Ծնվել է 1904թ․ Հայաստանի Շամշադին շրջանի Ղալալու (Ղուլալի), այժմ Այգեձոր գյուղում, ամուսնացած է Թովուզ գյուղից Սուսաննա անունով մի գեղջկուհու հետ, որը ավտովթարից մահացավ 1979թ․ հուլիսի վերջերին։
Ունեցել են 2 տղա և 2 աղջիկ։
Տղաներից Սերժիկը և աղջիկ Պայծառը երիտասարդ հասակում մահացել են, իսկ Գարեգինը և Ալվարդը ամուսնացած են, ունեն զավակներ։
Նա երկար ժամանակ եղել է անասնապահ իր հոր օջախում, իսկ 1925թ․ հետո՝ աշխատել է որպես գյուղի փոստատար։
Նորմալ հասակ ուներ, դանդաղաքայլ, խաղաղ ու կիսագրագետ մարդ էր։
Սկզբնական շրջանում շատ աղքատիկ ու ծանր օրեր է ապրել, ապրուստի ու եկամուտի միջոցներ չունենալու պատճառով։
Մինչև 1949թ․ բնակվել է հայրենի գյուղում, ապա ընտանիքով գյուղի հինգ տասնյակ տնտեսությունների հետ միասին, նա էլ տեղափոխվեց Էջմիածնի (Զանգիբասարի) շրջանի Նեջռլու գյուղ ու հիմնական բնակություն հաստատեց այնտեղ։ Այդ նոր բնակավայրում լավ պայմաններ կային ապրուստի համար և նա շուտով լավ տուն տեղ դրեց և ապրում է լավ։
Սակայն ինչպես նշել եմ կինը մահացավ և նա ծանր վիշտ ապրեց ու մնաց միայնակ իր տղայի հետ, որը նրան իր տիկնոջ ու երեխաների հետ հոգատարությամբ է շրջապատել և լավ է խնամում։ Ինքն էլ բավարար չափի թոշակ է ստանում ու շարունակում իր ծերությունը վայելել իր ընտանիքում, միաժամանակ էլ ուժերի ներածին չափ աշխատում իր տնամերձում։