Շամշադին Այգեձոր

Անվանում
Մինչև 1939 թ.-ի մայիսի 4-ը կոչվել է Ղուլալի։
Այսօր այգեձորցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղուլալի անունը ծագել է օտարազգի զավթիչներ Ղուլի և Ալի եղբայրների անունների միացումից։
Կա նաև երկրորդ և առավել արժանահավատ վարկածը։
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը համընկել է Ախնջի և Տավուշ գետերի հովիտների գյուղերի տեր ու տնօրեն սուլթան Նասիբի կառավարած ժամանակահատվածին․ Նասիբը նորաստեղծ գյուղը որպես սեփականություն շնորհել է իր ծառա Ալուն, և վերջինիս անունով էլ կոչվել է Ղուլալի, այն է՝ ծառա Ալի (ղուլ՝ պարսկերեն ծառա)։

Աշխարհագրություն
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 900-650 մ,միջինը՝ 780 մ։
Ախինջա գետը կամ ինչպես տեղացիներն են անվանում Ախնջին գյուղը բաժանում է երկու մասի։
Ռելիեֆում աչքի են ընկնում քարագագաթները և խոր ձորերը։
Գյուղի արևելյան և հարավային մասերը անտառապատ են։

Պատմություն
Ներկայիս Այգեձորի տեղակայման վայրում հայկական բնակատեղի է եղել սկսած մ.թ. 5-րդ դարից, ինչի մասին է վկայում գյուղի տարածքում գտնվող կիսավեր Սուրբ Հռիփսիմե վանքը։
Այգեձորը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ՝ անտառապատ սարերով, ձորերով, առվակներով ու աղբյուրներով։

Հայաստանի պատմական Ուտիք գավառի Տավուշի մարզի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Ախնջի գետի գեղատեսիլ հովտում է հիմնադրվել Այգեձոր գյուղը։
1895 թվականին Բաքվում լույս տեսած Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում նշված է, որ 1890-ական թթ Ղուլալին ունեցել է 114 ծուխ, արական սեռի 742, իգական 601, ընդամենը՝ 1343 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Փառիսոս քաղաքից։
Կարիելի է ենթադրել որ հիշյալ տվյալները կրել են զուտ վիճակագրական բնույթ և անհրաժեշտ են եղել հարկերի գանձման, զորակոչի, այլևայլ հարցերի համար։

Բնակչություն
Այգեձորի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1873 1914 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 910 1147 1036 1437 1678 2455 2375 1990 2833 2701 2491

Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Գյուղի մոտակայքում գործում է պահածոների՝ Էկոգարդեն գործարանը։

Օգտակար հանածոներ
Այգեձորի մոտ հայտնաբերվել են գրանիտի և մարմարի հանքավայրեր։

Պատմամշակութային կառույցներ
Այգեձորի տարածքում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (5-19 դարեր), իսկ արևմտյան մասում՝ «Խզնաքար» (10-12 դարեր) և «Երգեվանք» (10-13 դարեր) ամրոցները, «Էրի ձոր» գյուղատեղին (10-17 դարեր)։
Գյուղից 3 կմ արևելքում է գտնվում «Կարմիր Արեգունի» ամրոցը (վաղ միջնադար), 2 կմ հարավ-արևմուտքում՝ «Հայգրնի» դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։