Ծնվել, ապրել և վախճանվել է Ղուլալի գյուղում, ամուսնացած է եղել երկու անգամ։
Առաջին կինը եղել է Արսեն Բաբայանի քույրը, որը ծննդաբերելով Հայկազին, նույն ժամին էլ վախճանվել է։
Նորածնունդին մայալամիշ են արել հավի ձվով, երեխային մեծացրել և խնամել է Հայկազի բարի տատը։
Երկրորդ կինը եղել է Կիրովաբադցի, որի հետ նա մոտ 15 տարի ապրել է Գյանջայում, աշխատել է որպես խոհարար։
Հիասթափվելով քաղաքի կյանքից, վերադարձել է գյուղ, զբաղվել հողագործությամբ։
Նա կյանքի ամենաեռանդուն ժամանակում հիվանդացել է Տիֆ համաճարակ հիվանդությամբ և մահացել։
Նրա վերջին կնոջից ծնվել են երկու տղա Մամիկոնն ու Վարդանը, վերջինս կարմիր բանակում ծառայելու ժամանակ անզգուշության պատճառով գետում խեղդվել է։
Մամիկոն տղան ծանր պայմաններում ապրել է և այժմ շատ լավ ընտանիք ունի և վարում է լավ կյանք։
Նրա մայրը Վարդանուշը, ամուսնու մահից հետո որոշ ժամանակ անց ամուսնացել է Բադա գյուղի բնակիչի հետ, ունի զավակներ և 1973թ․ դեռ կենդանի է։
Նա միշտ էլ կենդանի կապ է պահպանել իր որդիներ Մամիկոնի և Հայկազի ընտանիքների ու անձամբ նրանց հետ, միշտ, թե՛ սրանց և թե՛ նրանց կողմից գնալ-գալ է եղել։
Այժմ էլ այդ կապը պահպանվում է նրա աղջիկների ու փեսաների միջոցով, որոնք ապրում են Հյուսիսային կողմի Դոնի Ռոստովի մոտ, նշենք, որ նրանք Բադայից քոչել են և ապրում են այնտեղ, իրենց հետ տարել են նաև իրենց մորը, քանի որ նրա ամուսինն էլ է մահացել։
Վարդանուշը մահացել է 1979թ․ Ռոստովում։
Դավիթի դին հանգչում է գյուղի կենտրոնում եղած գերեզմանոցում, բայց այն արդեն ամայացված է, ծածկված շենքերով։