատ տարիներ, բայց մեր ամին երբեք և ոչ մի ժամ անգամ մտքից չէր հանել նրանց ու մի տեսակ խղճահարվում էր, մեղավորի պես զգում իրեն, որ ինչու այդպես ստացվեց ու միշտ ասում էր, որ հնար էր եղել, նրան էլ կբերեի հետս, կռիվ էր ու այդպիսի հնարավորություն չկար, ամեն մեկն իր գլուխն էր ազատում։
Այդ կնոջ պատվիրանն է եղել, որ խաղաղությունից հետո հանդիպի, սակայն այդ բաժանումից հետո ոչ մի տեղեկություն չեն իմացել իրարից։
Ինքը սովորել էր ավստրիական խոսակցական լեզուն և այնտեղից եկած իր հինգ համագյուղացիների հետ ազատ զրույց էր անում։
Նա ոչ մի կուսակցության անդամ չի եղել, կիսագրագետ, համեստ, իր հալալ քրտինքով ու աշխատանքով ապրող մարդ էր։
Չի եղել մի օր, որ նա աշխատանքի չգնա՝ թե՛ կոլտնտեսության համար և թե՛ իր համար։
Շատ բարի, հարևանասեր, բարեկամասեր, ընկերասեր ու լավ բնավորություն ուներ, այդ լավ հատկանիշներով օժտված էր նաև կինը։
Սմբաթը կարծես հոգնել չգիտեր։
Գործի գնալիս, գիշերվա ժամին, թե ցերեկը հացը գրպանից չէր գցում, բացի խուրջինումը դրածը։
Նա այդ ուտելով էր գնում ամբողջ ճանապարհը։
Նա վերջին տարիներին իր կնոջ հետ միասին տարվա մեծ մասը բնակվում էր Վայիթ բինայում, իսկ առաջներում նաև «Ճղոպրուտ» բինայում։
Պահում էր մեկից երկու կով և մի քանի մանր եղջյուրավոր անասուններ, շուն և զենք չէր պահում, ինքը անշառ, անվնասատու մարդ էր։
Պատահում էր երեք ամիս մեն-մենակ մնում էր բինայում, պահում իր անասունները, օգտվում հանդի քոլի բարիքից, ուրախանում լավ ազգականներով, բնության սիրահար էր նա։
Պարծենում էր ամենաչնչին վեճերի մեջ իր բարեկամների ու ազգականների «հաղթանակով», գրագետ մարդկանցով, ազգի նախնիներով և այլն։
Նա շատ հետաքրքրասեր մարդ էր, բեխ ու միրուք չէր պահում, միջահասակ, միջին գիրությամբ, դեռ մի քիչ էլ պակաս դանդաղաքայլ, սիրուն, առողջ ու եռանդոտ մարդ էր։
Խափելը, գռփելը հեռու էին նրանից։
Հայհոյելն էլ չէր սիրում։
Նրա գործածական հայհոյանքն էր. «Այ քո ծծած ծիծը չորանա»։
Նրա կնոջ և որդու՝ Ալբերթի դիերը հանգչում են գյուղի ըստ հնից եկած ժամանակի հաշվով չորրորդ գերեզմանատանը՝ Ախնջի գետի ձախակողմյան այգիների վերին մասում։
Վրաները դրված է կապույտ բազալտյա տապանաքար հետևյալ արձանագրությամբ.
ՍՈՒՄԲԱԹ ՎԱՆԵՍԻ ՎԱՐՍԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
1892-1974թթ. 1902-1979թթ.
ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
ԱԼԲԵՐՏ ՍՄԲԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1936-1976թթ.