Ծնվել է 1863թ․, վախճանվել է 1922թ․ նոյեմբերի 17-ին Շամշադինի շրջանի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ չքավոր հողագործի ընտանիքում։
Կարճատև հիվանդացել է և բժշկության սակավության պատճառով անբուժելի է մնացել, որի պատճառով էլ վախճանվել է։
Նա ամուսնացած է եղել Գյանջայի (այժմ Կիրովաբադի) նահանգի Միրզիկ գյուղացի Հանես Ավագիմյանի աղջիկ Անուշի հետ, եղել է համարյա գրագետ և երիտասարդ հասակից մինչև կյանքի վերջը եղել է անտառապահ, մեծ մասը ավագ անտառապահ՝ Միրզիկից մինչև Ղազախ-Քարվանսարայ (Իջևանի շրջան), այն էլ խիստ մասսայական ճանաչված աշխատող, որն իր լավագույն աշխատանքի համար մի քանի անգամ պարգևատրվել ու խրախուսանքի է արժանացել վերադասի կողմից։
Դեռ երիտասարդ ժամանակ աշխատանք ու արհեստ որոնելու նպատակով գյուղից գնում է Գյանջա քաղաք և որպես բատրակ ծառայություն է անում այնտեղի հարուստ և գուբեռնիայի անտառապետ ՂՈՒԿԱՍՈՎԻ տանը։
Նա 18 ամյա Գրիգորի ընդունակությունները տեսնելով նրան նշանակում է Միրզիկ գյուղի անտառապահ, որտեղ էլ նա սիրահարվում է գեղանի Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակից հետո Գրիգորի հետ Միրզիկում մի անախորժ դեպք է պատահում, որի պատճառով էլ Գրիգորը տեղափոխվում է Շամշադինի գավառ՝ նույն պաշտոնով, իսկ հետո նշանակվում է ավագ անտառապահ։
Այդ անախորժության պատճառը եղել է այն, որ այնտեղ մեծ մասշտաբի անտառախախտում էր տեղի ունեցել մի խումբ թուրքերի կողմից, երբ Գրիգորը դեպքի վայր է հասնում, խիստ վեճի է բռնվում նրանց հետ։ Այնտեղ անտառ խախտողները կրակում են Գրիգորի հետ այնտեղ ժամանած իր ընկեր անտառապահին ու սպանում, որպեսզի թաքցնեն խախտման հետքը, մտադրվում են սպանել նաև Գրիգորին։
Այդ ժամանակ 20 ամյա Գրիգորն էլ կրակում է անտառապահին սպանողի վրա ու սպանում, որով էլ այդ գործը բարդանում է։
Այդտեղ են գալիս շատ պաշտոնյա և ոչ պաշտոնյա մարդիկ, ակտեր են կազմում և գործը հանձնում դատարան։
Այդ թվում որպես մեղավոր դատի առաջ կանգնում է նաև Գրիգորը, բայց դատարանն արդարեցնում է Գրիգորին ու մեղադրում նրանց։
Բայց նրան այլևս հնարավոր չէր մնալ Միրզիկում, վտանգը վերահաս էր հանցագործների և նրանց բարեկամների կողմից։
Ղուկասովը հաշվի առնելով այդ ամենը նրան հրամանով տեղափոխում է Շամշադին, հենց իրեն հայրենի Ղալալու գյուղ որպես անտառապահ, այդ ժամանակ Շամշադինը մտնում էր Ելիզավետապոլի նահանգի վարչական տարածքի մեջ։
Գրիգորը ոչ մի կուսակցության կամ հոսանքի չի հարել, չի պատկանել, եղել է շատ խորհրդատու, վերին աստիճանի բարեխիղճ ու համեստ մարդ, հասակը եղել է բարձր՝ պարթև սիրունատես, պահել է բեխեր, ժպիտը միշտ դեմքին, կրել է հրացան, փամփշտակալ (ղաթար), խենջար։
Նրան, որպես արժանվույն քաղաքացի, ճանաչում էին ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները։
Մի անգամ մեր շրջանին հարևան Այբայլու գյուղում հյուր էի, տան տերը՝ ծերունի Մեհրալին, պատմեց հետևյալը․ «Մի անգամ տուն կառուցելու համար երկու սայլով Ղուլալվի անտառից գերաններ էի տեղափոխում մեր գյուղը, հանկարծ պատահեցին ավագ անտառապահն ու լեսնիչ Գրիգորը՝ 1915 կամ 1916թթ․ էր, ութ հատ կաղնի գերան էի կտրել՝ առանց տոմսի։
Պատահեցին ներքին Ղզղալայի ճանապարհին, հարց ու փորձ արին և իմացան ովքեր ենք, ուր ենք տանում։ Տեսնելով իմ սարսափահար վիճակը, նեղություն չտվեցին, լուսահոգի Գրիգոր Ստեփանօղլին, նստելով իր հրեղեն ձին, միայն մի խոսք ասաց․ «Այ Մեհրալի, երեսդ շուռ տուր մյուս կողմը, մենք անցնենք հետո սայլերդ քշիր, տար տունդ շինիր»։
Չնայած շատ ժամանակ է անցել, բայց այն լավ մարդու արած լավությունը չեմ մոռանա։ Ասա տեսնեմ ով կա նրա ժառանգությունից, ես նրա լավությունը հետ տամ»։
Ես ասացի այն, ինչ գիտեի Քիքի ամիցը և ասացի, որ ինչ ժառանգություն ունի տվյալ ժամանակաշրջանում։
Ապա ճանապարհվելու ժամանակ հայտնեցի, որ ես էլ նրա եղբոր թոռն եմ, այս հետիս սիրուն հարսն էլ իմ կինն է (ցույց տալով Արաքսուն), կրծքինն էլ իմ առաջին զավակն է՝ անունը Մարսել։
Այդ այն ժամանակ էր (1943թ․ աշնանը), երբ ես աշխատում էի Շամշադինի կուս․ ռայկոմում, որտեղ երեխան հիվանդացել էր (իբրև չոփ էր մնացել), տարել էինք Թովուզ կայարան, ոտքով էինք գալիս, առհասարակ մեքենաներ չկային, ամեն ինչ ռազմաճակատի համար էր գնում։
Մութը վրա էր հասել, բայց մենք շարունակում էինք մեր ճանապարհը, որպեսզի հասնենք տուն, սկսվեց քամախառն կարկուտ ու հորդ անձրև տեղալ և մենք ստիպված ապաստանեցինք նկարագրածս տանը, որտեղ բնակվում էին ծերունի Մեհրալին՝ տան տերը և իր երիտասարդ հարսը, որի ամուսինը շատերի նման գտնվում էր ռազմաճակատում, իսկ ծերունու կինը չկար, ըստ երևույթին մահացած էր։
Նրանք լավ հյուրասիրեցին մեզ, մաքուր տեղաշորով տեղ գցեցին, լամպն էլ վառած թողեցին, որ երեխային հետևենք ու իրենք պառկեցին դրսում՝ սրահի տակ դրված տախտակե թախտերի վրա։
Առավոտյան էլ հյուրընկալվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը ու կեսօրին հասանք Բերդ՝ մեր բնակատեղին։
Մարսելը շուտով առողջացավ։
Այդ մեծահասակ ադրբեջանցին չէր մոռացել Գրիգոր պապի արած լավությունը, չնայած այդ պահից մինչև 1943թ․ աշունն արդեն անցել էր 27 տարի։
Շատ ափսոս, որ կարճ ապրեց, ինչպես և կարճ ապրեց նրա հրաշալի շնորհք ու տղամարդու համարձակություն ունեցող կինը՝ ԱՆՈՒՇ նանը։
Գրիգորը վախճանվել է 57 տարեկան հասակում, իսկ կինը՝ 45 տարեկան հասակում։
Անուշը Գյանջայի (Գանձակի, այժմ Կիրովաբադ) գավառի Միրզիկ գյուղից էր, ունեցել է սլացիկ հասակ, գեղանի կառուցվածք, գեղեցիկ դեմք ու բնավորություն, բայց խանդոտ, եղել է համարձակ ռիսկի տեր, լավ հյուրասեր, անձամբ ոչխարը մորթում, մաշկում ու լավ ճաշ էր պատրաստում, խորոված անում, պատվով ճանապարհում իր ամուսնու օջախը եկած բոլոր հյուրերին։
Մահացել է հիվանդությունից՝ բժիշկ չլինելու պատճառով։
Ունի տապանաքար, թաղված է ամուսնու մոտ՝ գյուղի վերին մասի գերեզմանատանը՝ հենց մուտքի մոտ։
Տապանաքարի վրա գրված է․
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԻՐԶԻԿ ԳՅՈՒՂԱՑԻ ԱՎԱԳԻՄԻ
ԴՈՒՍՏՐԱ ԱՆՈՒՇԻ, ԿՈՂԱԿԻՑ ԳՐԻԳՈՐ ՏԵՐ ԳԸ-
ՐԻԳՈՐՅԱՆԻ 43 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵՑ
1915Թ․ ՀՈՒՆ․ 18-ԻՆ, ՈՎ ԿԱՐԴԱՔ ՏՎԵՔ ՈՂՈՐՄԻ
Գրիգորը, Անուշի մահից հետո ամուսնանում է Ղրղի գյուղացի Ուզունանց Օվսաննայի հետ, որից երեխա չի ունեցել, սա ևս բարի կին էր։
Գրիգորի մահից հետո ամուսնացավ Ավետիս Օրդյանի հետ, որից զավակներ ունեցավ։
Նա համարյա դժբախտ էր, տղան զոհվեց Հայրենական մեծ պատերազմում, ամուսինն էլ գյուղում ծեր հասակում վախճանվեց և այդ կինը մնաց միայնակ, որին թեթև հովանի էր խորթ տղա Ենոքը։
Այդ կինը մինչև մահ իր մայրական կապը պահպանում էր Գրիգորի ժառանգների հետ և առհասարակ Սավրունց տոհմասերունդների հետ։ Մենք՝ փոքրից մեծ, բոլորս նրան Անուշ նան էինք անվանում կամ Օվսան նան։
Գրիգոր պապը շատ կատակասեր է եղել։
Մի անգամ իրենց գլխավոր անտառապետի հետ Շալականց Հանեսի տանից գյուղամեջ գալու ժամանակ Օրդունց Չատի տան մոտ հանդիպում են Սաֆարանց Ղումաշ աքորը, որը նոր ամուսնացած գեղեցիկ հարս էր նրանց տանը։ Նա կուժն ուսած առվից ջուր էր բերում։
Ղումաշը մեր պապի քրոջ աղջիկն էր։
Գլխավոր լեսնիչը նկատելով նրան, հայիլ-մայիլ է լինում նրա գեղեցկությունից, գրավիչ աստղից ու դառնալով Գրիգոր պապին, ասում է «տեսնես էս ջեյրանը ում կինն է, էրնեկ նրան, որ մի անգամ կհամբյուրի»։
Գրիգոր պապը ասում է․ «ուզում ես հենց հիմա գնամ համբյուրեմ»։
Լեսնիչը ասում է չես կարող։
Պապն ասում է․ «արի մի թողլիով գրազ գանք, եթե համբյուրեցի հենց հիմա թողլին գյուղից գնում ես մորթում քեֆ ենք անում, գինին ինձանից։
Եթե չկարողացա համբյուրել, ես եմ գնում թողլին»։
Գրիգոր պապը անմիջապես իջնում է ձիուց, Ղումաշին կանգնեցնում և ականջին ասում․ «Այ իմ քրոջ աղջիկ, մեր մեծի հետ գրազ եմ բռնել մի թողլով, որ քեզ համբյուրեմ նա գնի, եթե ոչ՝ ես։
Ձայն չհանես, համբյուրում եմ»։
Ղումաշ աքիրը ծիծաղում է և ասում․ «Դու ով ես որ չթողեմ, քեռի ջան, երկու թուշիցս էլ համբյուրի գնա գրազը տար, հողեմ նրա գլուխը»։
Գրիգոր պապը համբյուրում է։
Լեսնիչը զարմանում է, որ այն հարսը չճչած, ձայն չհանեց, չիմանալով նրա բարեկամությունը պապի հետ։
Ստիպված գնում է թողլին և Գրիգոր պապի տանը ուտում, խմում, քեֆ են անում։
Գրիգորն ունեցել է հետևյալ զավակները՝ Լևոն, Գոհար, Միխայել, Ենոք, Մայան, Իվան։
Լևոնը մահացել է 1976թ․ 88 տարեկան հասակում, Մայանը՝ 1950թ․ 47 տարեկան հասակում, որն ամուսնացած էր Ղրղի գյուղի բնակիչ Անտոն
Դումանյանի հետ, ուներ երեք տղաներ՝ Հորիզոնը, Ալբերտը և Ռոբերթը։
Գոհարը մահացել է 1975թ․։
«ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ ԳՐԻԳՈՐ
ՍՏԵՓԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՎ․ 1865Թ․ ՄԱՀ․ 1922Թ․
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ, ԽՆԴՐԵՄ ԿԱՐԴԱՑՈՂԻՆ ՈՂՈՐՄԻ
ՏԱՔ։
Մյուս երեսին գրված է․
ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՅՐԻԿ ԱՓՍՈՍ
ՄԵԶՆԻՑ ՇՈՒՏ ՀԵՌԱՑԱՐ ԿՅԱՆՔԴ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ԹՈՂԵՑԻՐ ԵՐԵԽԱՆՑԴ ԱՆՄԽԻԹԱՐ, ՈՐՈՆՔ ՄԻՇՏ
ՑԱՎՈՒՄ ԵՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ»
Լևոն, Միքայել, Ենոք, Իվան»։