Իսակը ծնվել է 1892թ․ Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում և վախճանվել է 1975թ․ փետրվարի 13-ին երեկոյան ժամը 9-ին։
Երկու անգամ ամուսնացել է։
Առաջին կինը եղել է Սաֆարանց Ալեքսանի աղջիկ Հայկանուշը, ամուսնությունը տեղի է ունեցել 1919թ․։
Հայկանուշից ունեցել է մեկ տղա, որի անունը Վազգեն են կնքել։
Նա ծանր պայմաններում է մեծացել, որովհետև շուտ է զրկվել մորից։
Տարրական կրթություն է ստացել, ապա հասնելով զորակոչի հասակ, մեկնել է Կարմիր բանակ, մասնակցել է 1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է ռազմաճակատում և ապաքինվելուց հետո պատերազմի ավարտումից հետո ամուսնացել է մի ռուս աղջկա հետ և բնակություն հաստատել Կուրսկ քաղաքում և այժմ էլ ապրում է այնտեղ, աշխատում է կապի բաժանմունքում։
Հայկանուշը ապրեց ընդամենը 21 տարի։ Նա վախճանվել է 1924թ․, իսկ 17 տարեկան է եղել, որ ամուսնացել է․ ողորմի նրան։
Նրա մահից հետո Իսակ Տեր Գրիգորյանն ամուսնացել է Ղրղի գյուղացի Սադուրանց (Բաբասյան) Միխայելի աղջիկ Գեղեցիկի հետ,սրանից ունեցել է երեք տղա և մեկ աղջիկ, բոլորն էլ այժմ ամուսնացած են և ունեն զավակներ։
Տղաներն են՝ Բաբկենը, Հրանտը և Սուրենը, աղջիկը Եվգեն անունով է, որն ամուսնացած է Բթունանց Մաթոսի տղա Մեխակի հետ, բնակվում է Երևանում։
Իսակը որակյալ ու հայտնի դերձակ էր։
Նա դպրոց չի գնացել, բայց ինքնակրթությամբ կարողացել է գրաճանաչ դառնալ։
Վարպետի մոտ է սովորել դերձակությունը, որից հետո աշխատել է Բաքու քաղաքում որպես վարպետ մինչև 1918թ․, ապա տեղափոխվել է գյուղ։
Բանակում չի ծառայել՝ թևը կոտրված լինելու պատճառով։
Հետագայում աշխատել է Թովուզ կայարանում՝ որպես դերձակ-ձևավորող ցեխի վարիչ տեղարդ կոմբինատում։
Նա սիրել է հայրենի բնաշխարհը, որսը, եղել է լավ որսկան և այժմ էլ շարունակում է։
Հրացանը նրա անբաժան ընկերն է եղել։
Գուցե շատ քիչ մարդ լինի, որ երիտասարդ ժամանակից մինչև այժմ (այս բառերը գրում եմ 1967թ․ մարտ ամսին), մոտ 60 տարի, իր հրացանը միշտ կրի իր աջ ուսին և օգտագործի։
Նա ոչ մի կուսակցության անդամ չի եղել, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի հասարակական ու տնտեսական աշխատանքներին, կյանքում ապրել է իր հալալ վաստակով, եղել է խորհրդատու, ապրել է միջակ, իսկ վերջում լավ պայմաններում։
Նրա հասակը բարձր էր, դեմքը թխագույն, դյուրագրգիռ, համարձակ ու ջղային մարդ էր ներվային հակումով։
Նամուսով հարգել ու պատվել գիտեր իր բարեկամներին ու հյուրերին, լավ քեֆ անել գիտեր, շատ գեղեցիկ ու հիանալի պարում էր:
Տունը գտնվում էր Սավրունց տնաշարի աջ մասում, բայց խիտ լինելու պատճառով նա այնտեղը թողեց ու տեղափոխվեց Վրթևանանց Մուսայելի, որտեղ որպես հոգևորդի բնակված էր իր եղբայր Սուրենը, տունը, գնեց այն, վրան կառուցեց երկրորդ հարկ և բնակվում է այնտեղ։
Այդ տան տեր Սուրենը պատերազմ էր գնացել, նրա կինն ու երեխաները հիմնականապես քոչել էին Էջմիածնի շրջանի Նեջռլու գյուղը։
Նրա հետ պատահել են մի շարք անակնկալ դեպքեր, որոնցից նշենք հետևյալ եղելությունը։
1916թ․ էր, Համաշխարհային առաջին պատերազմի կատաղի բախումների շրջանն։
Ցարական բանակից և՛ շատ դասալիքներ, և՛ արձակուրդ եկողներ (վիրավորներից) կային։
Մեր գյուղից էլ նույն կարգով մի քանի տղա էին եկել ու ընկերներով զինված մեկնել գյուղի սարը ման գալու, սիրած աղջկանց հանդիպելու համար։
Քոլ գոմեր կոչվող սարահանդում նրանք թիրախ են սարքում և կրակում նշանին խփելու համար։
Այդ կրակոցների ձայնը լսելով, հարևան ադրբեջանական ղշլաղների ավազակները որոշում են շտապ հասնել նրանց, շրջապատել և խլել զենքերը։
Կտրելով մոտ 15կմ տարածություն, թաքնված կարգով հետևում են, թե ուր են շարժվում նրանք։
Այդ տղաներից երկուսը գնում են «Պալախկուտ» սարը, իսկ ․․․․․․․․․․․․ Զատունց Վարթևանի տղա Սարգիսը, նոր նշված, իջնում են «Վայիթ» բինան, որտեղ էին նրա ծնողները։
Այդ օրը կիրակի է լինում, նախօրեին մեր Քիքի (Գրիգոր) պապը, Մակիչ ամին և Իսակ ամին Սավրունց «Ճղոպրուտ» Բինահանդում Գութանով վար անելիս են լինում։
Իրենք վերադառնում են գյուղ, որ հաց բերեն, իսկ Իսակին ուղարկում են Վայիթը, որ կաթնամթերք բերի երկուշաբթի օրը շարունակելու գութանավարը։
Իսակը Վայիթում հանդիպում է նորեկ զինվոր Սարգսին և շատ ուրախանում։
Իրիկնադեմ է լինում, երբ նրանք գալիս են բինան։
Այդ ժամանակ Սարգսի հայր Վարդևանը (Վարդանը) ասում է տղաներ գնացեք գետի ափը և պահեցեք «շորը», կխտարները գալու են լիզեն, եթե գան խփեք և բերեք վաղը կխտարի միս խորոված անենք, ուտենք, խմենք։
Նրանք լսում են և իջնում Վերին եկեղեցաձորի մոտով անցնող գետի և «ճղարա ղզովի» առվակի խառնուրդի մոտ, իրարից մոտ հիսուն մետր հեռու դիրք բռնում «շոր»-ի մոտ ու սպասում որսի գալուն։
Նախօրոք պայմանավորվում են, որ ում հրացանը սկզբից բացվի, ձայնի ուղղությամբ մյուս ընկերը շտապ գա, այդ նշան կլինի, որ որսը խփված է։
Սարգիսը պահում էր «Շերեզուտ»-ի ներքին մասի «շորը», իսկ Իսակը պահում էր «ճղարանց մատնի» մոտի շորը։
Այդ բաժանումը եղավ ճակատագրական և հավիտյան։
Ավազակները հետևելով իմացել էին նրանց տեղն ու երեքով մոտեցել Սարգսին ու կրակել սպանել նրան, վերցրել հրացանն ու մյուս իրերը, հանել հագուստն ու սապոգները և առաջ շարժվել դեպի Իսակի կողմը, որին հսկում էին իրենց երկու ավազակ ընկերները, բայց հարմար մոմենտ չգտնելով, նույն պահին չեն կարողացած լինում նրան էլ շարքից հանել։
Համաձայն պայմանի, Իսակը շտապ կարգով շարժվում է ընկերոջ կողմը, բայց հանդիպում է նրան սպանող ավազակներին՝ դեմ առ դեմ, վարկենաբար նկատում է, որ նրանց ձեռինը ընկերոջ սապոգներն են, առաջին իսկ նկատած վարկյանին թուրքերը երեքով կրակում են Իսակի վրա, բայց նա ճարպկորեն իրեն նետում է գետնի վրա ու անմիջապես կրակում ու սպանում նրանցից մեկին և այդ շփոթ պահին թաքնվում, դիրք բռնում, որ և՛ պաշտպանվի, և՛ նրանց կոտորի։
Բայց ավազակը ընկնելուց հետո նրանք էլ են փախուստի դիմում ու պահվում, որ Իսակին սպանեն։
Վրա է հասնում մութը, սկսվում է անձրևելը։
Մինչև գիշերվա կեսը Իսակը պահում է թուրքի դիակը, որ չտանեն, և ամենակարևորը, որ մոտենան, իր գործը տեսնի։
Նրանք էլ պահում են Իսակին, սակայն երկուստեք ոչ մի հաջողության չեն հասնում։
Իսակը որոշում է ինչպիսի դժվարին տանջանքով էլ լինի անտառային ծմակներով, այդ ահարկու խավար անձրևոտ գիշերը գյուղ հասնի և իմաց տա դեպքի մասին։
Նա Վերին Եկեղեցաձորի ձորակով, շատ զգույշ հասնում է «ճղոպրուտ» բինան, այնտեղ ոչ ոքի չգտնելով շարժվում է դեպի գյուղ։
Գյուղից յոթ կտրիչ տղաներ և Իսակը վաղ առավոտյան հասնում են դեպքի վայրը, Բինայից գալիս են նրա հայրը և ուրիշներ։
Երկու դիակներն էլ տեղափոխում են գյուղ, թուրքին թաղում են Բալասանի բալանում։
15 օրից հետո Ադրբեջանի Բոյուք ղշլաղից գալիս են Ղուլալի իրենց դիակը տանելու, որոնց մերոնք հայտնած են լինում նախօրոք Թովուզի պրիստավին (ռուս էր)։
Քննություն կատարվեց խիստ կարգով։
Որոշել էին փոխել տալ Իսակի ցուցմունքը, բայց չի հաջողվում։
Այդ օրերին Ստեփան ամին արձակուրդ էր եկել գյուղ կապիտանի կոչումով, որը լսելով քննիչի խարդախ փորձերի մասին, Իսակի հետ գնում է Թովուզ կայարան ու քննիչին խիստ սպառնալիք տալիս, վախեցնում, որ նրան ռազմաճակատ կքշի, վերջինս ներողություն է խնդրում և հիմնավորում իրական ցուցմունքը, ինչպես որ եղել է դեպքը։
Դիակը, մինչև հարցի պարզաբանումը մերոնք չէին տվել, հետո նրա մայրը մի քանի հարազատներով գալիս է տանում հողին հանձնում Փարզալիի գերեզմանատանը։
Սպանվածի պատանի եղբայր Մահմուդն էլ էր եկել թաղման ժամանակ։
Նա փեշի տակից պատյանից դուրս է հանում խենջարը (խանչալը) և հարձակվում չինարեցի մի հայ հովիվի՝ Սաղոյան Խաչատուրի վրա (Օրաղ չատու վրա), որ վրեժ լուծի։ Զատին իրեն չոմբաղով խփում է խենջարը ցած գցում։
Հետագայում սպանվածի երեք հանցակիցներին դատում են, բայց չի իմացվում, թե ինչ են որոշել որպես մեղադրանք, քանի որ վրեժը լուծված էր, հետաքրքրվող չկար, թերթ ու ռադիո չկար։
Պրիստավը, քննելուց հետո հայտարարել է, որ սպանվածը եղել է մի հողագործ գյուղացի, մի անգամ մեկի ձեռքի մի հրացան է տեսնում և իրենց գնած լծակներն ու սայլը վաճառում, գնում այդ հրացանը, մոր արգելքին նա պատասխանում է, որ ինքը մինչև տասն օրը չորս եզ էլ, լուծ ու սայլ էլ կբերի, բայց առաջին փորձն այդ է լինում։
Այն փոքրիկ Մահմուդը, ոխ պահելով, երիտասարդ հասակից սկսում է վրեժ լուծել հայերից, անասուններ գողանալ իր շայկայով և վերջը վերջով 1956թ․ Չինարի գյուղից ոչխարներ գողացավ ավագ անտառապահ Աշոտ Ալեքսանի Ջուլհակյանի գոմից։
Վերջինս մի քանի հոգով գողի հետքերով գնաց, կտրեց առաջը, բայց անհոգի սրիկան ատրճանակից կրակեց ու սպանեց Աշոտին, մահացու վիրավորեց Պավել Միրզոյանին՝ Աշոտի աներոջը։
Մահմուդը պատժվեց գնդակահարության։
Այս երևույթը վայել չէր երկու հարևան ժողովուրդներին, այն էլ մեր օրերում։
Այժմ էլ Իսակը ամեն անգամ հիշելով, մի տեսակ ակնածանքով է արտահայտում այդ դեպքի պատմությունը։
Այն ժամանակ որոշ մարդիկ դժվար էին հավատում, որ Սարգսին թուրքերն են սպանել, բայց ժողովուրդը լավ է ասել․ «Մեկ տեսածը լավ է, քան հազար լսածը»։
Դրանից հետո Իսակը դարձավ զոհված Սարգսի կենդանի եղբայրների, հատկապես Գալուստի եղբայրը և այժմ էլ նրանք շատ մտերիմ են։
Իսակը շատ մեծ հարված ստացավ, երբ 1972թ․ սեպտեմբերին, նրա տղա Հրանտը, կնոջ՝ Լավուրայի հետ միասին ավտոմեքենայի վթարով զոհվեց Նեջռլու գյուղում՝ թողնելով մեծ մղկիթ-կսկիծ և չորս մանկահաս աղջիկ որբացած, որոնց խնամքը կայուն կարգով ապահովեցին ծնողներն ու եղբայրները։
Հրանտը ծնված էր 1930թ․, իսկ կինը՝ որ իր իսկ մորաքրոջ աղջիկն էր, ծնված էր 1943թ․։
Իսակը մահացավ 1975թ․ փետրվարին, 83 տարեկան հասակում՝ կարճատև հիվանդությունից հետո։
Նրա դին հանգչում է գյուղի արևելյան (վերին) գերեզմանատանը, որի վրա դրված է մի համեստ բազալտե տապանաքար, վրան գրված հետևյալը․
ԻՍԱԿ
ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ
ԳՐԻԳՈՐՅԱՆ
1892-1975
Իսակի երկրորդ կինը այժմ 1980թ․ կենդանի է և շեն է պահում տունն ու տեղը, որբացած երեխաներին՝ իր տղաների մեծ հոգատարությամբ, որոնք չնայած ապրում են քաղաքում, բայց ամուր կապված են հայրական տան հետ։
Գեղեցիկը, որին մենք բոլորս Հայկանուշ հարս ենք անվանում, առաջին կնոջ անունով, խելոք, բանիմաց և գրագետ կին էր, հարգանքով, վերաբերմունքով, բարի, ազգասեր, բարեկամասեր, աշխատասեր կին։
Հասակը միջին բարձրությամբ, սիրուն ու գեղեցիկ կազմվածքով։
Ծնվել է 1909թ․ — վախճանվել է 1895թ․ հունիսի 1-ին։
Հայկանուշի տապանաքարի վրա գրված է․
ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼԵՔ-
ՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է 1902Թ․ ԱՄՈՒՍՆԱ-
ՑԵԼ Է 1919Թ․ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է 1924Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ