Ծնվել է 1910թ․ և վախճանվել 19․․թ․ Հայաստանի Շամշադինի շրջանի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում, ամուսնացած է Ղարախանանց Հանեսի աղջիկ Ելենայի հետ։
Սա հոգեորդի էր Վարդևանանց Մուսայելին և շարունակում էր նրա օջախի ծուխը։
Ունի մեկ տղա և երեք աղջիկ, որոնք ամուսնացած են և ունեն զավակներ։
Սուրենը 1941թ․ ռազմաճակատ գնաց, բայց չնայած կենդանի մնաց, սակայն հայրենի օջախ չվերադարձավ՝ անհայտ պատճառներով և այժմ էլ՝ 1976թ․ ապրում ու աշխատում է Դոնի-Ռոստով քաղաքում, բայց կապ չի պահպանում յուր ընտանիքի հետ, նույնիսկ ամենամոտիկ հարազատների հետ, որոնք նրա անտարբեր նման վերաբերմունքի պատճառով 1949թ․ քոչեցին Էջմիածնի շրջանի Նեջռլու գյուղ և հիմնականապես բնակվում են այնտեղ։
Սուրենը մի քանի անգամ գաղտնի կարգով այցի է եկել Երևան, ապա Նեջռլու, բայց չի հայտնվել հարազատներին տեսության, մի անգամ էլ եկել է հայրենի գյուղ էլի ծպտյալ ետ վերադարձել։
Նա մինչ բանակ գնալը ապրել է գյուղում, դպրոցում գրագիտություն է ստացել, եղել է կոմերիտմիության անդամ, ակտիվ երիտասարդ, վարպետ-հյուսն, լավ աշխատող, միշտ խաղում էր գյուղական թատերական ներկայացումներում, սիրում էր որս, հրացանից անբաժան էր, ընկերասեր և բարեկամասեր մարդ էր, քիչ խաբելու հատկություն ուներ՝ շատ դեպքում կատակ անելու իմաստով։
Միջինից բարձր հասակ ուներ, բարալիկ կազմվածքով և գեղեցիկ դեմքով։ Պատերազմում վիրավորվել է, բուժվել։
Նա լավ պարել գիտեր, հարսանիքներում հաճախ էր պարապետ նշանակվում։
Նրա Ռոստովյան կյանքից, թե ինչ ունի, տղա, աղջիկ և այլն, կամ կին, մեզ հայտնի չէ։
Իր կինը 1960թ․ Նեջռլույում վախճանվել է, տղան և աղջիկները ապրում են բարվոք պայմաններում և կապ են պահպանում Այգեձորի իրենց ազգականների և բարեկամների հետ։