Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (Ղուլալի, այժմ Այգեձոր) գյուղում, վախճանվել է 1922 թ. դեկտեմբերի 1-ին՝ ծերության հասակում:
Վանեսին մականվանել են «գուբեռնատր», որն ստացել է այն հանգամանքից, որ որպես ծառա բատրակություն է արել Գյանջայի գուբերնատորի տանը, իսկ երբ մի քանի տարուց հետո վերադարձել է գյուղ, այդ անունով են կոչել նրան և այժմ էլ հիշատակվում է նա այդ մականունով՝ Սավրունց Գուբեռնատոր, իսկ երբեմն էլ մեզ ասում են Գուբեռնատուրանց:
Ապրել է ծանր պայմաններում, իսկ հետո քիչ բարվոք:
Եղել է, ինչպես ժողովուրդն է ասում, Աթալար և օջախի մարդ, խորհրդատու, հավատարիմ, ազգասեր, հյուրասեր և շատ դեմոկրատ ու խաղաղ մարդ:
Նա սիրել է բնությունը, եղել է որսկան:
Հիշում եմ, որ նա ուներ երկու հատ «Ղարաքյոսով» տիպի հրացան, մեկը մեծ, մյուսը կարճ ու շատ գեղեցիկ:
Այդ հրացանները մինչև 1930թ. դեռ մնում էին նրա տան հետևի պատից կարպետի վրա կախված, մոտն էլ փայտից կերտված նախշազարդ վառոդամանը:
Բայց շատ ափսոս, որ դրանցից գոնե մեկը, որպես հազվագյուտ հուշ-մասունք այսօր չի մնում նրա ժառանգների մոտ:
Մեծ հրացանը հանձնվեց կառավարությանը, մյուսը գնեց մի գնչու:
Վանես պապս շատ աշխատասեր էր, հալալ քրտինքով ապրող, ուրիշի չի շահագործել և դեմ է եղել ամեն մի վատ արարքի, հատկապես գողության, խաբեության, կեղեքման ու անարդարացիության:
Նրա կինը՝ իմ հոր մայր Մագթաղը, եղել է Միրզանց Պողոսի աղջիկը, որը շատ խելոք ու խաղաղ կին էր, բարեկամասեր, նա ապրեց մինչև խոր ծերության հասակը:
Ծնվել է 1855 թ., վախճանվել է 1942 թվին՝ կարճատև հիվանդությունից հետո, թաղված է գյուղի վերին գերեզմանոցում, յուր ամուսնու և որդի Կարապետի մոտ:
Նա մահանալու օրը ուներ 8 զավակ, 35 թոռ և 56 ծոռ, ընդամենը 99 հոգի:
Իսկ քար (տապանաքար) դնելու տարում՝ 1962 թ. ուներ 8 զավակ, 35 թոռ, 92 ծոռ և 76 կուռ, ընդամենը 211 հոգի:
Վանեսն ունեցել է չորս տղա, չորս աղջիկ: Ըստ կարգի մեծից սկսած տղաներ՝ Կարապետ, Մակիչ, Ստեփան, Սմբաթ:
Աղջիկները՝ Ղումաշ, Սոֆի, Զանան, Թամամ: Իսկ ըստ սերնդի՝ Կարապետն ունեցել է երեք աղջիկ, երկու տղա:
Մակիչն ունեցել է երեք տղա, չորս աղջիկ: Ստեփանը՝ երկու աղջիկ, երկու տղա:
Սումբաթը՝ երեք տղա, մեկ աղջիկ: Ղումաշը՝ երեք տղա, երկու աղջիկ: Սոֆին՝ երեք տղա, աղջիկ չի ունեցել:
Զանանը՝ չորս տղա, մեկ աղջիկ: Թամամը՝ երկու տղա, երեք աղջիկ:
Վանես պապը կապված է եղել սարերի, բինաների հետ, լավ օրեր է անցկացրել այնտեղ:
«Հաճարկուտի» արևմտյան մասի վերին հողերը, «Հունուտ տախտի» վերին մասը, ներկայիս «Սավրունց թումբ» կոչվող վայրի հողերը, Գոմերի «պեխիի և զկեռուտի» հողերը պատկանում են Վանեսի մեծ տնտեսությանը:
Բինաներից՝ «Մեծ գոմերի» կամ ճղոպրուտի արևմտյան լանջի հողերը, «Վայիթը», ներքին Ղզղալայի մի մասը պատկանում էր Սավրունց, սակայն այդ բոլորով հանդերձ նրանք հողի և հացի կարիք էին զգում, հարկերն ու տուրքերը շատ էին:
Սավրունց ամենամեծ բինան «Տավարածանց գոմեր» կոչվող վայրն էր՝ գլխավորապես ձմռանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել Վանեսի ավագ որդի քաջ ու անվանի Կարապետն, այնտեղ էլ վախճանվել է 1921թ. օգոստոսին:
Սավրունք գյուղամիջի իրենց սկզբնական հիմնադրած բնակատեղին 1860-ական թվերին, Վանեսի գլխավորությամբ, թողեցին և տեղափոխվեցին ներկայիս իրենց հիմնադրված վայրը՝ Չատունց բալանի մյուս կողմի հողերը, որը պատկանում էր Երեմյաններին, նրանք իրենց համաձայնությամբ տնատեղեր տվին Սավրունց՝ տեղում (գյուղամիջում) թողնելով Տեր Երեմիայի ճյուղավորությանը:
Ինչպես նշել եմ՝ հետագայում ցրվել են տարբեր թաղամասեր, որը կատարվել է 1950-ական թթ.:
Վանեսը միջահասակ կազմվածք ուներ, առողջ կազմվածքով, գեղեցիկ ու աստղով մարդ էր:
Նա իմ պապն էր, ես նրան տեսել եմ չորս տարեկան հասակումս և հազիվ մի քանի բան եմ հիշում նրանից՝ մի անգամ նա հրացանով կրակեց մեր հայրական տան կալի ծայրից գետի ձախ ափի կողմը:
Թե որքանով է ճիշտ, ես չեմ պարզել, բայց մի թույլ բան մնացել է իմ մտապատկերում, որ իբրև նա կրակում էր այգիների վերին մասով դեպի անասուններ վազող գայլի վրա, երևի փախցնելու նպատակով, որովհետև այն ժամանակվա հրացանն այնքան պոտենցիալ չուներ:
Հենց նույն ժամանակ էլ հիշում եմ, որ սրահի , գուցե պատշգամբն էր ինձ սրահ թվացել, բուխարու օջախի առաջ գետնի վրա փռած էր մի մեծ արջի մորթի, ծայրերում ցցած փայտե բզեր՝ ձգած պահելու համար: Ինձ շատ գրավում էին արջի ճանկերը, որ կպած մնում էին կաշվի վրա:
Պապը արջի միս էր խորովում ու ինձ էլ տալիս, ուտում էի՝ ես իմ կյանքում միայն այդ անգամ եմ արջի միս կերել:
Նա ոսկորից փափուկ տեղերը պոկում էր ու հետո ինձ տալիս:
Իսկ տատիցս շատ և շատ բաներ եմ հիշում, որովհետև մինչև իմ քսանհինգ տարեկան դառնալս նա ապրել է:
Մենք ամբողջ ազգականներով՝ մեծ ու փոքրով, նրան ՄԵԾ ՆԱՆ էինք անվանում, փոքրերս «Մեզ նան» էինք ասում՝ չկարողանալով մեծ ասել:
Պապը ուներ երկար միրուք և նրա համեմատ մի քիչ կարճ ու չափավոր բեխեր:
Նա վախճանվեց կարճատև հիվանդանալուց հետո՝ նրա վրա շատ խոր ու ծանր ներգործություն էր ունեցել Կարապետի մահը, որին նա բոլորից շատ էր սիրում:
Նա իր տղաներին կանչեց հիվանդ ժամանակ և կտակի պես մի քանի խորհուրդներ տվեց.
«… Մրզանց հետ հարևանություն չանեք, նրանք շալակի ման եկող են և ծույլ:
Ապորանց հետ առևտուր չանեք, պարտք էլ չտաք՝ ետ տվողը չեն:
Չատունց հետ ընկերություն չանեք՝ հավատարիմ չեն: Ճաղարանց հետ էլ բարեկամություն չանեք՝ անկայուն են»:
Դեռ Կարապետի կենդանության ժամանակ մի օր էլ էլի կանչում է տղաներին և պատվիրում, որպես խորհուրդ.
«… Կարապետ, քո ճակատին գրված է չարքաշ ու հալալ աշխատանք, դու պետք է այդ ուղիով գնաս, գնա աշխատիր, ապրիր:
Մակիչ, դու էլ յադասեր ես, տունդ կշինես քո ազգականներից հեռու:
Ստեփան, դու էլ ուսում առ, ծառայող դարձիր:
Իսկ դու, Սումբաթ, չարքաշ ես, աշխարհես քիչ բան ես հասկանում, նսյա (ապառիկ) գործ և առևտուր չանես, չես կարողանալու պարտքդ հավաքես, երեսիցդ կակուղ ես, խորհուրդ եմ տալիս անասուններ էլ քիչ, քեզ գյորա պահես»:
Պատմում են, որ մի նոր տարի, շնորհավորելու նպատակով, Վանես պապի սանհեր Բաբունց Մոսեսը, թարմ ձուկ է եփում, խոնչայի մեջ դարսում ու գնում իր քավոր Սավրունց գուբեռնատորի տուն:
Դեռ տուն չհասած Վանեսի հարս Վարսենիկը պատրունին ասում է, որ սանհերը գալիս է, նա անմիջապես դուրս է գալիս դիմավորելու:
Երբ Մովսեսը բարի լույս է տալիս և պատասխանն ստանում, Վանեսը նրան կանգնեցնում է և հարցնում. «Խեր լինի էդ ուր ես գնում»:
Նա ասում է գալու նպատակը, Վանեսն ասում է. «Ես գողի քավոր լինել չեմ կարող , ետ տար քո բերած գինին ու սուփրով ծածկած մազեդ ու տար տուր նրան, ով գող է և նրան էլ պել (քավոր) բռնիր»:
Մովսեսը ճարահատյալ ետ է դառնում իր տուն:
Նոր տարուց քսան օր առաջ Մովսեսը մեկ հատ այծ է գողացած լինում, որի համար, որպես պատիժ, այծի մորթին հագցնում են նրան, երեսը մուր քսում, էշի վրա հակառակ դիրքի նստեցնում ու գյուղի մի ծայրից տանում մյուս ծայրը՝ ծաղր ու ծանակի ենթարկելով:
Հենց այդ պատճառով էր, որ Գուբեռնատորը հրաժարվեց ընդմիշտ նրան քավոր լինելուց:
Պապի սիրած խոսքերն են եղել՝ Այ գյադալար, Այ բալամ և այլն:
Նա բարձր էր գնահատում ազնիվ մարդկանց և ասում էր. «Ինչու մարդու փափախը (գլխարկը) հազար մանեթ (ռուբլի) չարժե, որ ամեն գյադա չկարողանա գլխին դնել»:
Կանանց էլ ասում էր, որ ամեն կին չպետք է լաչակ (գլխաշոր) գցի գլխին, ով արժանի չէ դրան:
Նա դեռ վաղուց, նախքան հեղափոխության հաղթանակը, Հայաստանում, պաշտոնական կարգով ընտրված էր դատավորի տեղապահ խորհրդատու (Դոբրոսովետ), որը հաշտարարություն էր պաշտպանում:
Մի սով տարի նրան, որպես գուբեռնատրի հետ ծանոթ, գյուղացիները խնդրում են, որ գնա և ցորեն հայթհայթի նրա միջոցով:
Փողի մեծ մասը տրամադրում է Ապորանց կաղ Վանեսը, մնացածը հավաքում են ունեցող գյուղացիներից:
Վանես Ապերյանը վաշխառու էր, պայման արին հացահատիկը բերելուց հետո նրա փողը վերադարձնել իրեն:
Գուբեռնատոր Վանեսը գնում է Գյանջա, տեսնում, որ Գուբեռնատորը մահացել է, կինը ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս (նրանք այնտեղի հարուստ հայերից էին), այդետեղից գնում է Թիֆլիս, գտնում կնոջը, պատմում գալու նպատակի մասին, ստանում դրական պատասխան և գալիս գյուղ, վերցնում երեսունից քառասուն ձիեր, մարդիկ, գնում ցորեն բերում հասցնում գյուղ, բայց մի ձիու ոտքը վիրավորելու պատճառով ինքը Աղդամ մոտիկ գյուղում ուշանում է:
Երբ ուրիշ ձի են տանում փոխարինում, Վանեսը գալիս է տեսնում Ապորանց վաշխառուն բավականին ցորեն է թաքցրել, մի քանիսի էլ տվել:
Չնայած որոշված է եղել, որ բերողը պետք է գա հաշվեկշիռը պարզի, հետո ըստ ծխի, հանձնաժողովով բաժանի:
Գալուց հետո վեճի են բռնվում, որը վերջանում է ծեծկռտոցով:
Գուբեռնատորը, իր համագյուղացի և այդ գործին օգնող Ջառահանց Առաքելի հետ միասին, լավ ծեծում են կաղ Վանեսին և բերած ցորենն ու ալյուրը բաժանում ժողովրդին:
Երբ նրանից խլում են սեփականացրած ալյուրը, նա և՛ լացում է, և՛ բղավում. «Գուբեռնատուրը փողս կերավ, ինձ էլ ծեծեց»:
Այդ օրից առհավետ գուբեռնատուր մականունը կնքվում է Վանես Ստեփանի Տեր Գրիգորյանի վրա:
Այդ օրվանից շատ դեպքերում Վանեսի փոխարեն նրան ասում են
գուբեռնատր, նա էլ դրանից չի խորշում:
ՎՃարում են նաև Վանեսից վերցրած դրամը:
Մի ուղղում նշեմ. Վանեսը ոչ թե ձիեր Է Թիֆլիս տարել, այլ 16 հատ ուղտ, միայն Աղդամում հոգնած մնացած ուղտի բեռը տեղափոխելու համար են ձի տարել:
Վանեսի դին հանգչում է գյուղի վերին՝ արևմտյան կողմի, հանգստարանում, որի վրա դրված տապանաքարի վրա գրված է.
«ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԱՐ-
ԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԱՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ ՏԵՐ ԳՐԻ-
ԳՈՐՅԱՆԸ ՎԱԽՃԱՆՎԵՑ 1922Թ. ԴԵԿՏԵՄԲԵ-
ՐԻ 1-ԻՆ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ