Մակիչը ապրեց ավելի քանի 96 տարի և վախճանվեց իր բնական մահով՝ կարճատև հիվանդությունից հետո։
Նա ծնվել է Ղուլալի գյուղում աշխատավոր հողագործի ընտանիքում։
Հոր թևի տակ, ապա հետո զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ, մասամբ մեղվաբուծությամբ, սիրել է հայրենի բնությունը, որսն ու ուրախությունը, իր հարազատ լեռնաշխարհը։
Նա ծառայել է ցարական բանակում։
Ամուսնացել է Դալլաք Սաքոյի աղջիկ Հուռումի հետ։
Ունեցել են հետևյալ զավակները՝ Սամսոնը, որ փոքր հասակում մահացել է՝ 1919թ. վերջին, Սամվելը, Ազատը, Նոյեմզարը, Գեղեցիկը, Գյոզալը և Հեղուշը։
Սամվելը, Ազատը ունեն բարձրագույն կրթություն։
Սամվելը վարել է կուսակցական պատասխանատու պաշտոններ և այժմ էլ աշխատում է Հայկական ՍՍՀ Սոց-ապ մինիստրության թոշակավորման բաժնի վարիչ (համարյա մինիստրի տեղակալ)։
Ազատը ռուսաց լեզվի ուսուցիչ է։
Նոյեմզարն ամուսնացած էր Սևան Քարտաշյանի հետ, ունի երկու աղջիկ, երկու տղա։
Ինքը մահացել է 1950 թվին ծանր հիվանդությունից։
Գեղեցիկն ամուսնացած է Ղարախանանց Կոլի տղա Սարգսի հետ, ունի երկու տղա, երկու աղջիկ։
Գյոզալը ամուսնացած էր Ղրղի գյուղացի Պատվական Խաչատրյանի հետ, ունի երեք աղջիկ։
Ամուսինը, որ աշխատում էր որպես շրջկոմի երրորդ քարտուղար, մեկնել է պատերազմ և չի վերադարձել (նրա ճակատագիրը հայտնի չէ՝ զոհվելու կամ չզոհվելու մասին)։
Հեղուշն ամուսնացած է Ջուլհականց Անդրանիկի տղա Իշխանի հետ, ունի երկու տղա, երեք աղջիկ (1974թ.)։
Սամվելը ամուսնացած է Բերդ գյուղացի Աղոլայանց Մովսեսի և Թագուհիրի աղջիկ Անահիտի հետ, ունի երկու տղա և մեկ աղջիկ։
Ազատը ամուսնացած է Մրզանց Համբարձումի աղջիկ Փառանձեմի հետ, ունի երկու տղա և մեկ աղջիկ։
Մակիչը սկզբնական շրջանում շատ չարքաշ կյանք է վարել, կյանքի կեսից հետո ընկած ժամանակաշրջանում՝ լավ է ապրել։
Նա Սավրունց թաղամասից տեղափոխվել է ու տուն շինել Միջին թաղամասում, դպրոցից քիչ հեռու՝ դեպի առվի կողը, այգիների մեջ։
Նա եղել է ֆերմայի վարիչ։
Հորից և եղբայրներից բաժանվել է 1921թ., բայց նոր թաղամաս տեղափոխվել է 1951թ.։
Սկզբնական շրջանում նա խիստ դեմ էր, որ Սամվելը կրթություն ստանա, ասում էր. «Այ տղա, քեզանից բան դուրս չի գա, գնա անասունները պահիր, աշխատանք արա և այլն»։
Սակայն նա չկարողացավ կոտրել ժամանակը լավ ըմբռնած և ճիշտ հասկացած երիտասարդ տղայի համառությունը։
Նա գնաց նոր ուղիով և ստացավ լավ կրթություն ու աշխատեց լավ գործերում ու արժանացավ բարձր հեղինակության։
Մակիչ ամին հեղինակավոր մարդ էր, անշառ, անվնասատու, իր հալալ քրտինքով ու աշխատանքով ապրում ու պահում էր իր ընտանիքը։
Նա հյուրսասեր մարդ էր, բարեկամասեր էր, սիրում էր ուրախություն, երգ ու պար։
Նա մինչև ծեր հասակն էլ հիշում ու երգում էր «Կարմիր վարդ» երգը։
Նա երկար տարիներ է անցկացրել ճղոպրուտ «Վայիթ», նախկին Ղզղալա բինաներում, միշտ մեղվի փեթակներ է դրել անառիկ քարերի ճեղքերում ու փախուստի ու վայրի մեղուներ բռնել տարել տուն, մեղվի տեր դարձել։
Նա թակարդ շատ էր սարքում՝ որսի նպատակով։
Նրա սերը դեպի բնությունը անսահման է եղել։
Հասակը նորմալ էր՝ միջահասակ, առողջ ու առույգ, լիքը, սիրուն մարդ էր, սիրում էր մաքրություն, ինքն անգամ խոր ծերության հասակում երեսը ածելիով թրաշում էր, միրուք չէր պահում, ոչ էլ բեղ։
1904-1908թթ. բանակում եղած ժամանակ մասնակցել է Գյանջա քաղաքում տեղի ունեցած հայ-թուրքական ընդհարումներին՝ բունտերին։
Մի անգամ հազիվ ազատվել է դարանակալ թուրքի խենջարի հարվածից՝ իր ճարպկության շնորհիվ։
Հետապնդողը Մակիչին հետևելով 1906թ. Գյանջայից գնացքով հասել է Թիֆլիս, բայց նավթլուղում ստացել է յուր արժանի պատիժը։
Մակիչի կին Հուռում Սարգսի Դալլաքյանը (Տեր Գրիգորյան) ծնվել է 1890թ. և վախճանվել է 1969թ.՝ հինգ տարի առաջ ստացած կաթվածին հաջորդած նոր կաթվածից, իսկ Մակիչ ամին շատ կարճ պառկեց, հիվանդացավ ու մահացավ, բողոքում էր ռևմատիկ ցավերից՝ ոտքերում։
Հուռում նանը ծանրակշիռ, համեստ, բարձրահասակ, լիքը մարմնով, սիրուն ու խաղաղ կին էր, իր ամուսնուն շատ հավատարիմ ու նվիրված կին։
Երեխասեր, ընկերասեր, հյուրասեր և հոգատար անձնավորություն էր նա։
Մահվանից երկու տարի առաջ նա ուներ 18 թոռնիկ և 10 ծոռ։
Երիտասարդ ժամանակներում միշտ ապրել է սարերում, լավ կյանք է անցկացրել, նամանավանդ զավակները հասունանալուց հետո։
Սակայն նա դժբախտություն է տեսել եղբայրների և բարեկամների կորստի պատճառով, վերջում մահացավ մեծ աղջիկը, հետո Գյոզալի ամուսինը չվերադարձավ, Գյոզալը շատ սպասելուց հետո ստիպված էր ամուսնանալ դիլիջանցի Ասկանազ Գրիգորյանի հետ, սակայն նրանից էլ բախտ չունեցավ, նա ևս մահացավ այրի թողնելով կնոջը։
Այժմ նա յուր միջնակ աղջկա ու տղա թոռնիկին ապավինած ապրում ու աշխատում է Երևան քաղաքում։
Ցանկանք հաջողություն։ Թող խաղաղ հանգչեն, ողորմի նրանց, իսկ մենք չմոռանանք:
Մակիչի և Հուռումի դիերը հանգչում են գյուղի վերին մասի գերեզմանոցի Սավրունց տոհմի վախճանյալների շարքում, որոնց վրա դրված է կապույտ բազալտից պատրաստած համեստ տապանաքարեր ու վրան գրված է.
ՄԱԿԻՉ 1882-1976թթ.
ՀՈՒՌՈՒՄ 1890-1969թթ.
ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ