Ծնվել է Ղալալու գյուղում, զոհվել է գյուղում իր հարևանի գնդակից։
Եղել է մեծ ռիսկի տեր, առույգ մարդ, կրել է զենք, երգող ու լավ պարող անձ, նվագող ու վարպետ կոշկակար, նա ծառայել է բանակում, գյուղ վերադառնալուց հետո գնացել է արդյունաբերական Բաքու քաղաք բանվոր է եղել, այդտեղ է 3 ամսում սովորել կոշկակարի արհեստը և 1920թ․ եկել գյուղ, հետո տեղափոխվել Գրոզնի քաղաք՝ աշխատել է այնտեղ որպես կոշկակար, այնտեղ էլ սիրահարվում է Գրոզնիում ապրող Բանանց գյուղացու աղջիկ Մագթաղի հետ, որն այնտեղ ապրում էր իր քրոջ՝ Սապետի հետ միասին։
Քույրը կողմնակից չէր, որ իր կրտսեր քույրն ամուսնանա Գրիգորի հետ, որի պատճառով նա փախցրեց նրան և բերեց գյուղ։
Ամուսնության երկրորդ տարում ծնվեց առաջնեկ զավակը՝ աղջիկ, անունը դրեցին Զարուհի։
Ծննդից տարիուկես անցնելուց հետո, մոր մոտ թողնում է կնոջն ու երեխային և գնում Գյանջա քաղաք աշխատանքի։
Այնտեղ նա ծուռ ճանապարհով կապվում է մի կնոջ հետ՝ որպես սիրեկանի (ըստ մեզ հասած տեղեկության՝ մի աղջկա հետ) և աստիճանաբար իր կապը թուլացնում գյուղում թողած իր ընտանիքի հետ։
Մայրը այդ լուրը լսելուց հետո հարսին ու երեխային վերցնում է ու գնում Գրիգորի մոտ, այնտեղ տուն վարձում, Գրիգորին պարսավում, խոստում վերցնում, տեղավորում և վերադառնում տուն (գյուղ)։
Գրիգորի մայրը Չինարի գյուղաբնակ Նաշտարանց՝ Պետրոսյանների աղջիկ էր, անունն Աննման։
Մորը գյուղ ճանապարհելուց հետո, մեկ ամիս անց, կնոջն ու երեխային տեղափոխում է Բանանց գյուղ, թողնում ծնողների մոտ, ինքը վերադառնում քաղաք և կրկին շարունակում իր անվայել ճանապարհը, այդ 1921թ․ էր։
Մի օր էլ երբ գիշերվա կեսին վերադառնում էր սիրեկանի մոտից, որի տունը Թազա-շենի մեծ գերեզմանոցից քիչ էր հեռու, իսկ իրենը քաղաքի կենտրոնումն էր, մի անհայտ անձ գերեզմանուտից նրա թիկունքից կրակում է և թիակից վիրավորում, սա իրեն նետում է մի տապանաքարի հետև ու փրկվում երկրորդ գնդակից, կրակողը համոզվելով, որ նա կենդանի չէ, էլ չի հետապնդում։
Ամբողջ գիշերը արյունաքամվելով ու տանջվելով մնում է այնտեղ, առավոտյան պատահական անցորդները նկատելով վիրավորին տեղափոխում են հիվանդանոց։
Բուժվելուց հետո մայրը նրան բերել է տալիս Ղուլալի գյուղ։ Որոշ ժամանակ մնալուց հետո մի ինչ որ հարցով մոր հետ վեճի է բռնվում ու խիստ բորբոքված վիճակում հրացանից կրակում և սպանում է մորը ու փախչում ընկնում անտառները։
Մեր ազգականները մի օր մի խնջույք են կազմակերպում, որ նրան համոզեն ու անձնեն օրենքի դատին։
Նրա մոտ են ուղարկում մեր Մուխի ամուն, սակայն Գրիգորը մոտ չի գալիս, ասում է․ «Դուք հեռու մնացեք, ես կգնամ կհանձնվեմ»։
Նա զինված հրացանով, ատրճանակով և խենջարով միայնակ գնում է շրջկենտրոն՝ Բերդ գյուղ, գետի ափին թաքցնում զենքն ու փամփուշտակալը, հանգիստ հասնում միլիցիայի գրասենյակ։
Ներկայանալով նրանց (միլպետին) ասում է․ «Ես եմ Գրիգորը, որին դուք որոնում էիք»։
Նրան անմիջապես նետում են նույն շենքում առանձնացված բանտախցիկը։
Այդ խցիկը գտնվում էր շենքի երկրորդ հարկում, այնտեղ էին պահում ամենավտանգավոր հանցագործներին։
Երկու օրից հետո, նույն խցիկում բանտարկված երկու ուրիշ բանտարկյաների հետ զրուցելիս ասում է․ «Տղերք, իմ բանտում մնալու ժամկետը լրացել է, ես այսօր գնում եմ, եթե որևէ բան ունեք ասեք, ձեր գյուղով եմ անցնելու, տեղաց կանեմ ձեր ասելիքը»։
Նրանք զարմանում են դրա ասածից և ոչնչի տեղ դնում։
Այդ միտքը նրանց ասելուց հետո, նա ծեծում է դուռը, պահակին հայտնում, որ բնական պահանջ ունի, թույլ տան իրեն զուգարան։
Պահակը բացում է կողպած դուռը, Գրիգորը դուրս է գալիս, մի վարկյան կանգնում պահակի մոտ, որը սկսում է դուռը կողպել, որ մյուսներից ապահով լինի, Գրիգորը երկրորդ հարկից թռչում է և գեր ճարպկությամբ փախուստի դիմում։
Նրա հետևից վազում ու կրակում են վեց-յոթ միլիցիոներ, բայց չի հաջողվում խփել կամ բռնել նրան։
Երբ անցնում է գետը, անմիջապես իր զենքերը վերցնում է դիրքավորվում, կրակում իրեն հետապնդողների վրա, սարսափի մեջ գցում նրանց ու անվնաս փախչում հասնում գյուղ։
Հետագայում ոչ ոք չի հետապնդում նրան, նույնիսկ միլպետը հրամայում է ձեռք չտալ նրան, քանի որ նա ազնվորեն եկավ հանձնվեց և քաջի նման հեռացավ մեր ձեռքից։
Բայց Գրիգորը դարձյալ զգույշ էր մնում օրենքից, բայց չէր զգում, որ իր կյանքը վտանգում է հարևաններից։
Հարևան Միխայիլ Հայրապետի Մակինյանը Գրիգորին իբրև օրենքից թաքցնելու նպատակով թաքցրել էր իր տան մոտ գոմում և հետևում էր, որ ձեռք տվող չլինի, սակայն չար լեզուներն ու վատ տրամադրված մարդիկ դավեր նյութեցին և Միխայելին խիստ կշտամբեցին՝ նրան թաքցնելու համար և նույնիսկ նրան կասկածի տակ գցեցին, որ Գրիգորը կապ ունի Միխայելի կնոջ հետ։
Դրանից հետո դրականը փոխվեց բացասական վերաբերմունքի։
1922թ․ գարնանը Գրիգորը սպանվում է՝ թե ու՞մ ձեռքով և ի՞նչ ձևով, առ այսօր էլ որոշակի և հաստատ չէ, չնայած նրա սպանման պահին դեպքի վայրում են եղել երկու նորահարս անձիք՝ Հուռում Հակոբի (Նանագյուլի աղջիկը) և Թամամ Վարդանի Կիզողյանները, որոնք վախենալով սպանողից, առ այսօր ոչինչ չեն ասել այդ մասին, նրանք այդ պահին «հանդ» էին գնացել՝ սինդրեկ և խազազ քաղելու։
Դեպքը կատարվել է հետևյալ կերպ․ Միխայելը Գրիգորին ասել է արի գնանք սարը լոբի կտրելու, Գրիգորը սովորականի պես հրացանն ու ատրճանակը վերցրել է ու անկասկածելի հետը գնացել Գոմեր թաղամասի, որտեղ իրենց տներն են, վերին մասի Երգևանից կոչվող բարձրադիր լեռան գագաթը։
Այնտեղ Միխայելը Գրիգորին ասել է․ «Հրացանդ ծառի տակ թող, ինչու՞ ես իզուր հետդ ման ածում, թող մնա գնանք կտրած սարին բերենք, վերջացնենք, հետո կվերցնես գնալու ժամանակ»։
Նա միամտաբար և վստահ նրա անդավաճան լինելու վրա, լսել է նրան ու հրացանը ծառի բնի մոտ կախել ու հետևից գնացել սարին բերելու։
Տեղափոխելու ժամանակ Միխայելը քիչ ուշանում է և 30-40 քայլի հեռավորության վրա հետ ընկնում, Գրիգորը շատ ծանր վիրավորվում է և շտապ իր ատրճանակով կրակ բաց անում, բայց վրիպում է։
Նա շատ թախանձագին և աղերսալի խնդրում է այդ կանանց, որ մոտենան ու օգնեն, սակայն այդ անխիղճները չեն մոտենում և անօգնական ու խաբված արյունաքամ լինելով զոհվում է նա։
Այդ պահին նույնիսկ չեն մոտենում ոչ իրեն այդտեղ տանողը, ոչ էլ նրա կողմից այնտեղ դարանում թաքցրած Պ․Ո․։
Քաջ Գրիգորի դին տեղափոխում են և հողին հանձնում գյուղի արևելյան լանջի գերեզմանոցում։
Նրա շիրիմաքարի վրա գրված է․
«ԳՐԻԳՈՐՆ ԵՄ ԱՆԲԱԽՏ, ՄՏԱ ՀՈՂԸ ԱՆՎԱԽՏ
ՍՊԱՆԵՑԻ ՄՈՐՍ ՀԱՐԱԶԱՏ, ԶՈՀ ԳՆԱՑԻ
ԱՆՊԱՐՏ» 1933թ․ ապրիլ։
Գրիգորի սպանությունը որոշ մարդիկ բարդեցին Պատվական Որսկանյանի վրա, ոմանք էլ՝ Բադալ Ա․ Գրիգորյանի վրա։
Երեքից ո՞րն է, ինքդ դատիր ընթերցող։
Եթե նրանք էլ արած լինեն, միևնույն է, դրա հեղինակը մնում է առաջինը, իսկ հիմնական պատճառը խառնակիչ ու նենգ ինտրիգաներն ու անհիմն բամբասանքները, որոնք տարածվել էին Գրիգորի շուրջը նրա հակառակորդների կողմից, այն էլ կանացի հողի վրա, որն առաջացավ նրա քաջ ռիսկի ու արտակարգ շնորհքի նկատմամբ չարակամորեն նախանձողների բանսարկության հետևանքով։
Նրան համակրում էին ահել ու ջահել հարսներ, հարևաններ և ընկերներ՝ նրա լավ շնորհքի համար։
Ճիշտ է նաև այն, որ նա ուներ նաև սխալ քայլեր, բայց ոչ անուղղելի, ոչ այնպիսին, որ տեղիք տար այդքան դաժան սպանության։
Բայց հարց կծագի, թե որ նրա մոտի անձիք քար լռությամբ հրաժարվել են այդ մասին որևէ բան հաղորդելուց, բա ինչպե՞ս է այսքան տեղեկությունները հասել մեզ։
Այդ բոլորը միանգամից չի հասել շատերին, այլ քիչ-քիչ և միայն այդ կանանց ծերանալու տարիներին նրանք հատ ու կենտ զրույցների ժամանակ արծարծել են և այդպես էլ այս հակիրճ տեղեկությունները հասել է մեզ։
Մենք գրի առնելով չենք սերմանում և քարոզում թշնամանք այդ շղարշապատ ու մշուշապատ դեպքերին ականատես և թաքցնողների նկատմամբ, ինչպես նաև նրա սպանությունը կազմակերպողի ու իրականացնողի նկատմամբ, բայց զգուշացնում ենք մեր ժառանգող սերունդներին, որ ամեն քայլափոխման լինեք զգայուն, զգույշ, հեռատես և կայուն։
Նրանց ժառանգող սերունդը պատասխանատու չէ նախնիների արաքի համար և կարիք չկա, որ ամեն տեղ արծարծվի այս կատարվածի մասին։
Ժամանակները փոխվել են, ժամանակիս հետ պետք է քայլել, որովհետև ԿՅԱՆՔԸ մեկ անգամ է տրվում մարդուն, ուստի այն պետք է լավ պահպանել, ոչ թե թշնամանք, այլ բարեկամություն ստեղծենք, սիրով ու խաղաղ ապրենք։
Պարզ է, որ եթե Գրիգորը հինգ րոպե ապրեր վիրավորելուց հետո, նա իր ռիսկով ու արյունաթաթախ ձեռքերով վրեժ կլուծեր իր այդ անարգ ու վախկոտ թշնամուց, որ նրան այդ եղանակով խափեց ու կարոտ թողեց իր միակ որդուն ու լույս աշխարհին։
Ողորմի տանք նրան և միշտ հիշենք նրան։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Գրիգորի կինն ու աղջիկը մինչև 1930-ական թվերը ապրել են Կիրովաբադ քաղաքում, որոնց մասին ստույգ տեղեկություններ է տվել մեր Մամիկոնի մայր Վարդանուշը, որը 1973թ․ դեռևս կենդանի էր և ապրում էր Բադա գյուղում։
Նա հիշում էր, որ Գրիգորի աղջիկ Զարուհին ամուսնացել էր Խանլարի շրջանի Գետաշեն գյուղի մի բնակչի հետ և աշխատում էր որպես ուսուցչուհի։
Սակայն դրանից հետո նրա մասին մեզ ոչինչ հայտնի չէ։
Ես մի քանի տարի որոնումներ կատարեցի նրան հայտնաբերելու ուղղությամբ, բայց առ օրս ոչ մի տեղեկություն չեմ հայտնաբերել և այժմ էլ հետաքրքրվում եմ այդ հարցով։
Գրիգորի տապանաքարի առաջին էջը գրելուց հետո մոռացել եմ գրել նաև քարի մյուս էջի արձանագրությունը։ Այժմ զետեղում եմ երկրորդ էջինը։
ՁԵՐ ԳԻՐԿՆ ԸՆԴՈՒՆԵՑԵՔ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, ՄԱՅՐԻԿ,
ՀԱՅՐԻԿ, ԴԱՎԻԹ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ, ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ
ԵՂԲԱՅՐՆԵՐ 25 ԱՄՅԱՑ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵ-
ՑԻ 1922 ԹՎԻ ԱՊՐԻԼԻՆ, ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԸ․․․
ՎԵՐՋ ՏՎԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԻՆ։