Ծնվել է 1842 թ. Ղուլալի գյուղում, մահացել է 1916թ.:
Եղել է ժամանակի կրթված մարդկանցից մեկը՝ ուսում է առել, դարձել տիրացու, աշխատել և հասել քահանայի աստիճանի, սակայն հոգևոր բարձր օրգանը և գյուղի ժողովուրդը նրան չի հաստատել որպես քահանա, այն պատճառով, որ նրա կինը եղել է ընկնավոր:
Ականատեսները պատմում են, որ նա ունեցել է շատ ներդաշնակ ու չտեսնված դուրեկան ձայն, լավ երգել է իմացել:
Կինը եղել է Օրդունց Սարգսի քույրը (Ամալովի հորաքույրը), անունը եղել է Հուռում:
Արսենը թաղված է գյուղամեջի գերեզմանոցում, բայց հողաքար չունի:
Ունեցել է երեք տղա, երկու աղջիկ՝ Մառի, Մագթաղ անուններով, իսկ տղաները՝ Գրիգոր, Սաքո և Երեմիա՝ վերջինս անզավակ մահացել է:
Սաքոն ապրել է Գյանջայում, ունեցել է զավակներ, որոնցից մեկի անունը դրել է Գրիգոր:
Արսենի Գրիգորն ապրել է գյուղում, ունեցել է երկու տղա՝ Գեղամ և Հակոբ անուններով, Հակոբը զոհվել է 1941-1945 թթ Հայրենական պատերազմում, եղել է ամուրի:
Գրիգորի կինը եղել է ճաղարանց Բեգի աղջիկ Ազիզը:
Սա ամուսնու մահից հետո տան վրա բերել է մի տնփեսա Իսակ անունով, նա ղարաբաղցի է եղել, որը պատահական կարգով ռազմաճակատից 1920 թ. տուն վերադառնալու ժամանակ եղել է մեր գյուղում և միացել այդ կնոջ հետ, ունեցել է երկու աղջիկ և մեկ տղա՝ Սամվել անունով, որը մահացել է գյուղում 30-32 տարեկան հասակում:
Աղջիկներից Գեղեցիկն ամուսնացած է Կարմիրի շրջանում, իսկ Աղավնիկը՝ Այգեձորցի Հակոբ Տ. Դալլաքյանի հետ:
Իսակը զոհվել է հայրենական պատերազմում:
Գեղամն ունի 4 տղա, 4 աղջիկ, որոնցից երեք աղջիկը երկրորդ կին Լուսիկից (Ղրղիի ծնունդ), առաջին կինն էլ եղել է նույն գյուղից՝ անունը Սաթենիկ:
Տղաներն են՝ Ռազմիկը, Հրանտը, Էդիկը և Վոլոդյան, բոլորն էլ ամուսնացած են և ունեն զավակներ:
Գրիգորից սկսած մինչև այժմյան սերունդը ազգանվանվում են Երեմյան:
Կա նաև Երեմյան ուրիշ ազգանուն, որը ոչ մի կապ չունի նրանց հետ:
Գեղամի մեծ աղջկա անունը Ալվարդ է: Առաջին կինը մահացել է 1960 թվին: Գեղամը ծնվել է 1909թ. :
Երեմյանների ճյուղը հետամնաց են բոլոր բնագավառներով, ոչ մեկը պապերին չի նմանվել, կիսագրագետ են, շատ հարցերում անկարող, բայց աշխատող են, սատանայություն, խորամանկություն չունեն, ինչպես ասում են դուզյախա մարդիկ են, կապված հողի հետ:
Գեղամն անգամ դժվարանում է փողի ամենահասարակ հաշվելը, առևտուր անելը խանութից, էլ չեմ ասում շուկայից, որ բոլորովին անկարող է:
Ինքը և ժառանգները միջահասակ կազմվածք ունեն: