Ծնվել է Ելիզավետապոլի (Կիրովաբադի) նահանգի Շամշադին գավառի Ղուլալի, այժմ Այգեձոր գյուղում անտառապահի ընտանիքում, մահացել է հայրենի գյուղում, քաղցկեղ հիվանդությունից և թաղված է գյուղի արևելյան լանջի գերեզմանատանը։
Նա միջին գրագիտության աստիճանի անձ էր, երիտասարդ տարիներին երկար ժամանակ եղել է անասնապահ հոր օջախում՝ հայրենի զովասուն սարերում ու գեղատեսիլ բինաներում։
16 տարեկանում մտել է կոմերիտմիության մեջ և ակտիվորեն մասնակցել գյուղի հասարակական ու կուլտուրական միջոցառումներին ու գյուղի վերափոխմանը։ Նա չարքաշ մշակություն էր անում ոչ միայն գյուղում, այլև Ադրբեջանում՝ Դալլար կայարանի և Շամքորի տեղաբնակ գերմանացիների այգիներում:
Ծառայել է Կարմիր բանակում, որից հետո տեղափոխվել է Կիրովաբադ քաղաք և մինչև կյանքի վերջը աշխատել այնտեղ որպես մալյար վարպետ, այն էլ շատ անվանի ու ճանաչված ամբողջ քաղաքում։
Շամխորում աշխատած տարիներին ամուսնանում է Շարմաղ անունով մի կնոջ հետ, որն առաջին ամուսնուց ուներ երկու տղա, սակայն նա իր առույգ ու երիտասարդ լինելու քողի տակ թաքցրել էր այդ փաստը և ամուսնացել, սակայն երբ բացվում է այդ գաղտնիքը, կարծես Իվան ամին փոշմանում է, որով էլ աստիճանաբար սառչում է դրանց սիրո հարաբերությունները, իրարից բաժանվում են, չնայած Շարմաղը անկեղծ նվիրվածություն ուներ դեպի ամուսինն ու նրա ազգականները։
Մինչև 1965թ․ էլ նա կապ էր պահպանում Իվանի բարեկամների հետ։ Շարմաղից Իվանը ունենում է մեկ զավակ, որի անունը կնքում է Գրետա, որն էլ մնացել է Իվանի միակ ժառանգությունը և հիշատակը այս լույս աշխարհում։
Նրա նկատմամբ հայրը եղել է շատ հոգատար, բայց ոչ հետևողական, որն ինքնագլուխ ամուսնացավ, ունի զավակներ և ապրում է Կիրովաբադ քաղաքում։
Շարմաղի հետ կապերը խզելուց հետո Իվանն ամուսնացավ Ելենա Մակյանի հետ (Մուղդուսի աղջկա հետ), որից ոչ մի երեխա չունեցավ այդ կնոջ անհամաձայն ու անհեռատես վարմունքի պատճառով։
Նրանից ոչ թե Իվանը բաժանվեց, այլ այդ կինը, որը արդեն Իվանի շնորհիվ մեծացրել էր զավակներին և էլ չէր զգում ամուսնու կարիքը։
Նրանից հետո ամին ամուսնացավ Սուլունց Սարգսի աղջիկ ԱՍՏՂԻԿԻ հետ, որից էլ զավակ չունեցավ։
Ապրելով նրա հետ մոտ 15 տարի, Իվանը վախճանվեց, իսկ Աստղիկը իր առաջվա ամուսնուց ունեցած տղայի՝ Արտուշի հետ ապրում էր Կիրովաբադում, սակայն նա էլ ամուսնու մահից 13 տարի հետո վախճանվեց և թաղվեց նրա կողքին։
Իվանը պետությունից ստացած տունը մահից առաջ կտակեց մինչև վերջ իրեն հավատարիմ մնացած Աստղիկին։
Իվանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և հաջող վերադարձել տուն։
Նա մտավ Կոմ․ կուսակցության շարքերը, բայց պատերազմ գնալիս անհետևանք մնաց, հետո էլ վերականգնվեց։
Իվան Գրիգորյանը վերին աստիճանի հետաքրքրասեր մարդ էր, թե՛ քաղաքական հարցերի և թե՛ ներքին հարցերի նկատմամբ, ընթերցասեր էր, կուլտուրական, նորի երկրպագու, կուլտուրայի սիրահար։
Բնավորությամբ բարի էր, նրբազգաց, հոգատար, խաբել չէր սիրում, ճշտապահ էր, ընկերասեր, բարեկամասեր ու շատ ազգասեր, հիանում ու ուրախանում էր ազգի տղաներով, նախնիների քաջագործություններով ու լավ գործերով, համեստ ու ազնիվ մարդ էր, դժվար թե պատահեր դեպք, որ շրջանից կամ գյուղից Կիրովաբադում որևէ անձ տեսներ ու նրան տուն չհրավիրեր կամ չհյուրասիրեր, չճանապարհեր և այլն։
Նա հիանում էր, որ իր ազգի տղաները լավ են սովորում, Բարձրագույն կրթություն են ստացել և աչքի են ընկնում հասարակության մեջ։
Նա միշտ խորհուրդ էր տալիս, որ մենք՝ երիտասարդներս շրջապատ ստեղծենք ու հարուստ լինենք մարդկանցով, որ կյանքում դժվարություններ չքաշենք։
Հասակով միջինից բարձր էր, գեղեցկադեմ, լայնաթիկունք, ժպտադեմ էր և խորաթափանց, միշտ հագնում էր մաքուր և գեղեցիկ։
Երբ գյուղ էր գալիս, այցելում էր բոլորիս տները, հարց ու փորձ անում հետո գնում։ 1939-46թթ․ ես, Կիրովաբադի ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկումում սովորելու տարիներին, մոտիկից զգացի նրա բարի հոգատարությունը իմ և բոլորի նկատմամբ։
Իրոք անգնահատելի մարդ էր, բայց ավաղ շուտ հեռացավ իր սիրելի ու հարգարժան հարազատներից։
Ողորմի ասենք նրան և միշտ հիշենք նրան։
Նա նաև շատ կատակասեր էր։
Մի անգամ Վայիթ բինայում Համազ և Սամվել ամիների հետ միասին տավարումը ժամանակ նկատում են, որ Միզունց ցուլը իր ուժով ավելի է արժանանում բինաչիների գովասանքին, որից էլ շատ պարծենում են Միզունց տղաները։
Իվան ամին ածիլով թրաշում է միզունց ցուլի պոչը և շնորհազրկում նրան, որպեսզի մերը (ցուլը) աչքի ընկնի, բայց այդ կատակը, որ շատ վիրավորական էր խիստ վեճի և կռվի առիթ դարձավ։
Նրանք չկարողացան պարզել, թե ով է այդպես արել, ստիպված այն համարելով կատակ, չգժտվեցին, բայց տարիներ հետո Իվան ամին հանձն առավ։
Իվանի բացասական կողմը նա էր, որ նա շատ դյուրահավատ էր, բաց էր և կայունություն չուներ դեպի կինը, հավատում էր և դրանով էլ նա մի քանիսի հետ ամուսնացավ, այժմ էլ օջախ չունի, առանձին և արու ժառանգող զավակ, չնայած մեր տոհմի օջախներն էլ նրանն են, բայց ոչ յուրովի։
Նա ժառանգի և ամուսնական հարցերում ոչ մեկիս խորհուրդ չլսեց։
Մնացած բոլոր հարցերում գերազանց դրական տիպար էր։
Հիվանդ ժամանակ վիրահատվեց Երևանում, որից հետո վեց ամիս կիսաանկողնային վիճակով ապրեց գյուղում ու վախճանվեց, նրա սիրտը առողջ էր լավ դիմադրեց տանջալից ցավերին, բայց անբուժելի էր։
Մեր ամբողջ ազգականները նրան հարգարժանավայել հուղարկավորեցին անդառնալի սև աշխարհ՝ սգալով նրա անժամանակ բաժանվելը այս լուսավոր աշխարհից։
Նրա տապանաքարի վրա գրված է հետևյալը․
ԻՎԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1907-1960թթ
ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍԻ ՍՈՒԼՅԱՆ
1916-1973թթ
Հիշատակ Վոլոդյաից, Մառից և Աստղիկից