Սաքոն ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում աշխատավոր աղքատ գյուղացու ընտանիքում:
Երիտասարդ հասակում աշխատանք որոնելու համար գնացել է Գյանջա (Կիրովաբադ) քաղաք և ընդմիշտ բնակվել այնտեղ, ամուսնացել է Փիփ (այժմ Զագլիկ) գյուղացու մի աղջկա հետ:
Կա ստույգ տեղեկություն, որ նա Փիփ է գնացել որպես տնփեսա, ապա հետո վերադարձել է Գյանջա ու հիմնական բնակություն հաստատել այնտեղ:
Նա զբաղվել է զանազան աշխատանքներով, եղել է ծառա, սևագործ օրամշակ և հիմնականում դարձել է փուրգոնչի, ապա կառապան (Ֆայտոնչի):
Մինչև 1920-1922 թվականները մեր ազգականներից ու համագյուղացիներից, որոնք պատեհ առիթներով կամ այնտեղ աշխատելիս հաճախ են հանդիպելիս եղել նրան քաղաքում:
Նրան հիշողներից մեր Մակիչ, Ստեփան, Սմբաթ և Ենոք ամիները պատմում էին, որ նա շատ խիստ ու անչափ մեկուսի մարդ էր, խույս էր տալիս իրեն հանդիպող ճանաչող համագյուղացիներից և հատկապես ազգական բարեկամներից՝ թե ինչն էր դրա պատճառը, ոչ ոքի հայտնի չէր:
Լավ ու հայտնի տեղեկություններ կան, որ նա ընտանիքով բնակվում էր Գյանջայի Թազաշեն գյուղում, որն այժմ արդեն միացած է քաղաքին, կազմում է նրա արվարձանը՝ Կարմիր գյուղ անունով, կամ էլի հին անունով՝ Թազաշեն: 1922 թվին, նրան մեր ազգականներից վերջին անգամ հանդիպողներ են եղել, կարճատև զրուցել, հարց ու փորձ արել գյուղ վերադառնալու մասին, նա կտրուկ կարգով հրաժարվել է այդ առաջարկից:
Նրան հետագայում՝ 1930-ական թվերին էլի տեսնողներ են եղել, որոնցից մեկը եղել է Չաղալանց Մարկոսի հաներ Բախշի քեռին, որը բնակվում է Կիրովաբադում և նա էլ է Փիփ գյուղացի, մոտիկից ճանաչում է նրան:
Այդ մասին նա ինձ պատմել է 1972 թվին:
Մեկ ուրիշ մարդ էլ է տեսել, նա էլ ասում էր, որ Ֆայտոնչի Սաքոն իր պահանջով նրան ընտանիքի անդամներով տարել է Խանլար 2 օր ժամանակով, որը վարձողին պատմել է, որ Շամշադինում են ապրում իր տոհմակիցներն ու եղբայրքը, բայց վաղուց է նրանց չի տեսել:
Դրանից հետո ոչ մի տեղեկություն ունեցող չկա նրա մասին:
Ստույգ հայտնի է, որ Սաքոն իր տղայի անունը դրել է ԳՐԻԳՈՐ:
Ես որոնումներ եմ կատարում նրա հետքերը գտնելու համար նշված տվյալների հիման վրա: Գուցե ինքը չկա, բայց անպայման կենդանի կլինեն նրա ժառանգները:
Դուք էլ հետաքրքրվեցեք այս հարցով և հույսով եմ, որ գտնելու ենք նրա գերդաստանի անդամներին ու տեղյակ ենք դարձնելու մեր ազգատոհմին:
(Ք. Կիրովաբադ-Այգեձոր, Ա. Կ. Գրիգորյան 1972 թ.):