Ծնվել է մոտավորապես 1816թ., վախճանվել է 1888 թվին՝ Ղալալու (Ղուլալի-այժմ Այգեձոր) գյուղում քահանայի ընտանիքում:
Կինը եղել է Ղրղի գյուղացի Մխիթարանց Սոսի քույրը, որի անունը եղել է ԹԱԳՈՒՀԻՐ (ծնվել է մոտավոր 1822թ., վախճանվել է 1895թ.):
Կնոջից, իր հոր տատից, կա հիշողություն մեզ հասած, որ նա նորահարս ժամանակ, չիմանալով, տունն ավլելուց առաջ ջրի փոխարեն տան հատակին ջրցան է արել օղի, որը հողե սափորի (թունգի) մեջ լցված դրված է եղել պուճախում:
Դա պատահական չի եղել, քանի որ ղրղեցիները սովորություն չեն ունեցել օղի թորելու, ուստի Թագուհիրը ստուգման անհրաժեշտություն չի ունեցել, և որպես ջուր է համարել ու ցանել հատակին: Այդ հարցում խիստ նեղանալ ու դժգոհություն չի եղել որևէ մեկի կողմից, նրան հասկացրել են և նա էլ նման բան թույլ չի տվել:
Ստեփանը եղել է հասակով ու դեմքով գեղեցիկ, որպիսին հիշում են իր թոռներ Ստեփանը, Մակիչը և մյուսները, շատ պարծենկոտ, վատնող, շռայլող, ուտող, խմող, բայց ոչինչ չաշխատող է եղել:
Հոր ժառանգած հողերը, այգիները, անասունները համարյա լրիվ էժան էժանագին, նույնիսկ խաթրի կողմնակի մարդկանց վրա վաճառել է և կերել:
Այդ աստիճանաբար վատնելուց հետո, կյանքի վերջին տարիներին, խիստ աղքատացել է:
Չնայած դրան, նա իր պարծենկոտությունը շարունակել է մինչև մահ, և երբ մի անգամ սար գնալիս է եղել, եղբայրը ետևից կանչել է «Ախպեր, Խուրջինը թայսըզ չթողես, աղն ու յուղը իրար թայ կանես» / ծաղրել է, բայց նա նման բաների վրա ուշադրություն չէր դարձնում:
Նա ամենից շատ պարծենալիս է եղել իր մանիշակա-նարնջագույն նժույգներով, սիրում էր նստել և հպարտ քշել:
Այժմյան Գոմեր թաղամասի մոտ գտնվող «Թամարի-Թոմարի ցաքուտ» և «Միջնակ» կոչվող հողերը վաճառել է ընդամենը մեկ հատ սարու այծով և մեկ մեղրահացով:
Նրա կակալը 4-5 տարուց ավելի ծղոտոտ չի տեսել, պատմում էին թոռները, ոչ ցանում էր, ոչ հնձում, եղած անասուններից ծախում էր յոլա գնում:
Գետափի (թավի) հողերը նույնպես մի այծով վաճառել է:
Բնավորությամբ շատախոս է եղել, ամեն բանի մեջ խառնվել է, իր կարծիքը ասել՝ մեծ մասամբ դրական խորհուրդներով, խաղաղություն է սիրել, ինքը ոչ մեկի հետ չի կռվել:
Եղել է անշառ մարդ:
Սրա ավագ տղա Վանեսը («Գուբեռնատորը») հոր գերեզմանի վրա տապանաքար չի գցել զուտ նրա համար, որ նա դառն աղքատության մեջ թողեց իր ընտանիքը կյանքի վերջում, հետո մահացավ:
Նա իր ծույլ եռանդի և թույլ բնավորության հետևանքով էր այդ երբեմնի հարուստ հոր թողածը, ընտանիքը հասցրել այդ աստիճանի:
Նրա և կնոջ դիերը թաղված են «Եկեղեցու բալան» կոչվող գերեզմանատանը :
Տր. Գրիգորի տղա Ստեփանն ունեցել է տասը զավակ՝ Հարություն, Վանես (գուբ.), Սաքո (Քյասի), Ալեքսան, Գրիգոր, Շահնազ, Թելլու, Աննման, Մագթաղ, Ազիզ:
Հարությունը զավակ չի ունեցել, եղել է ամուլ (չոր):
Շահնազն ամուսնացած է եղել Ղարախանց Գրիգորի (Փանի) հետ, Թելլուն Երմիանց (ճյուղ ծռնվերանց)՝ Շամի կինն է եղել, Աննմանը Բաբաքյոխվյան Վարթևանի հետ է ամուսնացել, Մագթաղը Բիլունց Գրիգորի հետ, Ազիզը Ոսկանանց Խաչատուրի կամ Չատի հետ (Չնարիում):