Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու գյուղում՝ քահանայի ընտանիքում:
Երիտասարդ ժամանակից, մի կտոր հաց վաստակելու համար, տեղափոխվել է Գյանջա (այժմ Կիրովական) և մինչև կյանքի վերջը ապրել է այնտեղ, այնտեղ էլ թաղված է:
Իր կնոջ հետ միասին նա կարողացել է տուն-տեղ ստեղծել:
Ունեցել է երկու տղա Գրիշա (Գրիգոր) և Միշա անուններով, ու մի աղջիկ՝ անունը Արմենուհի:
Ծնվել է 1861 թվին և վախճանվել է 1916 թվին:
Կնոջ անունը եղել է Մինախանում, մահացել է 1950 թվին, թաղված է ամուսնու մոտ՝ Թազա-շենի (Կիրովաբադի) մեծ գերեզմանատանը:
Նրանց ավագ որդին՝ Գրիշան, որ մի շատ ազնիվ ու ռիսկով, քաջակորով ու բարի անձ էր, զոհվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում:
Մյուս տղան՝ Միշան դարձյալ մասնակցել է պատերազմին, վիրավորվել ու վերադարձել հայրենի օջախ, սակայն վերքից կրկին բորբոքում է ստացել և 1949 թ. մահացել Կիրովաբադում: Ողորմի նրանց, վառ հիշենք բոլորին:
Թե՛ Գրիշան և թե՛ Միշան երիտասարդ հասակում զոհվեցին՝ դեռ չամուսնացած, առանց ժառանգություն թողնելու օջախի համար: Գրիշան ուներ ոչ լրիվ միջնակարգ կրթություն, աշխատում էր որպես մերձքաղաքային կոլխոզի կրպակի վարիչ, ուտող-խմող, քեֆ սիրող ուրախ տղա էր:
Ես առաջին անգամ նրանց ճանաչեցի իմ հարգարժան Իվան ամու միջոցով՝ 1938թ., երբ սովորում էի Կիրովաբադի Ինտերնացիոնալ Մանկավարժական Տեխնիկումում:
Այս բոլորը, որ գրում եմ, ականատես եմ եղել անձամբ:
Միշան ուներ միջնակարգ մասնագիտական կրթություն, աշխատում էր որպես էլեկտրոմոնտյոր:
Արմենուհին ուներ բարձրագույն կրթություն՝ Ֆիզմատի ֆակուլտետն է ավարտել Երևանում, աշխատել է Կիրովաբադ քաղաքի 12-րդ դպրոցում, ամուսնացած է Այգեձոր գյուղացի ուսուցիչ Միխայիլ Գաբրիելի Դավթյանի հետ, բայց սա էլ չբեր է, զավակ չունի իրենից:
Ուղղակի դժբախտություն այդ լավագույն օջախի համար՝ ոչ ինքը, ոչ եղբայրները ժառանգ չունեցան:
Այսպիսով կտրվեց օջախի ծուխը և որպես Սավրունց մի տուն կարճվեց շղթայից:
Հարկավոր է շատ զավակներ ունենալ:
Արշակի տունը գտնվում էր քաղաքի «Միջին մեյդան» կոչվող վայրում, այժմյան Պուշկինի փողոցի վրա՝ դեպի գետի կողմը՝ փողոցի ներքին շարում:
Առայժմ մենք Արմիկին համարում ենք օջախի ներկայացուցիչ:
Համեստ, խելացի, քեֆ սիրող, լավ պարող անձնավորուհի է, սակայն կոպիտ է՝ գնալ-գալ չունի, մինչև չես հրավիրում:
Ես նրանց տուն գնում էի Իվան ամու հետ՝ հանգստյան օրերին:
Մինախանումը այդ օրերին տանը հատուկ հաց էր թխում, իսկ Գրիշան և Միշան պարտադիր կարգով բերում էին օձաձուկ, եփում, վրան էլ քացախ ցրցամ տալիս, գինի ու օղի դնում սեղանին ու մի լավ քեֆ անում մեզ հետ միասին, մեր պատվին, որից հետո նստում, զրույցներ անում և երանի տալիս այն օրվան, որ մի անգամ ազգականների հետ նման ուրախ սեղան կնստեն ու իրար կճանաչեն:
Սակայն ավաղ… այդ օրը չհասավ: Ճակատագիրը հեռու տարավ այդ վառվռուն ազգակից երիտասարդներին:
Ընդմիշտ հիշենք և հիշեք նրանց:
Արմենուհին էլ անհայտ կկորչեր, եթե ԵՍ չորոնեի նրան 15-20 տարի հետո այն օրվանից, որ կտրվել էր կապը նրանց հետ:
Մեր ազգական Բաբկեն Իսակովիչը, որպես դերձակ աշխատում էր Կիրովաբադում, գնացի նրան վերցրի և միասին մեկնեցինք ու շատ հաջող ու խորհրդավոր կարգով, վատ պայմաններում գտանք նրան:
Նա սկզբում, չճանաչելով մեզ, խիստ վախի ազդեցության տակ, հրաժարվեց մեզ ընդունել որպես ազգական, բայց երբ ես ամեն ինչ պատմեցի և համոզեցի, որ արյունակից ենք, դու մեր քույրն ես և շատ տեղեկություններ ասացի, նա համոզվեց այդ հարցում:
Մենք մի-մի բաժակ կոնյակ խմեցինք՝ շոկոլադով, ու հուսադրելով նրան, որ կօգնենք գալու մեզ մոտ՝ Այգեձորում բնակվելու համար և հաջողություն մաղթելով բաժանվեցինք:
Կարճ ժամանակից հետո նա այցի եկավ, իսկ նրա ամուսնության գործը հաջողեցրեց Ենոք ամին:
Այսպիսով էլ նա անհայտ չմնաց իր տոհմազգակիցներին:
Այժմ նա մեր գյուղումն է ապրում և աշխատում է միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի: Ցանկանանք, որ մի զավակ ունենա և գլխատված չթողնի հայրական ժառանգությունը: