Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (Այգեձոր) գյուղում մոտավորապես 1780 թվին գյուղի նշանավոր քահանա Տեր Հովհաննեսի տանը։ Հանդիսանում է Ղուլալիում հիմնադրված Սավրունց տոհմի 3-րդ սերնդի ներկայացուցիչ։
Սա յուր ժամանակաշրջանի աչքի ընկած, քաջ ու համարձակ ռիսկով մարդկանցից ամենաակնառուն էր։ Եղել է խիստ անվախ ու իր ասածի տերը, շատ շատերն էին սարսափում նրանցից, այդ թվում նաև յուրայինները։ Ժողովուրդը սրան անվանել է «Օձ Քիքի՝ Գրիգոր» երբեմն էլ «Օձ տերտեր»։
Ավանդաբար մեզ հասած այդ մականունը նա ստացել է իր անաչառ ու սառը բնավորության համար։ Սակայն նա որքան չար է եղել, այնքան էլ բարի է եղել և ավելին։ Նա չար է եղել չար մարդկանց, վատ մարդկանց նկատմամբ, դեմ է եղել անարդարությանը, ստին, չարին ու վատ երևույթներին։
Ինքը ոչ միայն հոգևորական գործն է տնօրինել ու պաշտոնավորել, այլև եղել է չափազանց աշխատասեր ու չարքաշ մի գեղջուկ, գիշեր ցերեկ աշխատել է՝ հող է մշակել, անտառահատում է կատարել հող ձեռք բերելու համար, որս է արել, պահել անասուններ, ունեցել է համախմբված ընտանիք և մեծ բարեկամություն ու լայն շրջապատ։
Նրա մասին մինչև այժմ էլ ավանդական հիշողություններ են մնում մեր ժամանակակիցների մոտ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։
Այսպես օրինակ թե´ մեր տոհմի երկարակյացների, և թե´ համագյուղացի ծերունի մարդիկ ասում էին, որ անցած ժամանակներում Ախնջի գետը խիստ վարարած ժամանակ Օձ Քիքին՝ Սավրունց տերտերը, ձին նստում է և կյանքը վտանգի ենթարկելով անցնում գետը, այն բանի համար, որ գետի ձախ ափով անցնող մահմեդական բեկի անասունները, որ քոչով սար էին տեղափոխում դաշտային բնակավայրերից, լցվել էին գյուղի այգիները և ամեն ինչ տրորում էին ու արածում։
Սակայն դեռ գետի կեսը չհասած, հորդացած ջուրը գլորում է նրան ու ձիուց անջատում, բայց նա իրեն չի կորցնում, առանց ձիու լողալով անցնում է, ձին էլ իր հերթին է լողում ու նրանք դուրս են գալիս։
Գրիգորը թրջված վիճակով հասնում է քոչվորներին ու մահակածեծ անելով դուրս քշում թե անասուններին և թե նախրապաններին ու մի քանիսի էլ խիստ ծեծի ենթարկում։ Իմիջայլոց նշենք, որ այդ ժամանակ ներկայիս «Սուլթանի բաղ»-երի բարձրության հավասարով էր հոսում գետը և նրա ափերն այսքան անդնդախոր չէին։
Այդ մասին ինձ պատմել է նաև իմ հոր մայրը՝ իմ տատը, որին մեր ողջ ազգությունը «Մեծ նան» էր կոչում։
Նա ասում էր, որ երբ ինքը 12 տարեկան է եղել, ամառ ժամանակ, երբ գետը խիստ բարակում էր, փեշերքը վեր քաշած Սուլթանի բաղերից ուղիղ անցել է ներկայիս Արսենանց Գեղամի բաղերը՝ իր մոր հետ միասին։
Իմանալով Տեր Գրիգորի բնավորությունը, մի գյուղացի բարձրաձայն կանչում ու խնդրում է, որ մեղմ վարվի, որ իրեն այդ հովիվներից մեկը ծանոթ է, լավ չէ, որ «դոստին դոստի» մոտ ծեծեն, սակայն մեկ ուրիշը նրան խիստ կշտամբում է, որ «Աղերսանքդ անտեղի է։
Նա բեգի մարդկանց հասկացնում է, որ չփորձեն դիմադրել, դա Օձ Քիքին է, բոլորիդ փայտով կկոտորի, լավ է լուռ քշել նախիրն ու հեռանալ, մի որոշ բան էլ վճարեք»։ Այդպես էլ վարվում են։
Մի դեպքի մասին էլ պատմեց ինձ Չինարի գյուղի բնակիչ 75 ամյա Մովսես Ջուլհակյանը. (նրա տատը եղել է Տեր Գրիգորի աղջիկը)։
Երբ նրան ամուսնացնում էին, սովորության համաձայն հարսնեղբայրը փեսայի տան շեմքում ոտքը մեխում է և թույլ չի տալիս ներս մտնի, մինչև իրեն մի լավ նվեր չտան և հարսի ոտքի տակ մի գավաթ չդնեն։ Երբ փեսայի մակառները փորձում են ուժով հրել նրանց՝ դեպի բնակարան՝ հարսանքատուն, հարսը իրեն ծածկած չարսավի (մարմառի) տակից բարձրաձայն գոչում է. «Հեյ տղաներ, «Օձը» որ իմանա ձեզ սրի կքաշի»։
Այդ լսելով բոլորը սառած մնում են կանգնած։
Տան տերը կատարում է հարսնեղբոր պահանջները ու ներս տանում նորահարսին»։
Ընթերցողը կասի ինչ կա դրա մեջ, որ հիշատակել ենք։
Պետք է լավ իմանալ, որ տվյալ ժամանակաշրջանում դա շատ խիստ ամոթ բան էր պսակվողի և նրա հարազատների համար ու արգելված, որ հարսը կամ կին արարածը նման միջավայրում բացեիբաց բարձրաձայն խոսի, երեսը բացի մինչև մի քանի տարին։
Դրանք խիստ ամոթ ու անհարգի երևույթներ էին։
Այդ երևույթը զարմանք է պատճառում բոլորին։
Այդ նորահարսը, որի անունը Խանում էր, նման քայլի դիմեց հոր ահից և հույսով, ինքնամոռաց գտավ եղբորն ու իրեն օգնելու նման ելք, իսկ Գրիգորին ճանաչողները հասկացան ու արեցին այն, ինչ սովորություն էր, օրենքացած էր ու պարտադիր բոլորի համար։
Չենթադրել թե Խանումը երես առած էր և այլն, ընդհակառակը՝ համեստ ու խելացի էր, չուզեց այդ պահին քահանա հոր պատիվը ոտնահարվի։ Նրանից են սերվել 19-րդ դարի Ջուլհականց տոհմի սերունդները։
Տեր Գրիգորը եղել է ոչ միայն քահանա, այլև աշխարհիկ մարդ, կրթված ու բարի, գործունյա ու մարտական, ունեցել է պարթև հասակ և ֆիզիկական գեղեցիկ, ուժեղ կազմվածք։
Որպես քահանա մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Մեր նախնիներից մեզ հասած տեղեկություններից հայտնի է դառնում, որ նա ապրել է մինչև 65-70 տարեկան հասակը և վախճանվել է՝ ըստ տապանաքարի վրայի արձանագրվածի՝ 1847 թվին և թաղված է Ս.Հռիփսիմե եկեղեցու գերեզմանատանը, յուր տոհմակիցների և ծնողների շարքում։
Վրան գցված է Եկեղեցաձորի սպիտակ քարից պատրաստված տապանաքար, որի վրա գրված է.
«ՏՐ ԳՐԻԳՈՐ ՏՐ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ 1847 թ.»։
Շիրիմաքարը դագաղաձև է և բարձր։ Նրա վրա գրված է ՏՐ Գրիգոր ՏՐ Վանեսեան։
Տեր Գրիգորն ունեցել է շատ անասուններ, որը նախքան մահանալը բաժանել է իր զավակներին և խաղաղ հեռացել այս լույս աշխարհից։
Տեր Գրիգորի կինը եղել է Բլումանց (Ղասունց) աղջիկ , և որքան մեզ հայտնի է ունեցել է աղջիկներ, բայց մեկի մասին միայն որոշ տեղեկություններ կան, դա նրա ավագ դուստրն է՝ ԽԱՆՈւՄ անունով, որն ամուսնացած է եղել Ջուլհականց Չատիի հետ, որից սերված են այժմյան Ջուլհակյանների մի զգալի ճյուղավորություն՝ Չինարիում և Այգեձորում։
Մինչև օրս էլ նրանից սերված Ջուլհակյանները Սավրունց համարում են իրենց քեռիները, հատկապես ջերմ բարեկամություն էին անում Առաքել, Մարտիրոս և Մովսես Ջուլհակյանները, որոնք նույնը ավանդ են թողել իրենց ժառանգներին:
Ի միջայլոց նա եղել է լավ քեֆ անող, ուտող, խմող, ճարպիկ, աշխատասեր, բարեկամասեր, ազգասեր, ընկերասեր ու ազդեցիկ անձնավորություն, միաժամանակ, իր չար բնավորությանը հակառակ, եղել է բարի և խղճով մարդ։
Իր, նման բարի հատկանիշի շնորհիվ, ունեցել է բարձր հեղինակություն, որի վառ վկայությունն է մինչև օրս նրան հիշելը՝ սերնդեսերունդ՝ թե´ մեր տոհմակիցների և թե´ գյուղի ժողովրդի մեջ։
Թող հավերժ փառք լինի նրան և իր հավերժության գիրկն անցած մեծ գերդաստանին։
Մեր տոհմը մինչև Տեր Գրիգորն էլ ազգանվանվել է Տեր Գրիգորյան, բայց ավելի հաստատորեն նրա մահից հետո է շարունակվել այդ ազգանունը՝ մինչև 1930-ական թվերը, որից հետո՝ գրվել ենք Գրիգորյան, առանց գործածելու «Տեր» մասնիկը։
Այդ տեղի է ունեցել հասարակարգի փոփոխման և հոգևոր դասի վերացման պատճառով, մի տեսակ էլ վախ են զգացնել տվել վերադասից։ Սակայն մեր մեծերը և նրանց կրթված մասը չպետք է նման սխալ թույլ տային, պետք է ազգանունը երբեք չփոխվի ու մնա այն անունով, որ եկել է դարերի խորքից։
Տեր Գրիգորն ունեցել է երեք տղա և աղջիկներ, որոնցից հայտնի է Ստեփանի, Տ. Երեմիայի և Խանումի անունները, իսկ մյուսներինը անհայտ է։ Տ. Գրիգորի մյուս ժառանգներն էլ եղել են բազմանդամ ընտանիքի տեր, բայց գրավոր փաստ չկա:
Տեր Գրիգորը քաջ հայտնի է նաև Հայաստանի ազատագրության և Ռուսաստանի հետ միավորվելու համար տեղի ունեցած 1804-1813թթ. և 1826-1828թթ. Ռուս-Պարսկական պատերազմում ցուցաբերած քաջագործություններով:
Նա եղել է Եպիսկոպոս Գրիգոր Մանուչարյանի կամավորական աշխարհազորային ջոկատի աչքի ընկած հարյուրապետներից մեկը, սղնախի ակտիվ կազմակերպիչ հրամանատար և համարձակ ու քաջ կռվող, ջերմ կողմնակից մեծ Ռուսիայի հետ միավորվելուն:
Այդ մասին գրված է իմ ՝ Արտակ Կ. Գրիգորյանի (1978թ.), հեղինակությամբ հրատարակված «ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՋՈԿԱՏԸ» վերնագրով գրքույկում (նաև կավկազկայա սբորնիկում):
Նրա դին հանգչում է Այգեձոր գյուղի, իր հայրենի օրրանի, Սուրբ Հռիփսիմե հնագույն եկեղեցու մոտի գերեզմանոցի հարավ արևելյան կողմում՝ տոհմակիցների մոտ, որի տապանաքարի վրա գրված է. (Տապանաքարը դագաղաձև է, Վերին Եկեղեցաձորի սպիտակ քարհանքից բերված):
ՏՐ ԳՐԻԳՈՐ ՏՐ ՎԱՆԵՍԵԱՆ 1847 ԱՄԻ |