Ծնվել է մոտ 1850-52թթ. Ղալալու, այժմ Այգեձոր գյուղում։
Սրան մականվանում էին Քյասի, որը առ օրս էլ պահպանվում է և դեռ շատ դարեր կհիշվի այդ մականունով։
Քյասի մականունը առաջացել է իր պարծենկոտությունից, միշտ անմեղ տեղ հանդես էր գալիս ինքնահավան, իրեն գովելով, որ «Էլա քյաստում, բելա քյաստում»։
Քյաստում ադրբեջաներեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է «կտրում եմ»։
Նա հետաքրքիր մարդ է եղել և հատուկ իր բնավորությամբ ու գործունեությամբ։ Ունեցել է երկու կին։
Առաջինը եղել է Չինարի գյուղում այժմ ժառանգվող Առուստամյանների սերունդ՝ Թևան Առուստամյանի քույրը, որի մահանալուց հետո ամուսնացել է Պետրոսյանների՝ Նաշտարանց ճյուղի աղջիկ Աննմանի հետ։
Այդ եղել է այն ժամանակ, երբ Չինարին դեռ չէր առանձնացել Ղուլալվից, իսկ այս երկու գյուղերի վերջնական անջատումը կատարվել է 1890-ական թվերին, չնայած վարելահողեր մինչև 1930թ. խառն էին։ Առաջին կնոջից ունեցել է 2 տղա, երկրորդից՝ մեկ տղա, երկու աղջիկ։
Ինքը լավ որսկան է եղել, նա այնպես էր ըմբռնել գայլի, արջի և մյուս կենդանիների ձայնը, որ առանց որևէ շեղման կարողանում էր նույն նման ձայնով «խոսել» (ոռնալ, մրթմրթալ) նրանց բնի առջև, որ նրանք բնից դուրս էին գալիս, որից օգտվում էին որսկանները։
Ձմեռ ժամանակ նրան վարձում էին և հետները տանում էին որսկանները Մուրղուզ սարի ստորոտում գտնվող բնական և նախկինում եղած հանքահորերի անցքերում ձմեռող արջերին դուրս հանելու և որսալու համար, չնայած նրանք քուն մտած են լինում այդ սեզոնին։
Սաքոն շատ կնամոլ մարդ է եղել, երբ գյուղի իր հողերը հունձ գնալիս է եղել, կնոջը ստիպելիս է եղել, որ հետը գնա ծառի ստվերում նստի, թեկուզ անգործ, իսկ ինքը հունձ անի։
Մեր հորեղբայրներից շատերը հիշում են, որ նա կնոջ ճախարակը հետը տանում էր դաշտը, կինը ծառի տակ նստում թել էր մանում, ինքը հունձ էր անում, կես ժամը մեկ անգամ էլ հետ դառնում գալիս մոտը նստում մի քիչ զրույց անում, կամ ինչպես ինքն էր ասում «գալաջա» անում, էլի գործի անցնում։
Իր ուտելիքի նկատմամբ շատ սկզբունքային ու պահանջկոտ էր։
Ամառ ժամանակ նա երբեք բացի ցորեն հացից, այն էլ գլխավորապես «քաչալ» կոչվող ցորենից թխված հացից ուրիշ հաց չէր ուտի։ Մի անգամ իր քեռիլար՝ ղրղեցի Մխիթարյանները օգնության կարգով նրան հունձ անելու են տարել իրենց գյուղը, որ հաց ուտելու ժամանակ նկատել է, որ հացը ցորեն չէ, մանգաղը վերցրել է և սուս ու փուս ճանապարհ ընկել դեպի գյուղ։
Այդ նկատելով, քեռին խնդրել է, որ կես ժամ համբերի մինչև ինքը ձին նստի ու գնա ցորեն հաց բերի և նա լսել է քեռուն։
Նա գյուղում, կամ այլ տեղ իրեն մի քիչ դուր եկող հարս, կնոջ, քույր էր բռնում, չնայած ինքը քույրեր ուներ։
Նրանց նվեր էր տալիս, երբեմն հյուրասիրում, մեկ-մեկ էլ ծանոթանում, կապվում և …։
Մի անգամ Քարհատի բալանից՝ Տավարածանց Գոմերի առջևի հողերից, կանչում է Առվի թաղում ապրող ճուղուրանց ՀԵՐԻՔԻՆ (Հադրաբանին), թե այ իմ քիր, շուտ արա արի մեր այգին, տանձը քաղում եմ։
Նա շատ բարձր ձայնով է կանչում և շատերն են լսում նրա պահանջը։ Իրոք քիչ հետո տանձի տակն է գալիս «քույրը»։
Բայց պետք է հիշել, որ տանձը քաղելու ժամանակը դեռ շատ ուշ, մոտ մեկ ամիս հետո էր լինելու։ Գուբեռնատր պապը, լսելով այդ մասին, դիտողություն է արել. «Այ քեզ թաղեմ ուրիշ մահանա չգտա՞ր, տանձը քաղելը մահանա բռնեցիր, բա հիմա տանձ կքաղե՞ն…»։
Սաքոյի (Քյասիի) տղաները եղել են Դավիթը (1-ին կնոջից), Մամիկոնը (դարձյալ 1-ին կնոջից), իսկ Գրիքորը 2-րդ կնոջից։ Աղջիկները եղել են Վառին և Արշալույսը՝ Այգեձորում՝ Ջառահանց, Էրի ձորի Միխայելի հետ, երկուսն էլ զավակների ու թոռների մայր ու տատիկներ են։
Վառին Ղրղիի Ոսկանյանների հարսն է եղել։
Քյասին սիրտը մաքուր ու բարի նախանձ մարդ է եղել, աշխատասեր, դարբին արհեստավոր է եղել։
Մի անգամ Աղստաֆա կայարանում մի բարձրաստիճան հայ գեներալի ձի է պայտում և որակով ու լավ պայտելու համար նրանից մի ռուբլի ոսկեդրամ է ստանում՝ որպես վարձ և մինչև իր կյանքի վերջը այն որպես սրբություն ու հիշատակ չի ծախսել։
Նա ասելիս է եղել, որ այդ ստացել է Գեներալ ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎԻՑ, միշտ ցույց է տվել հարկ եղած դեպքում և պարծեցել, որ հայ մեծավորից նվեր է ստացել այդ ոսկեդրամը, քանի որ ձին պայտելու համար որպես վարձ իրեն հասնում էր 15-20 կոպեկ։
Չնայած Սաքոն աղքատ մարդ է եղել, բայց միշտ հարգված է եղել իր աշխատասիրությամբ, բարեկամությամբ ու ընկերասիրությամբ։
Միշտ ապրել է գյուղում ու վախճանվել գյուղում։
Իր գերեզմանը եղել է գյուղի կենտրոնի գերեզմանատանը, բայց այժմ հետք չկա նրանից, որովհետև այն քանդել են անխիղճ «նորարարները»։
Ենթադրվում է, որ նրա տապանաքարը ևս փշրել են։
Նա վախճանվել է 1912 թվին հիվանդության հետևանքով։
Կինը սպանվել է իր տղա Գրիգորի կողմից 1921թ։
Սաքոյի տապանաքարի վրա գրված է եղել.
ՍԱՔՈ (ՔՅԱՍԻ) ՍՏԵՓԱՆԻ ՏԵՐ
ԳՐԻԳՈՐՅԱՆՑ ՎԱԽՃԱՆՎԵՑԱՎ 1912 ԱՄԻՆ
ՈՎ ՀԱՆԴԻՊԵՔ ԱՍԵՔ ԱՆ ՈՂՈՐՄԻ…
ՔՅԱՍԻԻ (ՍԱՐԳՍԻ) ԿՆՈՋ ԱՆՆՄԱՆԻ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ՝ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԻՆ ՄԱՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԱՆՆՄԱՆԻ, ՈՐ
Է ԿԻՆ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ
ՎԱԽՃԱՆՎԵՑ 1921Թ. ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
56 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ
ՉԻ ԼԻՆԵԼ ԻՆՁ ՆՄԱՆ ԱՆԲԱԽՏ ՄԱՅՐ
ԻՄ ՈՐԴԻՆ ՀՐԱՑԱՆՈՎ ՎԵՐՋ ՏՎԱՎ
ԿՅԱՆՔԻՍ