ԿԱՐԱՊԵՏ Վանեսի Տեր Գրիգորյանը ծնվել է Ղալալու՝ այժմ Այգեձոր, գյուղում՝ 1878թ. միջակ աշխատավոր ընտանիքում և վախճանվել է 1921թ. օգոստոսի 18-ին՝ խոլերա հիվանդությունից:
Թաղված է գյուղի վերին արևելյան մասի գերեզմանատանը, վրան դրված է շիրիմաքար, որը կանգնեցրել են իր եղբայրները և կինը՝ Ազիզը, բայց Կարապետի վաստակի արդյունքով:
Նրա այդ տապանաքարի վրա արձանագրված է.
«ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ
ԿԱՐԱՊԵՏ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ։
ՎԱԽՃԱՆՎԵՑ 1921 Թ. ՕԳ. 18-ԻՆ»։
Մյուս երեսին շարունակված է հետևյալը.
«ՈՉԽԱՐՍ ԱՆՏԵՐ ԿԱՆԱՉ ՍԱՐԵՐՈՒՄ, ԼՈՒՅՍ ԱՇ-
ԽԱՐՀԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ԳՆՈՒՄ, ԱՆԳՈՒԹ ԽՈԼԵՐԱՆ ԻՄ
ԿՅԱՆՔԸ ԽԼԵՑ, ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐԻՍ ԱՆՄԽԻԹԱՐ ՈՒ ՈՐԲ
ԹՈՂԵՑ»։
Նա ամուսնացած էր Դալլաքանց (Հորսկանյան) Կարապետի և նրա կին՝ Ջավահիր Օրդյանի աղջիկ Ազիզի հետ, որի խնամքին էլ թողեց իր փոքրահասակ զավակներին՝ Շուշանիկին, Զաբելին, Հերիքին, Արտակին և Ռուբենին, ու աշխարհից հեռացավ կարոտ իր կնոջը, զավակներին, հորն ու մորը, եղբայրներին ու սիրած սարերին ու ամեն-ամեն ինչին։
Նա մահացավ կյանքի ամենաեռանդուն, ծաղկուն հասակում։
Նա դեռ չէր լսել իր որդի Ռուբենի մանկական ձևավորված բառը, չորս տարեկան Արտակի մի քանի թոթովախոս բառերը, որոնք ծնվել էին նրա երկարատև սպասումից հետո, որ մինչև այդ նա տղա զավակ չուներ։
Նրանց ծնվելով Կարապետի համար նոր աշխարհ բացվեց, բայց ավաղ դրան նա լիակատար չհասավ։
Նրա կին Ազիզը ամուսնու մահից հետո շատ նամուսով կարողացավ պահել զավակներին ու հասցնել իրենց նպատակին, իսկ զավակները, հաղթահարելով ամեն մի զրկանք ու դժվարություն, կրթվեցին և բարձր պահեցին նրա մեծ շնորհքն ու հեղինակությունը։
Ականատեսները պատմում են, որ նա ուներ արծվի տեսողություն, առյուծի համարձակություն և շատ շնորհալի այլ հատկություններ, շատ բարի մարդ էր։
Շնորհալի պարել գիտեր, որին գերազանցող չկար։
Հանգուցյալ Արսեն Գրիգորի Պետրոսյանը պատմում էր, որ մի անգամ Թիֆլիս, Գոջոռի գլխին՝ Ֆյունիկլորում, մեծամեծների մի հարսանիք էր տեղի ունենում, որտեղ մենք էլ էինք թամաշի գնացել։
Պատահմամբ մի ազնվական մոտեցավ Կարապետին, որին, ենթադրելով թե կնյազ է, որովհետև Կարապետը այդ ժամանակ հագած էր վրացական կնյազի հագուստ, առաջարկեց պարել։
Նա չմերժեց, սկսեց պարել, վրացուն խնդրելով, որ իրեն ազատ թողնի մենակ պարելու։
Նա իր գեղեցիկ ու վարպետացած ներդաշնակ պարով, առաջին իսկ րոպեից գրավեց բոլորի ուշադրությունը։
Սկսեցին շաբաշները, նա վերցրածը դնում էր այն սինու մեջ, որ ձեռքերի վրա պահում էր պարապետը։
Երբ ծափերով վերջացրեց պարելը, սինին տարավ դրեց նվագողների առջև, բայց այս ու այն կողմից բացականչեցին «Շաբաշը պարողինն է», պարապետն այդ շաբաշները բռի մեջ հավաքեց ու խոթեց Կարապետի գրպանը։
Իսկ մի մեծատոհմիկ բեխավոր աստիճանավոր կնյազ մոտեցավ Կարապետին, ձեռքի ափով թփթփացրեց նրա թիկունքին ու գոչեց «Մալադեց» և գրպանից հանեց մեկ տասը ռուբլիանոց ու տվավ վարպետին՝ լավ նվագելու վարձը։
Եթե ասեմ, դժվար է հավատալ, բայց հազար ռուբլուց մի քանի ռուբլի էր պակաս նրա ստացած շաբաշը։
Այդ երեկոյան մի քանի հայ տղաներով հավաքվեցինք, մի լավ կեր ու խում արինք։
Բաբաքյոխվյանի կին Հուռումը 1978թ. ասում էր.«Շատ պարողի եմ տեսել, թե՛ կենդանի, թե՛ հեռուստացույցով, բայց դեռ Կարապետի նման պարողի չեմ տեսել։
Ես շատ տարիներ ուշադիր հետևել եմ պարողներին, ոչ մեկը նրան չի հասնի, նա հատուկ մարդ էր, նրա պարն էլ ուրիշ պար էր, նա ամեն գործում հատուկ գերազանց շնորհք ուներ։
Նա երկար ժամանակ հովվություն է արել, գյուղում եղել է գյուղացի, զբաղվել վար ու ցանքով, հովվությամբ, քաղաքում էլ եղել է քաղաքացի, եղել է մշակ, բանվոր, ապա աշխատել է որպես խոհարար։
Քաղաքներից մեծ մասամբ եղել և աշխատել է Գյանջայում, Բաքվում և կարճատև նաև Մոսկվայում։
Եղել է հետաքրքրասեր։ Նա իր մոտ միշտ ունեցել է հուշատետր, որտեղ գրի է առել տարբեր բնագավառների վերաբերվող հետաքրքիր ու արժեքավոր բաներ, մեծ մասամբ բժշկական, որոնցից նշված էր, թե ինչպիսի հիվանդության դեպքում և ինչ հիվանդության բուժման համար կարելի է օգտագործել սուլֆիդինը, որ հիվանդության դեպքում ինչ դիետա պետք է պաշտպանել, որ վերքն ինչպես պետք է բուժել և այլն։
Նա հագնվելիս է եղել չափազանց նուրբ ճաշակով, գյուղում գյուղավարի, քաղաքում՝ քաղաքավարի։ Ինքը ընդհանրապես եղել է համեստ, քաղաքավարի և քչախոս։
Նրա լավագույն մարդկային արժանիքները մինչև այսօր էլ ժողովրդի հիշողությունից չեն մոռացվել, չնայած այս տողերը գրելիս նրա մահից անցել էր 40 տարի։
Չի լինի մի հավաք, որ ժողովուրդը նրա ռիսկի, նրա ղոչախության, ճարպկության, նրա անվախության, բարի առաքինությունների ու սրատեսության մասին չխոսեն։
Ունեցել է ոչխարի ոչ մեծ հոտ և շատ հայտնի ու աչքի ընկած երկու հավատարիմ շներ՝ «Փալաշ» և «Զամբար» անուններով, այնպես, որ նրանց հույսով ոչխարի հոտը շատ անգամ են թողել արխաջում (հիմնական նստատեղում)։
Այդ շները գայլերի հետևից այնքան են գնալիս եղել, որ հասել են նրանց, կռվել ու հետո ետ դարձել։
Կարապետը սիրել է հայրենի բնությունը, ջրերը, անտառներն ու սարերը, սիրել է աշխարհը, այսինքն՝ հայրենիքը։
Սիրել է բարեկամներին, ազգականներին, իր ոչխարի հոտը և շներին։
Մի անգամ չի եղել, որ հայտնի ադրբեջանցի ավազակապետ, հռչակված Ջափարղուլին, փորձել է ոչխար գողանալ Կարապետի հոտից, բայց երբեք չի հաջողվել։
Ավազակապետը ստիպված նվերներով եկել է մեր «Պալախկուտ» կոչվող սարը և, որպես պարտվողի, խոնարհվել ու սեղմել նրա ձեռքը, որ հաշտ ու խաղաղ լինեն։
Նա ասել է. «տասն անգամ իմ ավազակ կրակիչները փորձել են քեզանից ոչխար գողանալ՝ զուտ պրինցիպի համար, բայց սխալվել են իրենց հաշիվներում, արի գրկեմ քեզ, որ ինձանից քաջ ես։
Կեցցես և՛ դու, և՛ քո լավ պահած այդպես իմաստուն շները»։
Այդ դեպքերից հետո մեր ժողովրդից, իր խոստումի համաձայն անասուն, չի գողացել։
Մի անակնկալ դեպքի մասին է պատմում Ն.Կ.Աղբյուրցի Բագրատ Ադամյանը։
Նա երիտասարդ ժամանակ անտառապահ է նշանակվում մեր սարերի անտառների վրա։ Իր պարտականությունները կատարելու ժամանակ «Ղուրուղի յալ» վայրում, մի ծառի տակ նստած ժամանակ նրան շրջապատում են, իր ասելով, իննը ավազակներ, որոնք Ջաֆար-Ղուլու մանկլավիկներն էին։
Նրանք լրիվ մերկացնում են Բագրատին, զենքերը ցած դնել տալիս, երբ պատրաստվում են նրան սպանել, հենց այդ րոպեին հանկարծ Կարապետի Փալաշ և Զամբար շները կտրում են նրանց երկու կողմը, իսկ քիչ հետո նաև Կարապետը։
Սկզբում որոշում են սպանել շներին, սակայն նրանցից մեկը հիշեցնում է, որ դա ավելի ծանր կնստի, դրանք մենակ չեն լինի, դրանց տերը այստեղերք դարանակալած կլինի և մեզ բոլորիս կկոտորի։
Հենց այդ խոսքում լսվում է Կարապետի ձայնը հայերեն լեզվով, որը հանգստացնում է անտառապահին, որ չվախենա և հագնի հանած հագուստը։
Այդ ձայնի հետ թուրքերը մնում են սառած վիճակում և սկսում են աղաչել, որ իրենց չկոտորի դարանի հետևից, ինչքան ներողություն են խնդրում, բաց չի թողնում, բոլորին զինաթափ է անում, զենքերը խլում ու բարձում ոչխարի հոտի ավանակին, և տանում «Պալախկուտ»։
Երկու ժամ չանծաց, լուրը հասնում է Ջաֆար-Ղուլուն։
Նա շտապ իր օգնականին վերցնում է, մի ղոչ էլ հենտերը վերցնում են և հասնում Պալախկուտ, բանակցում են իրար հետ, հաշտվում ու բաց թողնում նրանց, այն էլ խայտառակ կարգով՝ Ջաֆար-Ղուլին ժողովրդի առաջ բոլորին էլ ծեծում ու ամոթանք է տալիս, որ իննը հոգով մեկի վրա հարձակվել են։
Բ. Ադամյանը 1972թ․ այս պատմությունը երկար պատմեց և խիստ ափսոսանք հայտնեց, որ ու՞ր է քաջ ու անվախ Կարապետը, որ թուրք թարաքամաները նրա ահից ռիսկ չանեն ձեր սարերից մոտենան։ Դա այն կապակցությամբ էր ասում, որ ընդհարում էր տեղի ունեցել Ղարավալլարի և Այգեձոր գյուղերի միջև՝ նրանց կողմից մեր հողամասերին ապօրինի կարգով տիրանալու համար։
1905թ․ հրահրված հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Կարապետն աշխատում էր Բաքու քաղաքում որպես սևագործ բանվոր՝ մեծահարուստ Բադալովների մոտ։
Սարսափահար Բադալովը քաղաքից ժամանակավորապես հեռանում է և տունն ու կայքը վստահում է մի քանի ծառա մշակների՝ Կարապետի պատասխանատվությամբ։
Կարապետը մոտ չորս ամիս պաշտպանում է նրա ունեցվածքը։
Երբ նա Պետերբուրգից վերադառնում է և տեսնում ամեն ինչ անպակաս ու անվնաս իր տեղումն է, շատ զարմանում է Կարապետի վստահության վրա։
Նա ժլատ նվեր է տալիս Կարապետին և իր դարպասի մոտ նկարել է տալիս՝ այն դիրքով, ինչպես եկել տեսել էր ինքը։
Մարտական դիրքում կանգնած այդ նկարը հրացանով, ատրճանակով, կաշվե փամփուշտակալներով, այժմ էլ մնում է մեր տանը, այն իմ հոր եղբոր տղա Սամվելը ևս մեծացնել է տվել և պահում է իր տանը։
Նկարի տակ իր տեղում գրված է «Գյավուր բալա», այսինքն «օտար որդի», բայց նրա իմաստը արի ու քաջորդի նշանակություն ունի։
Ուշագրավ է, որ մի անգամ այդ կրակոցների ժամանակ մի հարուստ քաղաքացի, լայնեզր գլխարկով, փողոցի մի կողմից մյուսն անցնելու ժամանակ լայնեզրը քամուց ընկնում է և գլորվում քամու ընթացքով։
Այդ մեծահարուստը հևիհև հասնում է Կարապետին, որտեղ նա դիրքավորված պահպանում էր տիրոջ տունը, ասելով նրան․ «Այ մարդ, դու քոլեցի ես քեզ ոչինչ չի լինի, գնա գլխարկս բեր, վարձդ կտամ»։
Դրա այդ ծաղրանքի համեմատ Կարապետը նրան մի քանի քացի է խփում, հրացանի կոթով էլ զարկում ու ասում․ «Գնա ինքդ բեր, որտեղ քոնը կասես այնտեղ էլ՝ իմը, բայց կյանքումդ երբեք չմոռանաս այս օրը»։
Նա չափազանց հակառակ է եղել ժողովրդին կեղեքողների նկատմամբ, բայց դրա հետ միասին օգնել է շատերի կյանքը փրկելուն։
Գյուղի ավազակները նրանից խիստ վախենալիս են եղել։
Հենց այդ հանգամանքից ելնելով, նրանք ոչ մի կուսակցականի վրա հրացան չեն մեկնել, չնայած երբեմն խոսքով ահաբեկում էին եզակիների։
Նա մի քանի անգամ ավազակների ճանկերն ընկնելուց փրկել է Ավ․ Գ․ Ճաղարյանի կյանքը։
Երբ մահացավ Կարապետը, նրա միշտ հավատարիմ շները՝ երկուսով, երկու շաբաթ սոված ու ոռնալով շրջեցին իրենց տիրոջ սիրած ու ապրած սարերում, բինաներում ու հանդերում և ահեղ զգացումից ազդված սատկեցին (բողոլմիշ եղան)՝ մեծ զարմանք պատճառելով տեսնողներին ու լսողներին՝ իրենց այդ իմաստուն զգացողության առկայությամբ։
Կարապետի հասակը եղել է բարձր, դուրեկան և բարի դեմքով, արագաշարժ էր ու առույգ, ուներ գեղեցիկ մազեր, քայլում էր զգաստ և զգույշ, արագ, քայլելիս աննշան կորանում էր, շատ հեռատես մարդ էր, թե՜ մտածելակերպի ու քաղաքական ըմբռնման տեսակետից, թե՜ առհասարակ որևէ հանդում և վայրում։
Նա սիրուն մարդ էր, ուներ ազդու հեղինակություն, խրոխտ ձայն, անտառում ոչ ոք նրանից շուտ կամ հեռուն չէր կարող տեսնել և տնտղել, զգալ վտանգը, խերն ու շառը և արագ կողմնորոշվել առանց շփոթվելու։
Նա իմիջայլոց հում գործ չէր բռնի։ Որսասեր էր, հայրենասեր էր, ոչխար սիրող էր։
Նրա նշան բռնած գնդակը երբեք չի վրիպել, այս բոլորի մասին վկայում են նրա հասակակիցներն ու ականատեսները։
Մի անգամ երեք հոգով հունձ անելու են գնում Ադրբեջան, նրանց ճանապարհը կտրում են և որոշում են որպես վրեժխնդիր կոտորել դրանց։
Այդ կրիտիկական պահին Կարապետը, հապշտապ մթության մեջ, ոտքի շոշափումով մի քար է մոտեցնում, վերցնում և այնպես ուժգին զարկում նրանցից մեկին, որ ընկնում է ձիուց։
Շատ ակնթարթային արագությամբ ճանկում է նրա ձեռքից ընկած հրացանը և փախուստի մատնում նրա երկու զինակիցներին, սակայն իրենք էլ չեն շարունակել իրենց ճանապարհը՝ ելնելով այդ դեպքի վտանգավորությունից։
Նրանք գիշեր-ցերեկ փնտրում էին մի ղուլալվեցու, որպեսզի սպանեն, այն բանի համար, որ Օրդյան (սմիլանց) Խաչատուրը իբրև մի թուրք է սպանել, իսկ նրանք պատահած որևէ ղուլալվեցու պիտի խփեին քանիսն էլ, որ պատահեին միևնույնն էր արյան վրեժխնդիր պետք է լինեին, բայց այդ անգամ նրանց չհաջողվեց, վիրավոր թողնելով իրենց ընկերոջը դիմեցին փախուստի։
Այս մասին պատմել է Նազանունց երկար Կարապետը՝ մանրամասն կարգով, բայց ես գրել եմ կարճ։ Նրանից վերցրել են նաև փամփշտակալներ և խենջարը ու հետ դարձել տուն։
Կարապետը աղքատների համար մի քանի անգամ կազմակերպել է հանգանակություն, Բաքվում հարել է իր համագյուղացիներ Ղուկաս Աղասյանի, Գրիգոր Ծաղկյանի, Կարապետ (կարճիկ) Նազանյանի, Ապրեսյանի և այլոց հետ՝ «Նարոդնիկական» խմբակներին, պայքարել է անարդարությունների դեմ։
Կարապետի կինը եղել է ԱԶԻԶ (Մագթաղ) Կարապետի Տեր Գրիգորյանը (Դալլաքյանը), որը ծնվել է 1883թ․ և վախճանվել է 1958թ․ նոյեմբերի 11-ին, չարքաշ գյուղացու ընտանիքում։
Կարճ կյանք է վարել ամուսնու հետ, շուտով զրկվել է նրանից։
Ունեցել է երեք աղջիկ ու երկու տղա։ Աճեցրել է նրանց ու հասցրել իրենց նպատակին։
Մեծ՝ ՇՈՒՇԻՆ ամուսնացած է Լևոն Եղիազարյանի հետ, Զաբելը՝ Մագիգանց Կարապետի տղա Հայկազի հետ, իսկ Հերիքը՝ Որսկանյան Խաչատուրի տղա Գարեգինի հետ։
Շուշին ունի երեք տղա, երկու աղջիկ, Զաբելը՝ հինգ տղա, երկու աղջիկ, Հերիքն ունեցել է երեք տղա, երեք աղջիկ, որոնցից մի տղան և մի աղջիկը մահացել են պատանի հասակում։
Կարապետի տղա Արտակը ամուսնացած է Ասրունց Կարապետի և Թամամի աղջիկ Արաքսյաի հետ։
Ունի չորս տղա՝ ՄԱՐՍԵԼ, ԿԱՐԱՊԵՏ, ՌՈՒԲԵՆ, ԱՐԾՐՈՒՆ անուններով, մեկ աղջիկ՝ ԱՍՏՂԻԿ անունով։
Կարապետի մյուս տղան, իմ եղբայրը, եղել է ՌՈՒԲԵՆԸ, որը 1940թ․ մեկնել է բանակ, մասնակցել 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմին և զոհվել է 1943թ․ մարտի 4-ին Հյուսիսային Կովկասի Կրանսոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի Մերչանսկի և Յաստրեբովկա գյուղերի ազատագրման համար մղված դաժան ճակատամարտում։
Այնտեղ էլ՝ Յաստրեբովկա Ստանիցայում, եղբայրական գերեզմանոցում հանգչում է նրա երիտասարդ ու ամուրի դին։ Նրա անունը գրված է հուշարձան համալիրի 11-րդ համարում՝ ըստ հերթական ցուցակարգի։
Ռուբենի մասին առանձին էջում կգրեմ մանրամասն կարգով։
Երբ Ազիզը վախճանվեց, բացի զավակներից ուներ 20 թոռ, 10 ծոռ։ 1921թ․ հետո մեր ընտանիքը բնակվում էր «Տավարածանց Գոմեր» կոչվող թաղամասում։
Ազիզը ամուսնու մահից հետո շատ դժվար կյանք քաշեց, բայց պատվով պահեց զավակներին, մեր օջախը։
Իսկ երբ մեծացան զավակները, լավ ապրեց։
Նա իր կյանքում երբեք չհուսահատվեց, կյանքում անասուններից չկտրվեց, պահում էր մեկ կով, մի զույգ եզներ և մի քանի ոչխարներ։
Վերջին տարիներին ապրում էր սարամոտ բինաներում, գլխավորապես Վայիթ բինայում, որտեղ էլ 1957թ․ աշնանը առավոտյան ժամը 11-ին հորթի հետևից գնում է փնտրելու և մեծ աղբյուրի հյուսիսային կողմում մոլորվում, կորցնում կողմնորոշումը ու անհայտանում անտառների ու ծմակների մեջ դեկտեմբերի մեկին՝ կիրակի օրը։
Գտանք դեկտեմբերի 3-ին երեկոյան դեմ Խնձորուտ (Մեհրաբ) գետի ստորին մասում՝ ուր գտնվում է «Կոնդի կապ» վայրը, և բերեցինք տուն, ինչպես ասում են՝ ողջ ու առողջ։
Նա երկու գիշեր և երեք ցերեկ մեն մենակ որոնել էր ճանապարհը, բայց չէր հաջողվել գտնել այն։
Նա Վայիթից շարժվել էր դեպի գյուղի կողմը, գիշերը վրա էր հասել «ՇՈՐԻ ԹԱԼԱ» բինայի մոտ։
Երբ նա այդտեղ կանչել էր կոլխոզի անասնապահներին, որ շներին պահեն, ինքը գնա նրանց մոտ մնա մինչև լույս, նրանք անհոգի կարգով ոչ մի ուշադրույուն չեն դարձրել, որի պատճառով մայրս, շներից վախենալով, ստիպված է եղել այդ բինայից բավական հեռու մի ծառի վրա գիշերել, իրեն իր շալով կապելով ճյուղերից։
Սակայն նա խիստ վախ է զգում գիշերվա միջում, երբ գազան է անցնում այդ ծառի տակով, կամ գուցե իր աչքին այդպես է երևում։
Լույսը բացվելուն պես նա սոված, ծարավ, հոգնած, վախեցած ու մոլորաշփոթ վիճակով շարունակում է այդ հանդերը չափչփել ու հասնել «Սուրուղիյալ» կոչվող վայրը, իսկ գիշերը մնալ «Ներքին եկեղեցաձոր» վայրի շրջակայքում։ Առավոտյան նա անցել է Մեհրաբի գետահովիտը և գետն անցել՝ որով էլ կողմնորոշվել է ու գետն ի վար իջել Ներքին Ղզղալան և այնտեղ էլ հանդիպել իրեն որոնողներին։
Դժվարանում եմ նկարագրել մեր գյուղի ժողովրդի հավատարմությունը, որ այդ դժվարին պահին, մի մարդու նման, երկու օր անընդմեջ որոնման դուրս եկան նրան գտնելու համար։
Մեծ օգնություն ցույց տվին նաև իմ ազգականներն ու բարեկամները, ինձ ճանաչող Չինարի և Ղրղի գյուղի ընկերները։
Ես բոլորին իմ անչափ շնորհակալությունն եմ հայտնում։
Ինձ համար մեծ բախտավորություն էր, որ նա գտնվեց։
Այսօր էլ, որ հիշում եմ այդ օրերը, հուզմունքից լցվում եմ և հազիվ զսպում լավ լինելուց։
Ուշագրավ է մի դեպք։
Երկրորդ օրվա երեկոյան, մութն ընկած ժամին, հորեղբորս՝ Սմբաթի և Վայիթում եղած մի քանի բնակիչների հետ միասին դեպի գյուղի կողմը՝ լանջի վերին մասում, հենց տների մոտ հուսահատ ամենքս մի բան էինք ասում վաղվա մանգալու վերաբերյալ, որոշում էինք հանում։
Այդ մոմենտին, մորս մոտ՝ բինայում եղած միակ աքլորը մեր բինատնից, որ կլիներ երեսուն մետր հեռու, մարդկային բնազդով վազելով եկավ մեզ մոտ, չնայած ուղղակի մութն էր և հավաթառը ժամ առաջ էր վերջացել, ուղիղ կանգնեց մեր մոտի ընկած փայտի կտորի վրա և յոթ անգամ ծուղրուղու կանչեց ու լուռ թևերը կախ մնաց մոտներս։
Բոլորս զարմացանք այդ թռչունի արարքից և ամենքս մի բան ասացինք՝ մեկս, թե խեր է, մյուսը՝ թե շառ է և այլն։
Բայց ես անձամբ ու կտրուկ համոզվեցի, որ այդ աքլորը մեզ հուշեց, որ իր տերը դեպի ներքև է գնացել, վերին հանդերում որոնելն իզուր է։
Ես գյուղի վրա մարդ ուղարկեցի և հայտնեցի, որ վաղը թող էլ վերև չգան որոնողներ, այլ ման գան ներքին հանդերի՝ հատկապես «Խոզի քարից» դեպի «Սուրուղի» կողմերը։
Աքլորը տարա դրի թառի վրա, իսկ առավոտյան բոլորի հետ իջա նշված վայրերը։
Զարմանալի երևույթ էր աքլորի այդ ժամին ծուղրուղու կանչելը, բայց իրականություն էր, այն ժխտել չենք կարող, այդ բնազդ զգուշացումը իրոք հաստատվեց և մենք նրան իրոք գտանք դեպի «ցած» կողմերում։
Գտնելուց հետո իմ կյանքի ընկեր Արաքսյան մորս իրերի հետ միասին գյուղ բերեց նաև աքլորը, ես նրան մինչև իր բնական վախճանը պահելու էի, սակայն որպես մինչև իր բնական վախճանը (սատկելը) պահելու էի մեծ հետաքրքրության համար, բայց մաղարիճի իմաստով Արաքսիայից վերցնում են գտնված վայրի մոտ ու տանում։
Իհարկե ես այդ կապակցությամբ մի մեծ արու պարուճ մորթեցի, ճաշկերույթի հրավիրեցի բոլորին, որոնց զգալի մասը մասնակցեցին որոնմանը։
Դրանից հետո մայրս ապրեց մի տարի և մահացավ կաթվածից։
Հետաքրքիրը նա է, որ Մայրս ծնվել էր Վայիթ բինայում, և մահն էլ ստացավ Վայիթում։
Մենք նրան կենդանի վիճակում պատգարակով, ապա սայլով բերեցինք իր գյուղի տուն։ Նա վախճանվեց բերած օրվա իրիկնադեմին, առանց որևէ մեկին նեղություն պատճառելու։
Նրան պատվարժան հուղարկավորեցինք ու իր ամուսնու մոտ հողին հանձնեցինք առհավետ։
Վրան գցված է շիրիմաքար իր որդի Արտակի և հարս Արաքսիայի կողմից։
Ազիզը կարոտ գնաց իր կրտսեր որդի Ռուբենից, որ 1940 թվին զորակոչվել էր բանակ ու 1941թ․ սկսած պատերազմին մասնակցել մինչև 1943թ․ մարտի լույս 4-ի առավոտը, այդ օրն էլ հերոսի մահով զոհվել ռազմաճակատում՝ Կրասնոդարի երկրամասի, Կրիմսկի շրջանի Յաստրեբովկա ստանցիայում, ուր էլ թաղված է։
Մայրս համոզված էր, որ նա կենդանի է ու կգա տուն՝ հաղթանակից հետո։
Ազիզը վերջին րոպեներին ոչ մի բառ չկարողացավ որևէ մեկիս ասել։
Վայիթից պատգարակով բերելիս մի կողմից բռնել էի ես, մյուս կողմից՝ Ավաք Դալլաքյանը, որը նույնպես իր անասուններն էր պահում այնտեղ։
Բերեցինք մինչև Վերին Ղզղալայի բինայի մոտը, որտեղից էլ քրոջս տղա Իվանը սայլով բերեց գյուղ։
Երբ իջեցրինք «Տկողնուտ» թավը, Վերին Եկեղեցաձոր բինայից եկավ իմ հորաքրոջս փոխարինող (Սոփի աքորը) Թառան Նազանյանը, մի բարի անձնավորություն էր նա։
Մի քիչ հանգստացանք, նա էլ հարց ու փորձ արեց ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը։
Ազիզը խորամանկ չէր, խաբել չգիտեր, նամուսով կին էր, նա շատ տանջանքներ ու զրկանքներ կրեց, բայց վառ պահեց իր ամուսնու թողած օջախը՝ մինչև իր զավակների մեծանալը։
Հասակը միջին չափի շատ նորմալ էր, սիրուն կազմվածքով ու դեմքով, համեստ կին էր։
Նա վռազկոտ բնավորություն ուներ, մինչև կյանքի վերջը գլխին գդակ (կոպի) ուներ։
Միշտ գաղտնի ողբում էր իր սիրելի ու քաջ ամուսնու կորուստը։
Գիշերները շատ ժամանակ չէր քնում, աշխատում էր, ուշ քնում էր, շատ վաղ էլ արթնանում, շատ և շատ մաքրասեր էր։
Ամեն ինչ իր ուսերի վրա էր կրում, շալակով ծերացավ նա։
50-60 կգ կարտոֆիլը «Մեծ գոմեր (ճղոպրուտից)» բինայից շալակում էր մինչև գյուղ բերում։
Նա մինչև 1953թ․ ապրեց «Տավարածանց գոմեր» թաղամասում, որից հետո՝ Գյուղամիջի նոր բնակատեղում՝ դպրոցից քիչ հեռու դեպի առվի կողմում։
Ազիզը և՜ վար էր անում, և՜ հունձ էր անում, այգին էր մշակում, իր անասունները (կովը, ոչխարները) պահում, ձեռք բերեց մի զույգ լծակներ, որի աշխատեցնողը ես էի, այն էլ ոչ լիարժեք (փոքր էի)։
Մեր հարևաններից Դալլաքանք ու Չռուկանք անբարիշտ էին մնում մեզ հետ, էլի Չռուկանք մի քիչ բարի էին, քան Դալլաքանք, վերջիններս միշտ քանդում էին մեր հողի անջատող սահմանը և մեր հողից յուրացնում, գողանում էին գործիքներ իրեր և այլն, որը պատճառ էր դառնում վեճի ու ներքին կռվի։
Մեր լավ և բարի հարևանը Հորսկականց Ոհանն էր իր լավ ընտանիքով ու շատ բարի վերաբերմունքով։
Ազիզը, ինչպես նշեցի, թաղված է գյուղի վերին մասի գերեզմանոցում: