ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՎՐՈՒՆՑ ՏՈՀՄԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Տոհմի պատմությունը գրելը պարտադիր է բոլորի համար։
Ով հասկանում է կյանքը, նրա քաղցրությունն ու չափանիշը, նա պետք է իր սահմանափակ գոյության ժամանակ մի արժանագույն գործ կատարի Հայրենիքի հանդեպ, իր ծննդավայրի, շրջանի և յուր տոհմի համար։
Ընդհանրապես ով չի իմանում իր անցյալը, իր տոհմի ծագումը, նա լավ չի կարող ըմբռնել ներկան և ապագան։

Շատ մեծ ու փոքր ազգություններ են աշխարհ եկել, բայց նրանցից շատերն են ոչնչացել ու չքացել հողագնդի երեսից, այն էլ առհավետ՝ չդիմանալով գոյության ահեղ ու դաժան կռվին։
Նրանք կուլ են գնացել ավելի զորեղներին, բայց Հայ ազգը, որ աշխարհի հնագույն ազգերից մեկն է, շնորհիվ իր քաջության, իր հմտության ու հեռատեսության կարողացել է դարերի ահեղ արգելքները հաղթահարել ու մինչև օրս պահպանել իր ազգային գոյությունը և այսուհետև էլ առհավետ կպաշտպանի իր գոյատևումը ու կգրավի գիտության ամենաբարձր գագաթները՝ մյուս եղբայրական ու առաջադեմ ժողովուրդների և հատկապես Ռուս մեծ ժողովրդի հետ եղբայրացած։
Հայ ազգից էլ շատ անվանի ու նշանավոր տոհմեր են չքացել, ոչնչացել, անցել անհայտության – ամայության գիրկը՝ չդիմանալով գոյության դաժան պայքարին։ Սակայն նրանցից շատերի մասին մեկ բառ անգամ հիշատակություն չի մնացել՝ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր։
Այս տեսակներից ելնելով որոշ տոհմերի ժառանգություններ շնորհապարտ պետք է լինեն մեր հին և այժմյան մատենագիրներին, գրողներին ու պատմաբաններին, որոնք իրենց գրչով կենդանի են պահել այդ տոհմերի հիշատակը։

Ես նպատակ եմ դրել ուսումնասիրելու և գրի առնելու Սավրունց՝ Տեր Գրիգորյան (այժմ Գրիգորյան) հնագույն տոհմի ժառանգության շառավիղների պատմականորեն անցած ուղղու պատմությունը մոտ 350-400 տարվա սահմաններում։ Իմ ձեռքի տակ կան 250 տարվա փաստացի տվյալներ, չնայած քիչ, բայց իրական ու հիմնավոր, իսկ ավելի հին ժամանակաշրջանի մասին ես կհենվեմ ընդհանուր այն տեղեկությունների վրա, որոնք կան պատմության մեջ և առնչված որոշ փաստերով այս տոհմերի ճակատագրի հետ։

ՍԱՎՐՈՒՆՑ տոհմանունը մեզ է ժառանգվել դարերի խորքից։
Այդ անունը (բառը) շատ հին ծագում ունի, բայց ցեղային է, թե տեղային, այդ ստույգ պարզ չէ և կարիք չկա խորանալու այդ բառի ստուգաբանության պարզաբանման ուղղությամբ, այլ լավ համոզվենք, որ այդ տոհմանունը, կամ մականվանումը իրոք ամենավաղեմինն է մեր ազգատոհմի, կամ ավելի ճիշտ Տեր Գրիգորյանների վրա, մեզ հնուց ի վեր ՍԱՎՐՈՒՆՑ են կոչել։
Առհասարակ այս կամ այն մականունը անձի և ազգի վրա՝ դրական, թե բացասական, տրվում է որևէ արատի, առանձին հատկանիշի, տոհմի ավագի, պաշտոնի, մասնագիտության, զբաղմունքի և այլ ուրիշ երևույթներից բխող բաների հիման վրա։

Այսպես, օրինակ, Հեքիմանք, Ջառահանք, Դոխտուրանք, Մելիքանք, Սալդաթանք, Թոփալանք, Բլումանք (կակազողանք), Քիքունք, Ալունք, Ձեթի պուլիկանք, Ներկարարանք և այլն։

Սավրունց տոհմի վերաբերյալ կան հետևյալ պարզաբանված փաստերը։
Ինչպես հայտնի է Պարսից Շահ-Աբբասը 17-րդ դարասկզբի թուրք-պարսկական պատերազմի նախօրյակին բռնի գաղթ կազմակերպեց Հայաստանից, որի տերիտորիայի վրա էր տեղի ունենալու գիշատիչների ճակատամարտերը, այն պատճառով, որ թշնամուն զրկած լինի ամեն ինչից։ 1603-1610 թթ գաղթ կատարվեց ոչ միայն Արարատյան նահանգից, այլև Ղարաբաղից, Գյանջայի խանության գյուղերից, Փառիսոսից, Ղազախ, Շամշադինի գավառից և այլ վայրերից, որոնց հրի ու սրի ահաբեկման տակ քշեցին Պարսկաստանի խորքերը։ Այդ գիշատիչների պատերազմը վերջանալուց հետո միայն նրանց թույլատրվեց ետ վերադառնալ հայրենի օջախները, բայց այդ էլ շատերի չհաջողվեց։

Մինչև գաղթեցնելը, ըստ մեզ հասած ավանդական տվյալների, Սավրունց տոհմի նախնիներն բնակված են եղել Ղարաբաղում, հենց Ղարաբաղից էլ պարսիկները նրանց շատերի հետ տեղահան են արել և քշել Պարսկաստան։ Ղարաբաղից տարածների մի մասին, որոնց թվում և Տեր Գրիգորյաններին (Հիշեցնենք, որ մինչև 1930-ական թվերը Սավրունց ազգանվանվում էին Տեր Գրիգորյան, իսկ հետո տեր մասնիկը վերացրին ինչ որ քաղաքական նկատառումով և գրվեցին Գրիգորյան, սակայն այդ հանգամանքը ճիշտ չէ և անընդունելի է, չի կարելի ազգանունը փոխել, որովհետև դրանով կորչում է տոհմի հիմքն ու էությունը, աղավաղվում է նրա անցյալն ու ներկան և շատ այլ բացասական երևույթների տեղիք է տալիս), քշում են Խոյի և Սալմաստի գավառները։

Տեր Գրիգորյանների տոհմը մոտ 25 տարի բնակվում է Սալմաստի Սավրա գյուղում (Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանում» նկարագրած Սավրա գյուղում)։
Իսկ թե ինչ տոհմական ազգանուն կամ մականունով են կոչվել մինչև այդ, հայտնի չէ, այդ մասին գրավոր տվյալներ չկան։
Օտարների տիրապետության ժամանակաշրջանում հայերին ոչ միայն ազգանունով չէին գրանցում, այլև ծաղրական կարգով «էրմանի» էին կոչում։

Պատմաբան Լեոն իր «Հայոց պատմություն» գրքի 3-րդ հատորում գրել է, որ 1630-ական թվերին մեծ թվով բնակչություն է տեղափոխվել Խոյի, Սալմաստի և Արարատյան նահանգներից դեպի Ղարաբաղ, Գյանջայի խանություն, Փառիսոսի, Ղազախ-Շամշադինի գավառները և բնակվել այդ վայրերում։

Այս տեղափոխվող բնակչության 90 տոկոսը Շահ Աբբասի բռնի գաղթեցրածներն էին։
Նրանց մի մասը կրկին վերադարձան իրենց հայրենի օջախները, իսկ մնացածը այլ բնակավայրերում ապաստանեց։
Սավրունց, կամ ավելի ճիշտ Տեր Գրիգորյանների նախնիների տոհմակիցներն եղել են այդ վերադարձողների մեջ, որոնք բնակություն են հաստատել սկզբում Փառիսոս քաղաքում, ապա այնտեղից տեղափոխվել են այդ գավառի Փիփ՝ այժմյան Զագլիկ գյուղ։
Նրանք մեծ մասամբ զբաղվել են հողագործությամբ, իսկ այդ տոհմի սերունդները երկարատև ժամանակաշրջան տևողությամբ անընդմեջ իրենց ձեռքին են պահել հոգևոր պաշտոններ և կոչումներ։Այդ ժամանակ Փիփ գյուղի հյուսիս արևելյան կողմում՝ մի բարձրադիր սարահարթի վրա կառուցված էր մի հինավուրց եկեղեցի, հին գյուղատեղ և գերեզմանոց էլ կար եկեղեցուն կից։
Հենց այդ վայրն էլ իրենց համար հիմնական բնակատեղի ընտրեցին այդ տոհմի հոգևորականները, տնօրինեցին եկեղեցու գործերը, եկեղեցու կալվածքը, աստիճանաբար շենացրին ամեն ինչ ու վերականգնեցին գյուղը։
Փաստորեն այդ վայրը դարձավ այդ տոհմի փոքրիկ կալվածքը, ավելի ճիշտ եկեղեցական կալվածքը։ Տեր Գրիգորյանները Սավրա գյուղից վերադառնալով այս նոր վայրը, իրենց հետ փոխանցեցին նաև Սավրա անունը և նոր բնակավայրը կոչեցին այդ անունով։
Հետևաբար տեղի բնակչությունը նորեկներին կոչեցին ՍԱՎՐԱՑԻՔ, կամ Սավրայից եկածներ, հետո էլ Սավրեցունց գյուղ, Սավրունց գյուղ, իսկ այդ Տեր Գրիգորյաններին մականվանեցին Սավրունց։
Այսպիսով էլ Սավրունց անունը կնքվեց թե գյուղի, թե տոհմի վրա և մինչև օրս էլ տոհմն ու նրա վերահիմնադրած գյուղը կոչվում են այդ Մականուն-անունով (հայտնի չէ, թե մինչ Սավրունց կոչվելը ինչ է եղել այդ բնակավայրի անունը)։
Մի քանի խոսքով նկարագրենք Սավրունց կամ Սվրեցի գյուղի մասին։
Այժմ ավերակ այդ հնագույն գյուղը, ավելի ճիշտ գյուղատեղը, գտնվում է Շամքոր գետի միջին հոսանքի աջակողմյան մի գեղատեսիլ բարձրության վրա, ՓԻՓ՝ այժմ Զագլիկ գյուղի հյուսիս-արևելյան կողմում՝ մի դալարագեղ սարահարթի վրա։
Այն պատկանում է Զագլիկ գյուղին և մտնում է նրա վարչատերիտորիալ կազմի մեջ։

Այնտեղ դեռևս (1991թ.) մնում են բնակարանների, քայքայված տնաբակերի հետքերը, ավերված եկեղեցին, գերեզմանոցը, մի քանի մահարձաններ, հողաշերտերի մեջ անհետացող տապանաքարեր, կանգուն և կիսականգուն խաչքարեր, որոնց մի մասն իրենց վրա կրում են արձանագրություններ, հետաքրքիր քանդակ պատկերներ՝ պատմական մեծիմաստ բովանդակությամբ։
Եկեղեցու որմի վրայի անվնաս մնացած վիմագիր արձանագրության մեջ գրված է.

«ԹՎՋԻԲ — /1473թ./ ԵՍ ՀԱՄԶԱ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՈՐԴՈՑ ԻՄՈՑ ՊԱՊԻ ԵՎ ԷՎԱՏԻՆ…»։

Ձորի աջ կողմում ևս հանգստարան կա՝ գետահայաց լանջի վրա։ Այնտեղ եղած ավերակ մատուռի փլատակների մեջ բուսած է Թխկի՝ մեկ հատ ծերացած մեծ ծառ, առկա են նաև երկու հատ խաչքարեր, որոնց վրայի գրերը համարյա եղծված (քայքայված) են, սակայն մեկինը դեռևս ընթեռնելի է։ Նրա վրա գրված է.

«ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱՎԱՇ ԽԱՄԲԿԻ ԹՆՀԳ» — 1024թ.։

Այստեղ աչքի է զարնում խորհրդավոր մի մահարձան՝ վրան քանդակված սազ նվագող, թմբուկ զարկող, սեղան պատրաստող կին, պարող մարդիկ՝ գինու կուլան ձեռքերին, մի իշխան, որ ակնհայտ քանդակ է պատկերում, իր աջ ձեռքում ուներ բռնած բավիղ (գուցե տավիղ), իսկ ձախով՝ գինու թասը, սրա մոտ դրված է կոնգ և կենդանի խոյ (այդպիսին է պատկերված քանդակներում)։

Մահարձանի մյուս (արևելյան կողմի) երեսի վրա քանդակված է մի հսկա (մեծ) արծիվ, որը բարձրացնում է մի գառ։

Շատ ափսոս, որ գրավոր քանդակարձանագրություն չունի, սակայն այդ գեղաքանդակ պատկերը շատ խորհրդավոր բովանդակ միտք է արտահայտում՝ ժամանակաշրջանի բարքերը, կենցաղը, իշխանի ցոպ կյանքը, տիրական լինելը, աղքատ բնակչության ենթակայությունը, նաև ժամանակի, երաժշտության ու պարարվեստի նկարագրությունը և այլն։

Մահարձանի շքեղ ու իրական կառուցվածքը հուշում է այն շերտավորման իսկությունը, որ գոյություն է ունեցել ոչ միայն բնակչության զանգվածների կենդանի կյանքի, այլև մահից հետո հիշատակի հարգման ու պահելու ասպարեզում։

Այժմ էլ 20-րդ դարի 90-ական թթ. Փիփ (Զագլիկ) գյուղի պատվարժան բնակչությունը այդ վայրի հիշատակն անունով անմոռաց է պահում որպես մի սուրբ ու պատվելի տեղ։

Մ. Բարխուդարյանի և մի քանի հնեաբանների աշխատություններում ևս շատ գեղեցիկ կարգով է նկարագրված ՍՎՐԵՑԻՔ գյուղը։

Ինչպես նշեցի Սավրունց տոհմակիցների և այդ գյուղի բնակչության մեծամասնությանը հաջողվել է փրկվել օտար բռնակալների ու ասպատակող լեռնական ելուզակների հարձակումներից ու ահաբեկչությունից և ապաստանել Բանանց (Բայան) և Խաչակապ (Ղշլաբակ) գյուղերում։
Դրանց մի մասը հետագայում կամա, թե ակամա տեղափոխվել են Տավուշ Շամշադին գավառ և բնակություն հաստատել այնտեղ։ Այդ մասին կան փաստացի գրավոր և բանավոր տեղեկություններ։

Նշենք մի քանի փաստացի տվյալներ.

Խաչակապ գյուղից հյուսիս՝ դեպի Բանանց գյուղի վերին մասում գտնվում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ վանքը, որտեղ յուր ժամանակին եղած մագաղաթյա Ավետարանում գրված է.

«…ԶՄԵՂԱՊԱՐՏ ԳԾԻՉՍ ԶՏԻՐԱՑՈՒ ՅԻՇԵՑԵՔ Ի ՏԵՐ ԶԳՐԻԳՈՐ ՂՈՒԿԱՍԻ ՎԵՐՋՍ ԶՄԵԾ և ԶԱՄԵՆԱՕՐՀՆՅԱԼ ՊԱՐՈՆԻՑ ՊԱՐՈՆ … ԵՎ ԱՅԼՆ»։

Այդ ավետարանը այժմ գտնվում է Երևան քաղ. Մ. Մաշտոցի անվան մատենադարանում 2743 թվահամարի տակ։

Հենց սա այն տեր Ղուկասն է, որ չմերժեց Շամշադինի Ղալալու գյուղի խնդրանքը և համաձայնեց Բանանց գյուղից որպես քահանա, իր տիրացու տղայի՝ Գրիգորի և մի քանի տոհմակիցների հետ հիմնավորապես տեղափոխվելու Տավուշ՝ Շամշադին, քահանայություն անելու նպատակով։
Սա շատ անվանի և առաջադեմ քահանա է եղել։
Ավետարանի գրվածից պարզվում է, որ բացի Յովհաննեսից ունեցել է նաև Գրիգոր անունով տղա, որը եղել է կրթված, գործիմաց գծիչ (մատենագիր), եղել է անվանի տիրացու, ապա քահանա։ Թե Գրիգորն, թե իրենց հայր Ղուկասը վայելել են բարձր հեղինակություն։
Այդ մասին է վկայում Տր. Ղուկասի Պարոնից պարոն տիտղոսը, Գրիգորի գծիչ լինելը և քահանայության աստիճանի հասնելը։
Սակայն առ օրս գրավոր հիմք չկա թե նրանց դիերը որտեղ են հանգչում, քանի որ մեր գյուղի Հռիփսիմե եկեղեցուն կից գերեզմանոցում գրավոր տապանաքար չունի, նրա անունն առանձին տապանաքարով չի հիշատակված մեր տոհմական գերեզմանոցում։
Անկասկած ենթադրվում է, որ նրա և իր որդի Գրիգորի դիերը թաղված են գյուղի երկրորդ գերեզմանոցում՝ հին եկեղեցու մոտ, որը գտնվում էր ներկայիս «եկեղեցու բալան» կոչվող տեղից դեպի արևմուտք, ցած թեքված լանջիկն ի վար՝ մինչև «Քաշ քյուչա» կոչվող ազգագյուղամիջյան նեղ ճանապարհը՝ մի մեծ տարածության վրա, որի ներքին մասում՝ Վ. Կիզողյանի ներկայիս տնից ցած, հարթ մասում կառուցված էր եկեղեցի։
Նրա մնացորդները երեսունական թվերին դեռևս մնում էր, իսկ հետո աստիճանաբար ծածկվեց հողաշերտով։
Ողորմի նրանց, մենք պարտավոր ենք մեր տոհմի նախնիների շարքում հիշել նաև Տեր Ղուկասին ու Գրիգորին։

Հազարավոր Ղուլալվեցիների դիերը թաղված են «Եկեղեցու բալան» կոչվող գերեզմանատանը, որպիսին այժմ դեռևս 1930-ական թվերից գոյություն չունի, ի պատճառ մի քանի անհեռատես բարբարոս գյուղական վատ ղեկավար մարդկանց, որոնք, քանդելով այն, քարերն օգտագործեցին գրասենյակ շինելու համար, մի մասն էլ հրեցին ու նետեցին արևմտյան մասի թեք կողմը, իսկ 1960-ական թվերին շատ գերեզմաններ տեղահան արին և տեղը Կուլտուրայի տուն կառուցեցին:
Այսպիսով անհետացան շատ արժեքավոր տեղեկություններով հարուստ հազարից ավելի տապանաքարեր ու մի քանի հարյուր գերեզմանի դիակներ:
Այդ ամենը ծանրացած է մի քանի մարդկանց վրա:
Հավերժ ամոթանք նրանց, ովքեր քանդեցին և պատճառ դարձան այդ դարավոր գերեզմանոցը ավերելուն, դրանով իսկ ընդմիշտ կորավ հազարավոր Ղուլալվեցի (Այգեձորցի) բնիկ և համալրող հայ բնակչության հիշատակը:

Մինչև այսօր էլ հարյուրից ավելի տապանաքարեր կան ցաք ու ցրիվ սփռված այդ գերեզմանոցի տարածքում գտնվող բնակարանների շրջակայքում, փողոցների եզրերին՝ անտեր ու անտիրական։

Լավ կլինի, և խորհուրդ կտանք, որ դրանց տերերը, այդ տհաճ ու ծաղրական վայրերից, իրենց տոհմերի ու բարեկամների տապանաքարերի գրերով ճանաչեն ու դրանք տեղափոխեն գերեզմանոցներից մեկի մոտ և առանց դիերի (ինչպես նշեցի դիերը մնացել են հողի շերտերի տակ առանց հասցեի) շարեն մի հարմար տարածքում։

Ես հավատում եմ և ձեզ էլ հավաստում եմ, որ մեր շատ տոհմակիցներ՝ դրանց թվում նաև Տեր Ղուկասը, Տեր Երեմիան, Ղուկասի որդին՝ Գրիգորը և մյուս զավակներն թաղված են եղել նշածս գերեզմանոցում՝ շատերին տապանաքարեր են ունեցել այն էլ գրավոր։
Ես ինչի վրա եմ հենվում, որ հավատում եմ՝ նախ մերոնք, որ տեղափոխվել են այս գյուղը, սկզբում բնակվելու տեղ են ընտրել և տներ կառուցել այժմյան եկեղեցու բալան կոչվող վայրում, այնտեղ կառուցված եկեղեցու մոտի հարավահայաց տարածքում՝ եկեղեցուն հարող նրա մոտի հին գերեզմանոցին կից, մի խոսքով Մեր Արսեն-ամունց թաղամասում։
Չեր կարող, որ մեր հարգարժան նախնիներն առանց հուշի թողնեին իրենց հարազատներին և հավասարվեին անպատիվներին ու անտարբեր անձանց և արժանանային ամոթանքի։
Դա կատարյալ ճշմարտություն է, նախ հաշվի առնելով նրանց պաշտոնական դիրքը, Սավրունց հեղինակավոր ազգի պատիվը և բնակատեղին։

Հավատում եմ, որովհետև ինքս հետաքրքրվել եմ ու տեսել, մինչև այսօր աջ ու ձախ թափված անտեր տապանաքարերի վրայի գրերը կարդացել եմ, պարզել, որ դրանց մեծ մասը հարյուր տարվա վաղեմություն ունեն։ Ուրեմն պետք է հավատանք, որ մեր տոհմի նախնիներն էլ ունեցել են հուշաքարեր, բայց հասկանալի պատճառաբանված փաստարկներով անհայտ են մնում մեզ։

Միաբերան ողորմի տանք նրանց և սերնդեսերունդ հավերժ պահենք նրանց արժանագույն հիշատակը։

Դա ներկա բնակչության առաջին անգամ Ղուլալի ոտք դրած և հիմնադրված նախնիների երկրորդ մեծ գերեզմանոցն էր, միաժամանակ առաջին գերեզմանոցի կեսը:

Առաջինը Հռիփսիմե եկեղեցու մոտի մեծ գերեզմանոցն է, երրորդը հիմնադրվել է գյուղի վերին արևելյան մասում 1871 թվին, չորրորդը գետի ձախափնյա կողմինն է՝ այգիներից վերևի վաղնջական գերեզմանոցը, որին կից 1967 թվից սկսած շարունակել են գործածել գյուղի բնակիչները, բայց շատ անխիղճ ու տգետ անձիք, ի չարն գործադրելով, հին դիակների վրա են իրենց հանգուցյալներին թաղել:

17-րդ դարի 80-ական թվերից հետո Սավրունց գյուղում համարյա հիմնական բնակվողներ չեն եղել, այն ավերվել է օսմանյան թուրքերի, պարսիկների և լեզգի հրոսակների ամայացնող արշավանքների ու ասպատակությունների ժամանակ։
Վերածվելով ավերակների, դարձել է մի հանդամաս, բայց պահպանել է իր անունն ու երբեմնի փառք հիշեցնող մի քանի հուշարձաններ (ավերակ եկեղեցու մնացորդները, հանգստարանը և մի քանի գրավոր խաչքարեր)։
Այդ զինաբախումների ժամանակ էլ այդտեղի բնակչության մի մասին օտարները քշել են իրենց երկրները, իսկ մեծ մասին հաջողվել է փախչել և ապաստանել շատ թե քիչ ապահով վայրերում։ Նրանց թվում են եղել նաև Սավրունց տոհմազգակիցները, որոնք իրենց այդ հինավուրց վայրից հեռանալով սկզբում բնակություն են հաստատել Բանանց շատ հինավուրց գյուղում, իսկ հետագայում տեղափոխվել են Շամշադին գավառի Ախնջի գետի միջին հոսանքի ափերին գտնվող հնագույն մի ավերված բնակավայրում, որի նախկին բնակչությանը պարսիկները տեղահանել ու տարել էին իրենց երկիրը։
Նախկին Ղալալու (Բերդագյուղ) գյուղն էր, որն ընկած էր Աղջկաբերդ և Երգևանից բերդերի և Խորանաշատ վանքի տարածքի միջնակում՝ Ախնջի գետի աջ և ձախ կողմերում։ Ղալալուն բարբառում գործածվել է Ղուլալի, այդ անունը գյուղն իր վրա է կրել մինչև 1939թ. սեպտեմբերը, որից հետո կոչվում է Այգեձոր։

Ինչու այստեղ գաղթողները հոգևոր հովիվ (առաջնորդ) չունեին, քահանա չունեին և գնացին ուրիշ տեղից բերեցին։ Նախ այստեղ գաղթողները տարբեր վայրերից էին կենտրոնացել՝ Փառիսոսից, Ղարամուրադից, Գյանջայի խանությունից, Ղարաբաղից և այլն։
Ճիշտ է մեծ մասը, բացի Պարսկաստանից վերագաղթողները, կենտրոնացված կարգով որոշ ժամանակ բնակված են եղել Շամքորի Գյուլամբուր գյուղում և վերջին անգամ էլ այնտեղից գաղթեցին Ղալալու, բայց նրանց մեջ էլ քահանա չկար։

Մեր պապերից ու նախնիներից սերնդեսերունդ մեզ է փոխանցվել, որ գաղթողները խիստ անհանգիստ են եղել իրենց հավատը, ծեսերն ու սովորությունները ոտնահարվելու վտանգից, այն պարզ պատճառով, որ այս նոր վայրում ևս ընկած էին մահմեդական տիրակալների իշխանության տակ։
Կոնկրետ դեպքում Քյազում աղայի իրավունքի տակ, որը նստում էր Տավուշ և Ախնջի գետերի միախառնման մասի աջ ափի «բագի բաղ» կոչվող իր զավթած կալվածք-որջում։

Բնակչության մեջ խորն էր արմատավորված եկեղեցու և քրիստոնեական Աստծու նկատմամբ ունեցած հավատը։
Գյուղի առաջին քյոխվան (գյուղապետը) էր ծռնվերանց Նավասարդը, որը ժողովրդի պահանջով երկու անձ էլ վերցրեց ու գնաց Բանանց գյուղ, իր վաղեմի ծանոթ ու բարեկամ՝ այնտեղի հոգևոր պետ՝ քահանա Տեր Ղուկասի մոտ և խնդրեց, որ նա, կամ իր ազգակցականներից որևէ մեկը, գա Ղալալու տերտերություն անի, քանի որ այդ ազգատոհմում կային հոգևոր աստիճան ունեցողներին։

Տ.Ղուկաս Տեր Գրիգորյանը չմերժեց իր բարեկամի խնդրանքը ու խոստացավ իր ընտանիքով և տոհմակիցներով տեղափոխվել Ղալալու (Բերդագյուղ, բերդեր ունեցող գյուղ) և ստանձնել գյուղի քահանայությունը։
Եվ նա իրոք կարճ ժամանակում տեղափոխվում է այստեղ և անցնում քահանայական գործին։

Մի հարց առայժմ պարզաբանման ենթակա է։
Դա այն է, թե Տեր Ղուկասը մենակ է տեղափոխվել այստեղ, թե նրա հետ կամ հետո Սավրունց տոհմակիցներից էլ են տեղափոխվել։
Ես այդ համոզված եմ, որ նրա գալուց հետո տոհմակիցներից անպայման տեղափոխվել են այլ ընտանիքներ, բայց դժբախտաբար նրանցից ոչ մի փաստական տվյալ չկա, բացի բանավոր մեզ հասած կցկտուր այն պատմվածքներից, որի մեջ ասված է, թե երբ Սավրունց տերտերը եկավ Ղալալու գյուղ, ազգականներից էլ եկան, որի համար տերտերը շատ էր ուրախացել, բայց նրանց մասին ոչինչ հայտնի չէ՝ ոչ անունները, ոչ էլ վախճանի մասին։
Ըստ երևույթին նրանք թաղված են «Միջին գերեզմանոցում» կամ գուցե հենց Հռիփսիմե եկեղեցու գերեզմանոցում՝ բայց գրավոր չէ։
Մի տեղեկություն էլ կա, որ այստեղ բնակվել են տերտերի ազգակից միայն երկու ընտանիք, որոնցից հայտնի են Սահակ (Իսահակ) և Դանիել անունները։

Կա և այն փաստը, որ վրաց թագավոր Իրակլին 1786 և 1790 թթ. բռնի գաղթ կազմակերպեց Շամշադինից Ղարաբաղ, Գյանջայի խանություն և Շուլավեր։
Հավանական է, որ այդ ժամանակ մեր այստեղ եղած տոհմակիցներից էլ տարած լինեն, հատկապես դեպի Գյանջայի Բանանց գյուղ։
Ես հետաքրքրվել եմ նաև Շուլավերում, բայց դրական ու պարզ արդյունքների չեմ հասել։ Այնտեղ կան Տեր Գրիգորյան ազգանունով գրվող երկու ընտանիք, բայց նրանք ոչինչ չգիտեն իրենց տոհմական ծագման մասին։

Միայն որոշ հետաքրքրություններից հետո աղոտ տվյալներ ի հայտ դարձան, որ այդ տոհմի շառավիղները, մնալով Բանանց գյուղում, գոյատևել են մինչև մեր օրերը և մականվանվում են «ՔԻՔՈՒՆՔ» ու ազգանվանվում Գրիգորյան։
Կան նախնիների անունների համեմատական նմանություն, կրկնություն, բնավորության և այլ հատկանիշների մոտիկություն, նույնիսկ նմանություն, բայց քանի որ այդ բաժանումը տեղի է ունեցել երկուսուկես դար առաջ, հնարավոր չէ ռեալ հավատի հասնել, բայց սխալված կլինենք, եթե միանգամից ասենք, որ դրա մեջ ճշմարտություն չկա։
Ոչ, կա ճշմարտություն, Սավրունց տոհմը, որ մի ամբողջ գյուղ է ունեցել, չէր կարող մի մարդով լինել, միայն մեզ հայտնի Տեր Ղուկաս անձով՝ յուր ընտանիքով։ Այդ տոհմի մեզնից բաժանված ու աճով շարունակված ճյուղերն ու սերունդները գոյատևել են, այժմ էլ ապրում են, բայց մեզ առերես անճանաչ են , անհայտ են մնացած։
Գուցե եթե հետևողական և անձանձրանալու հետաքրքրվենք, այն էլ առանց շտապել, կարելի է պարզաբանել ամեն ինչ և´ ես, և´ դուք՝ հարգելի ազգակից-տոհմակիցներ, պետք է այդ անհայտացածը հայտնի դարձնենք, թեկուզ ուշ, թեկուզ եզակի փաստով, բանավոր կամ գրավոր, տապանաքարերով, որ ամենավստահելի փաստերն են։
Այո, պետք է, որ մենք ոչ միայն մեր նախնիների մոխրացած փոշին հիշենք, այլև տոհմի վառած ամենահին կրակը վառ պահենք ու ավանդենք, որ մեր ժառանգությունն էլ նրա բոցը վառ ու բոսոր պահի։

Իսկ ինչ մնում է Շուլավեր տեղափոխվածներին, նրանք էլ հետագայում մեծ մասամբ ետ վերադարձան էլի իրենց հայրենի Ղալալու, բայց 30-40 տարի հետո, փաստորեն մեկ սերնդի անցնելուց (կյանքի տևողություն) հետո։
Հենց այդ էլ հիմք ընդունելով մեր գյուղի որոշ տարեց բնակիչներ սխալ կարգով պնդում են, որ իբր թե իրենց նախնիները Շուլավերից են տեղափոխվել այստեղ։
Այդ սխալը մեր ապագա սերունդը չպետք է կրկնի։

Ինչևիցե, այն, որ ռեալ հիմք չունի, նրա մասին ենթադրություններն ավելորդ են, բայց էլի կզբաղվենք և արդյունքների մասին կգրենք այս տոհմագրքում։
Միայն այս բոլորից հետո մենք իմացանք, որ Սավրունցից այստեղ են տեղափոխվել երկուսից երեք ընտանիք՝ քահանայի ընտանիքով հանդերձ։
Մի ստվերոտ տեղեկություն էլ է մեզ հասել, որ Ղուկասն ունեցել է եղբայրներ՝ Իսահակ, Դանիել, Ստեփան, Հարություն, Կարապետ և Սարգիս անուններով։

Տեր Ղուկասը իր ընտանիքում ունեցել է երկու տղա՝ Գրիգոր և Յովհաննես անուններով, ունեցել է նաև աղջիկներ ։ Տոհմի համառոտ պատմությունը գրելով ես, որպես հնուց արմատավորված սովորություն, ժառանգությունը տալիս եմ ավագ սերնդի հաջորդականությամբ, որի հետ լիիրավ կարգով տալիս եմ մյուս բոլոր տոհմակիցների նկարագրությունը։

Երբ մերոնք տեղափոխվեցին, սկզբում իրենց տունը կառուցեցին գյուղի կենտրոնում՝ ներկայիս եկեղեցու բալանի հարավային կողմում՝ եկեղեցուն մոտիկ, միայն 19-րդ դարի կեսերին, երբ արդեն տոհմակիցները բազմաճյուղ են դարձել, տեղափոխվել են Չատունց բալանի հարավային մասի ազատ հողամասը և հիմնադրել Սավրունց տոհմական թաղամասը, իսկ 1950-ական թվերից հետո տոհմի սերունդները նոր թաղամասեր են տեղափոխվել և կառուցել գեղեցիկ բնակարաններ։
Մամիկոնի և Համազի գերդաստանները գյուղի կենտրոնի վերին մասում, Հայկազը՝ ի ծնե բնակվում է Գոմեր թաղամասում, Իսակը, Բագրատը, Ժորիկը, Արտակը և Մակիչը՝ Միջին թաղամասի այգիներում՝ կամ դպրոցի երկու կողմերի այգիներում, Ալեքսանը և Նորիկը՝ գետի ձախ մասի այգիներում։
Մեր Սավրունց հիմնադրած երկրորդ թաղամասում մնացել են Սումբաթի, Ենոքի, Լևոնի և Մեխակի տնտեսությունները, իսկ Ստյոպան բնակություն է հաստատել Այգեձորի Մրմնջանի թաղամասում։ Արշակի և հոգեորդի գնացած Սուրենի ընտանիքները 1949 թթ. տեղափոխվել են Էջմիածնի շրջանի Նեջռլու(Սայաթ-Նովա) գյուղ և հիմնական բնակություն հաստատել այնտեղ։
Մակիչի տղա Սամվելը հիմնական բնակվում է Երևան քաղաքում՝։
Երևանում են բնակվում Ալբերթ Համազին, Բագրատ Ստեփանին, Արիս Մեխակին, Սուրիկ և Բաբկեն Իսակիները, Սոչիում՝ Ռուբեն Արտակին, Բերդ գյուղում՝ Արտակի տղա Մարսելը, Կուրսկում հիմնական բնակություն է հաստատել Իսակի մեծ տղան (առաջին կնոջից) Վազգենը։
Միաբերան ողորմի տանք վերին նշածներին և սերնդեսերունդ հավերժ պահենք նրանց արժանագույն հիշատակը (2020 թ)։

Իմիջայլոց հիշատակենք, որ այս մեր տոհմը ըստ երևույթին ամենավաղ ժամանակներից է ազգանվանվում Տեր Գրիգորյան, հետո էլ Գրիգորյան։Այս բանը հաստատվում է նրանով, որ հայերիս մեջ պարտադիր սովորություն է եղել տոհմի նահապետին անմոռաց չթողնել, որի համար թոռը պարտավոր էր իր որդու անունը դնել ու կնքել յուր պապի անունով, բացի այդ ազգանուն փոխելն էլ անթույլատրելի է եղել։
Այդ երևում է մեր տոհմի նախնիների ճյուղերի սերունդների հաջորդող նույնանման անուններից էլ։
Օրինակ մեզ հայտնի Գրիգորյաններից է Տեր Ղուկասի ավագ որդի Գրիգորը, Տեր Յովհաննեսի որդի Տեր Գրիգորը, Ստեփանի որդի Գրիգորը (Քիքի պապը), նույն կարգով Ստեփանները և մյուսները։Սակայն ազգանվանումը մնացել է Նահապետի անունից՝ միշտ նախապատվությունը տվելիս է եղել ավագի ճյուղին։

Մի բան պարզ լինի, որ հնում և մինչև 19-րդ դարի վերջերը, ըստ ավանդական սովորության, ազգանունները գրվում էին պապի կամ հոր անունով, համարյա աղավաղված ձևով և մեծ մասամբ վերջանում էին «ց» տառով: Օրինակ Գրիգոր Տեր Յովհաննեսեան կամ Յովհաննեսյանց, Ղուկասեանց և այլն:

Իսկ օտար զավթիչների տիրապետության ժամանակաշրջանում՝ գրում էին միայն անունը, ավելացնելով որդի այսինչի:

Այդ նույն կարգով էլ մեր ազգանունն է փոխանցվել սերնդեսերունդ: Նաև սովորություն է եղել և այժմ էլ մասամբ շարունակվում է, որ զավակի անունը դնում են պապի, տատի, հոր և մոր անուններից, որպեսզի անմոռաց մնա տոհմահիմքը:

Մեր գյուղում կան մի քանի տոհմաճյուղեր, որ ազգանվանվում են Գրիգորյան, բայց նրանք ոչ մի ազգակցական և արյունակցական կապ չունեն մեր Գրիգորյանների հետ։
Այսպես Շալականք, որ Միզունց, կամ Մկնանց ազգակից են, գրվում են Գրիգորյան, Դոյչանք (Դլչանք), Գալասարանք, որ ազգակից են Ծռնվերանց (Բաբաքյոխվյաններին), գրվում են Գրիգորյան։ Մազակովանք, իսկականից Ուլումանք ազգանվանվում են Գրիգորյան և ուրիշներ։
Որպեսզի այս թյուրիմացությունը չարմատավորվի, մեր ազգի սերունդները պետք է լավ իմանան, որ Սավրունք գրվելով Գրիգորյան, ոչ մի ազգակցական կապ չունեն գյուղում բնակված մյուս Գրիգորյանների հետ, այլ կազմում են առանձին տոհմ և նրանց հիմքը ի սկզբանե եղել է Տեր Գրիգորյան։ Մեզ միայն տոհմակից ենԵրեմյան-Արսենանց Գեղամի տոհմաճյուղային շառավիղը, որը Տեր Գրիգորի տղա Տ. Երեմիայի անունով է։

Այժմ նշում եմ նաև ըստ սերնդի, թե ովքեր են պատկանում այստեղ գալու պահին առաջին սերնդին, իսկ նրանից առաջ եղածները, որ մեզ անհայտ են, անհայտ էլ թողնում եմ, իսկ թե մինչև մեզ հայտնի եղածը քանիերորդ սերունդ է անցել, այդ մասին լռում եմ՝ հիմք չունենալու պատճառով։

Առաջին սերունդը ընդունենք Տեր Ղուկասի պապը, որի անունը հավանաբար եղել է Տեր Գրիգոր, իր ժառանգներով հանդերձ, որի մասին կարելի է գրել միայն այն, որ Սավրունց գյուղից իր որդի Հովհանեսի հետ տեղափոխվել է Բանանց գյուղ և բնակություն հաստատել իր տոհմակիցներով՝ Քիքունք մականունով։

Երկրորդ սերունդը եղել է Տեր Գրիգորի որդի Հովհանեսը, դարձյալ ապրել է Բանանց գյուղում:

Երրորդ սերունդը(Ղալալույում Առաջին սերունդը) արդեն մեզ ստույգ հայտնի Տեր Ղուկասը, կյանքի կեսը անց է կացրել Բանանց գյուղում, կեսը Ղալալույում:

Մի կարևոր բան էլ նշենք, որ այստեղ գալուց հետո յոթ սերունդ իրար հաջորդող յոթ անվանի հոգևոր գործիչներ, կամ յոթ քահանաներ են տվել ժողովրդի համար ծառայելու, որոնց անունները անմոռաց են մնացել ոչ միայն մեր տոհմակիցների ու բարեկամության մեջ, այլև հասարակության ու այլ ճանաչողների հիշողության մեջ։

Ես մեծ բան չեմ կարողացել հիշատակ թողնել մեր ներկա և ապագա սերունդներին, բայց և այնպես մի բան արել և անում եմ այդ ուղղությամբ։
Գրել եմ Շամշադինի պատմությունը՝ «ՏԱՎՈՒՇ» վերնագրով, իմ հեղինակությամբ արդեն տպագրվել է «Գրիգոր Մանուչարյանի պարտիզանական ջոկատը» վերնագրով մի ծավալով փոքր, բայց բովանդակությամբ մեծ ու արժեքավոր գրքույկ՝ նվիրված Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելու 150 ամյա հոբելյանին։
Այս գրքույկը նույնությամբ, դեռ մի քիչ էլ ծավալուն հրատարակվել է «ԷՋՄԻԱԾԻՆ» ամսագրում, որը առաքվում է նաև արտասահմանյան հայության համար։
Գրել եմ նաև «Շամշադինի պատմական հուշարձանները» պատկերազարդ գրքույկը, «Էպիզոդներ հայրենական մեծ պատերազմի շամշադինցի պարտիզանների մասին» գրքույկը, որը 1971-1972 թթ․ լայն կարգով հրատարակվել է «Այգաբաց» թերթում՝ հոդվածաշար կարգով և այլ մանր-մունր պատմվածքներ և այլն։
Եթե ինձ բախտ չվիճակվի դրանք տպագրել տալ ու լայն կարգով հրատարակել, հույս ունեմ, որ ապագայում դրանց տպագրել տալը իմ ժառանգության և տոհմասերունդների կողմից անպայման կիրագործվի։
Խնդրում եմ նման բարի գործ ձեռնարկելու դեպքում գրված տեքստերը փոփոխության չենթարկել, որովհետև այն խորը կարգով ուսումնասիրված, ճշտված և հետո է գրված։

Սիրով նվիրում եմ մեր՝ ՍԱՎՐՈՒՆՑ /ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ/ հարգարժան տոհմի նախնիների անմար հիշատակին և ապագա մեր տոհմասերունդներին։
Ավանդում եմ միշտ բարձր պահել տոհմի արժանապատվությունն ու գերազանցությունը, նրա բարի տրադիցիաները և առհավետ՝ սերնդից- սերունդ շարունակել նրա գոյատևության պատմության գրառումը ու խնամքով պահպանումը։

1960թ. Ապրիլ

Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան։

Սա այն Արտակ Կարապետինն է,որը հետպատերզմյան ծանր տարիններին վոչ թե միայն կարողացավ իր բազմանդամ ընտանիքը վորակյալ պահել և բոլոր երեխաններին կրդություն տալ , այլ և իր համեստ ուսոցչական աշխատավարձի մի մասը տրամադրեց մեր ազգի արմատների փնտրելուն։
Այս պատմական դեմքը՝ համենայն դեպս մեր ազգի համար, կատարել է անգնհատելի ,փառքի առժանանալու աշխատանք։
Որի աղբյուրներից օգտվելով , կարողենք վստահորեն կառուցել մեր Տոհմածառը , և որպեսզի ապագայում չկորցնենք այրունակցական կապը սերնդե-սերունդ։
Հավերժ հիշողություն քեզ՝ մեր ԱՐՏԱԿ ՍԱՎՐՈՒՆՑ, քո սկսած սուրբ գործը շարունակվում է։

Միաբերան ողորմի տանք իրեն և սերնդեսերունդ հավերժ պահենք նրա արժանագույն հիշատակը (2020 թ), Ապրել։
GENO SAVRUNC