Ծնվել է 1890թ. սեպտեմբերի 10-ին Շամշադին գավառի Ղալալու (Ղուլալի, այժմ Այգեձոր) գյուղում, աշխատավոր հողագործի ընտանիքում։
Փոքր հասակից նրա հայրը տղային սկզբում գյուղում տվել է սովորելու քահանա՝ Անուշավան Նադիրյանի մոտ, սա Հին Բաշքյանդցի էր՝ մեր գյուղում քահանա էր։
Նրանից հետո մեր գյուղացի Սարգիս Ղազարյանն է լինում գյուղի քահանան, որի մոտ ուսումը շարունակում է Ստեփանը, ապա մի ռուսի մոտ՝ 1903թ., որից հետո սովորել է երկդասյան դպրոցում՝ Յավրի Ղազարյանի մոտ, սա Բադա գյուղացի էր ու որպես քահանա աշխատում էր մեր գյուղում, ապա սովորել է Անդրեաս Հովասափյանի մոտ։
Վերջինս Ղարաբաղի Գյուլիստան գյուղից էր։
Նրա սերունդներն այժմ ապրում են Կիրովաբադ քաղաքում, իսկ իր տունը գտնվում է քաղաքի Հովսեփյան փողոցի վրա։
Ստեփանը միջոցներ չունենալով շարունակել է ուսումը, գնացել է Գյանջա և աշխատանքի անցել փոստում՝ որպես ցրիչ, ամսական 20 ռուբլի աշխատավարձով, որի հիսուն տոկոսը տալիս է եղել մաթեմատիկայի մասնավոր մի ուսուցչի, որ իրեն սովորեցնի մաթեմատիկա։ Զբաղվել է նաև ինքնակրթությամբ մինչև 1911թ.։
Այդ տարեթվում նա էքստեռն կարգով ավարտել է գիմնազիան։ 1912թ. զորակոչվել է ցարական բանակ և ծառայել է մինչև 1917թ., իսկ մինչև 1920թ. կռվել է Անդրկովկասում՝ Թուրքիայի դեմ։
Ցարական բանակում եղած ժամանակ ավարտել է Օդեսայի ռազմական սպայական դպրոցը և ստացել արտիլերիայի լեյտենանտի զինվորական աստիճան, հետագայում նրա կոչումը բարձրացվել է և նա ստացել է Շտաբս կապիտանի աստիճան։
Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, որպես սպա նա ղեկավարել է զինվորական միավորումներ ու ստորաբաժանումներ, կռիվներ է մղել Արևմտյան, հարավային և կովկասյան ռազմաճակատներում և աչքի է ընկել Գերմանիայի ու Ավստրոհունգարիայի դեմ կռվելիս, որի համար նա արժանացել է պարգևների։
Ստացել է «ԳՅՈՐԳԵՎՍԿԻ», «Վլադիմիրի», «Աննայի», «Ստանիսլավսկու» շքանշաններ (Գեորգևսկին եղել է խաչ)։
Կովկասում մասնակցել է Ղարսի, Օլթիի, Ալեքսանդրապոլի, Սարղամիշի և Ալագյազի պաշտպանության համար մղված մարտերին։
Օլթիի ճակատամարտում մասնակցել է գեներալ Մազմանյանի բանակում՝ ընդդեմ թուրք Ղարաբեքիր Քյազում փաշայի՝ թուրք զորքերի և լավ ջարդ է տվել նրանց իր զորագնդով։
Գյուղ վերադառնալով 1920թ. ոտքից վիրավորվում է «Կարմիր քար» կոչվող վայրում պատահական ձևով։
Համագյուղացի Հակոբ Մ. Սառիկյանը չիմանալով կրակում է թաքստոցից և վիրավորում նրան։
Բուժվելուց հետո 1920-21թթ. աշխատում է որպես ուսուցիչ և Ղուլալվի գյուղական խորհրդի նախագահ, ապա 1921թ. վերջերից նորից անցնում է ուսուցչական աշխատանքի մինչև կենսաթոշակի անցնելը՝ 1957թ.։
Այդ ժամանակամիջոցից 26 տարին աշխատել է որպես դպրոցի դիրեկտոր՝ Բերդ գյուղում (շրջկենտրոնում) և Ալավերդու (Թումանյանի) շրջանում։
Ունի բարձրագույն կրթություն, գերազանց էր տիրապետում ռուսաց լեզվին և մեծ մասամբ դասավանդել է ռուսերեն, ապա աշխարհագրություն, քիմիա, բիոլոգիա, ֆիզիկա, գյուղատնտեսություն և այլն։
Նա մեծ և արժեքավոր ներդրում ունի նշված շրջանների լուսավորության ու կրթության, ինչպես և կադրերի պատրաստման գործում։
Չկա գյուղ մեր շրջանում, որ նրա կրթած ու դաստիարակած կադրերից չլինի։
Նրա սաներից շատերն են հասել ինժեների, գիտնականի, ուսուցչի, բարձր հրամանատարի, պաշտոնական անձանց աստիճանի։
Նա ոչ միայն ուսուցիչ էր, այլև ակտիվ հասարակական գործիչ էր, մեծ պրոպագանդիստ։
1930-ական թթ. Շամշադինում ծագած ավանտյուրաների ժամանակ նա անձամբ մեծ դեր կատարեց Այգեձորի բնակչությանը հեռու պահելու այդ անմիտ կամպանիայից և միաժամանակ նա կազմակերպեց գյուղի կոլտնտեսության ու մասնավոր տնտեսությունների վարն ու ցանքը՝ ողջ գարնանացանի գործը, պետական ունեցվածքի (խանութներ, պահեստ և այլն) պաշտպանությունը և այլն։
Մի խոսքով ամբողջ գյուղի անդորրությունն ու նորմալ աշխատանքները։
Նա ֆիզիկապես էլ մասնակցում էր աշխատանքներին։ Դա լավ օրինակ էր բոլորիս համար։
Նա ոչ մի կուսակցության անդամ չի եղել, բայց միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը և կոմունիզմի գաղափարը, եղել է անկուսակցական բոլշևիկ։
Ստյոպան ունեցել է շատ հակառակորդներ, որոնք ինչքան էլ պայքարեցին, որ նրան շարքից հանեն, հեղինակազրկեն, չկարողացան, քանի որ նա մաքուր անձ էր քաղաքական առումով։
Ժամանակավորապես նրան հալածեցին և նա կրեց դժվարություններ, բայց մնաց արդար, նրան նետած կեղծ մեղադրանքները չապացուցվեցին և նրա հակառակորդները պարտված մնացին ու հիմնազուրկ։
Ստեփանը 1917թ. հոկտեմբերին երեք օր Մսկվայում կռվել է յունկերների դեմ, որոնք Կրեմլի պատերի տակ կռվում էին սովետների դեմ։
Նա լսել է Սվերդլովի ճառը զինվորների հետ և ծափահարել նրան, լավ է հիշում, որ նա կոչ էր անում զինվորներին՝ զենքը ուղղել ցարիզմի ու կապիտալիստների դեմ։
Ստեփանը բանակում ծանոթ է եղել ընդհատակյա աշխատող հեղափոխական գեներալ Սամոսեևի հետ, նա նույնիսկ մի անգամ մի ընդհարման ժամանակ փրկել է Ստյոպայի կյանքը՝ 1913 թվին, դաժան կապիտանից։
Կապիտանը եղել է Ազանովը, որը շատ կոպիտ է եղել զինվորների հետ։
Ստյոպան ունեցել է երկու տղա և երեք աղջիկ, որոնցից երկու աղջիկները փոքր հասակում մահացել են։
Արուսը ամուսնացած է Զանգլունց Հարությունի (Կաստուլի) տղա Աբելի հետ, որը դեռ երիտասարդ ժամանակ անտառում՝ Քոլագիր վայրում ընկավ ծառի տակ և մահացավ՝ Արուսի վրա թողնելով երեք մանկահաս տղաներ։
Այդ դեպքը ծանր անդրադարձավ Ստյոպայի վրա։
Ստյոպայի տղա Էդիկը ավարտել էր հիդրոմելորատիվ տեխնիկումը, իսկ Բագրատը՝ բարձրագույն կրթություն է ստացել քիմիայի գծով, հասել է գիտության թեկնածուի աստիճանի, ամուսնացած է Թիֆլիսեցի Լենա Շատվորյանի հետ, որը բարձրագույն կրթությամբ բժշկուհի է։
Ստյոպայի մեծ տղան, որ ամուսնացած էր Անագյուլի տղա ցեղ՝ Ենոք Հարությունյանի Օրդյանի աղջիկ Ռիմայի հետ, շատ չապրեց, երիտասարդ հասակում Բրոնխիտից մահացավ՝ 1973թ. սեպտեմբերի 2-ին և մեծ վիշտ պատճառեց ծնողներին ու հարազատներին։
Էդիկը զավակ չունեցավ, բայց ամուսինները մի մանուկ որդեգրեցին, որով էլ մխիթարվում էին։ Նրա անունը Վահրամ է, որը պետք է ծխի հոր ծուխը՝ Էդիկի որբ թողած կնոջ հետ։
Ստյոպան միջահասակից քիչ բարձր, աշխատասեր, սիրուն ու համեստ, կրթված ու առաքինի անձ էր, անշառ և կարեկից, քաղաքավարի, խորհրդատու, հյուրասեր, ընկերասեր ու բարեկամասեր մարդ։
Նա այժմ էլ՝ 90-ամյա հասակում, չի կտրվում ոչ՛ գրքից, ոչ՛ թերթերից, նա շատ հայասեր և ազգասեր էր։
Հագնում էր համեստ, մաքուր, մի քիչ կաղում էր վիրավոր ոտքի պատճառով, բայց դա չէր խանգարում, որ նա մեկ-մեկ դուրս գար գյուղամեջ զրուցելու, թարմանալու համար։
Նա շատ էր հետաքրքրվում միջազգային նորություններով, օրվա իրադարձություններով և այլ անց ու դարձով։
Ստյոպան շատ էր սիրում իր հայրենի բնությունը, որս, պատմություն և հատկապես հայ ժողովրդի պատմությունը, որի մասին նա լիարժեք տիրապետում էր, լավ գիտեր Հայաստանի ճակատագիրը՝ անցյալում և հետ հոկտեմբերյան շրջանում, տխրում և ուրախանում էր, որ հայերը ռուս մեծ ժողովրդի անշահախնդիր օգնությամբ ձեռք են բերել ազատություն ու պետականություն։
Շատ կապված էր ժողովրդի հետ։
Նա գրի է առել իր ռազմաճակատային հուշերը, որ անց էր կացրել առաջին համաշխարհային պատերազմում, հատկապես 1919-1921թթ. մասին և այն հանձնել էր, որ տպագրեն, սակայն չէր հաջողվել այդ հուշերի տպագրումը և այդպես էլ մնում է իր անձնական արխիվում, հույս հայտնենք, որ մի օր այն կտպագրվի իր արժանավույն տեղում։
Լինելով պրոֆեսիոնալ ռազմիկ ու հրամանատար, շատ էր սիրում ռազմական գործը։
Ինքը հայտնի արտիլերիստ է եղել։
Ունեցել է բարձր հեղինակություն, այդ երևում է ոչ միայն սրա փաստաթողթերից, այլև այն ֆոտո նկարներից՝ իր մեծաքանակ զինվորների հետ ու բարձր սպայական կազմի շարքերում։
Նա սիրում էր իր ազգականներին և միշտ խորհուրդ էր տալիս, որ ունենան շատ զավակներ, հատկապես տղաներ ծնվելու դեպքում շատ էր ուրախանում և կրկնում էր իր հոր թևավոր խոսքերը. «Տղան հոր օջախի պատիվն է, այն տղան տղա չէ, որ իր հոր տան փարդու վրա փարդի չավելացնի» և այլն։
Ինքը շատ լավ խրատական խորհուրդներ էր տալիս բոլորիս։
Ատում էր գողությունը, գռփողությունը, վատությունը, անարդարությունները, հարբեցողությունն ու ծխելը, որպես մեծ չարիք կյանքի համար և ինքը պայքարում էր այդ բոլորի դեմ ու քարոզում բարին, լավը, բարեկամությունը, աշխատանքով հալալ ապրելը և այլն։
Ստյոպան լավ խոսել գիտեր և հարյուրավոր ամբիոններից զեկուցումներ է արտահայտել, թամադություն է արել։
Նա պարծենկոտ չէր, իրեն պահել է և այժմ էլ պահում է համեստ, կուլտուրական մարդ էր բառիս բուն իմաստով։
Ինքը և իր երեք եղբայրներից ոչ մեկը չէին ծխում, նրանք էլ համեստ ու շատ քաղաքավարի, ծանրակշիռ դատող մարդիկ էին։
Նա ամուսնացած է Ղալեչունց Հովակիմի աղջիկ (մոր անունը Նուբար) Եսթերի հետ։
Եստեր Ղալեչյանը ծնվել է 1902թ., ուներ տարրական ռուսական կրթություն, բարի կին էր, քաղաքավարի, այժմ էլ ապրում է ամուսնու հետ (1980թ. մայիս)։
Ամուսինները համեստ խաղաղ ապրեցին, սակայն 1973թ. սեպտեմբերի 2-ին մեծ հարված ստացան, Էդիկ որդին մահացավ և ծանր վիշտ ու սուք թողեց նրանց, այնպես էլ մեզ բոլորիս վրա։
Ստյոպայի տունը կառուցված էր «Մրմնջանի թաղ» կոչվող վայրի վերջին մասի բարձրադիր տեղում։
Նա, երբ բաժանվել է, տեղափոխվել է այնտեղ, սակայն տղայի մահից հետո, որի հետ միասին էր ապրում, այլևս այնտեղ չմնաց, տեղափոխվեց Միջին թաղամաս՝ փոքր տղա Բագրատի մոտ և այժմ էլ ապրում է այնտեղ։
Կենսաթոշակառու է, զբաղվում է թեթև կարգով մեղվաբուծությամբ։ 90 տարեկան հասակում է ապրում, բայց դեռ համեմատական կարգով լավ է տեսնում, քիչ թուլացել է լսողությունը, բայց լսում է, դեռ ինչպես ասում են ոչ ինքը, ոչ էլ կինը ուրիշի խնամքի չեն ընկել, խոսքս զգայարանների մասին է՝ եփելու, կերակրելու, ուղեկցվելու մասին է։
ԵՍԹԵՐ ՀՈՎԱԿԻՄԻ ՂԱԼԵՉՅԱՆ-ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1902-1982թթ
Դեկտեմբերի 21-ին։ Դին հանգչում է իր հայրենի Այգեձոր գյուղի գերեզմանատանը (գետի ձախափնյա մասի)։
ՍՏԵՓԱՆ ՎԱՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1890-1983թթ.
Դեկտեմբերի 21-ին, ուղիղ նույն օրը, երբ մեկ տարի առաջ վախճանվեց իր կինը ։
Դին հանգչում է վերը նշված գերեզմանոցում։
Ապրեց 93 տարի, 3 ամիս։
Հիշեք ժառանգորդ սերունդներ հավիտյանս։
Հավերժ փառք նրանց…
1918թ. Ղարաքլիսայի (Կիրովականի) հայտնի ճակատամարտի նախօրեին էր, որ թուրքական բազմահազարանոց քանակը հասել էր Ալեքսանդրապոլ և շուտով պիտի հարձակվեին միաժամանակ Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ Ապարանի վրա։
Դաշնակցության խմբապետներից մեկի հրամանով, նախօրոք ձերբակալված չորս կոմունիստ հեղափոխականների, առանց դատ ու դատաստանի պետք է գնդակահարեին Համզաչիմանի անտառի եզրում։
Այն ի կատար ածելու համար կոմունիստներին հանձնում են ռուսական զորքերից Կովկաս ուղարկված զորամիավորներից (որտեղ մեծ թիվ էին կազմում հայ զինվորները) մեկի գեներալին, վերջինս իր մոտ է կանչում շտաբս կապիտան Ստեփան Վանեսի Տեր Գրիգորյանին և հրամայում ի կատար ածել խմբապետի հրամանը և արդյունքների մասին զեկուցել խմբապետին։
Ստեփան Գրիգորյանը չորս զինվորների հանձնարարում է կատարել հրամանը, բայց կարգադրում է, որ ոչ մեկի չգնդակահարեն, այլ կեղծ համազարկ տան օդում և նրանց արձակել ուղարկեն տուն և իր անունից պատվիրեն զենք վերցնել ու կռվի ելնել Հայաստանի զորամիավորների հետ միասին թուրքական բարբարոսների դեմ, որոնք ներ էին խուժել Հայաստան վերջ տալու հայ ժողովրդին։
Խմբապետին, որպես ապացույց, չորսի հագուստներից մի-մի հատ էլ վերցնել, արյունոտել վիրավորներից մի քանիսի արյունով և ներկայացնել նրան։
Այդպես էլ վարվում են։
1930-ական թվերին, Ս. Գրիգորյանի նկատմամբ համագյուղացի երկու անձանց կեղծ տեղեկությունների հիման վրա որոշվում է նրան աքսորել Սիբիր, բայց երբ նա ներկայանում է քննության, հանձնաժողովի նախագահը, որ այն չորս մահապարտյալներից մեկն էր, ճանաչում է իրեն ազատողին և անմիջապես գրկում ու որպես անմեղ ազատում Ստեփան Տեր Գրիգորյանին՝ միանգամայն արդարացի կարգով։